image

Ամերիկյան բանտերում գտնվող հայ երիտասարդները կարող էին հայոց բանակում լինել. բանտային տեսուչ

Ամերիկյան բանտերում գտնվող հայ երիտասարդները կարող էին հայոց բանակում լինել. բանտային տեսուչ

Ամերիկյան 11 բանտի հոգևոր տեսուչ, հայազգի Պետրոս Հաջյանն ասում է, որ մեծ է ամերիկյան բանտերում գտնվող հայերի թիվը: Ամերիկահայերի, հայաստանցիների և այլ երկրներից ԱՄՆ գնացած և ինչ-ինչ հարցերով բանտերում հայտնված հայերի թվի մասին խոսելուց, ամերիկահայ կազակերպությունները սովորաբար նշում են 1998 թվականին հրապարակված  մի թիվ` 7000, սակայն Պետրոս Հաջյանն ասում է, որ այդ տվյալը հին է, և ամերիկյան բանտերում  այսօր 10000-ից ավելի հայ կա: «Չգիտես ինչու հայ եկեղեցականներն ավելի քիչ թվեր են տարածում, թերևս նրա համար, որ պարտավորություն չստանձնեն գործ ունենալ բանտարկյալների հետ»,-«Արեւելքի» հետ զրույցում ասաց բանտային հոգևոր հովիվը: Նա նշեց, որ ինքը փորձել է համագործակցել հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի հետ, որպեսզի նրանք էլ իրենց մասնակցությունն ունենան հատկապես հայ  բանտարկյալների հետ տարվող աշխատանքում, սակայն ջանքերն ապարդյուն են եղել: «Հայկական եկեղեցին մի հովիվ էր նշանակել բանտերում, բայց ինչ-ինչ սխալներ թույլ տալու պատճառով հանվեց այդ գործից»,-ասաց մեր զրուցակիցը:

Այն տարածված կարծիքը, թե ամերիկյան բանտերում գտնվող հայերի մեծ մասը հայաստանցիներ են, հերքեց մեր զրուցակիցը, նշելով, որ հայ բանտարկյալների մեծ մասը իրանահայեր են, որոնք բանտերում են հայտնվել հիմնականում թմրանյութի հետ կապված գործերով, շատ են նաև լիբանանահայերն ու ամերիկահայերը, իսկ ամենաքիչը, ըստ մեր զրուցակցի, սիրիահայ բանտարկյալներն են: Ըստ Պետրոս Հաջյանի, հայ բանտարկյալները իրենց պատիժը կրում են հիմնականում White-collar crime-ի շրջանակներում` թմրանյութի ապօրինի շրջանառման, փաստաթղթեր կեղծելու, իրենց կանանց վրա բռնություն գործադրելու, գողության և այլ հարցերով:

Պետրոս Հաջյանը, որ ամերիկյան բանտերում սոցիալական ու հոգևոր ծառայություն է կատարում սկսած 1994-ից, սկզբում միայն հայ բանտարկյալների հետ է աշխատել, իսկ այսօր`արդեն առանց ազգության բոլոր բանտարկյալների հետ էլ գործ է ունենում: Նա Աստվածաշունչն է քարոզում բանտերում, խորհուրդներ է տալիս բանտերում գտնվող  հուսահատներին,  ինչպես նշեց, իր զրույցների ընթացքում փորձում է նրանց մեջ արթնացնել հոգևոր արժեքներ, խիղճ, սրտացավություն և այլ զգացումներ:

Պետրոս Հաջյանը նշում է, որ բանտերում սովորաբար իշխում է ռասսայական խտրականությունը, ինչը չի կարող   խնդիրներ չառաջացնել: «Հոգևոր զրույցները, մարդկային արժանիքների մասին քարոզներն ու  պատգամներն ուղղված են նման խնդիրները հաղթահարելուն, և այդ առումով շատ լավ արդյունքներ ունենք»,-նշում է մեր զրուցակիցը:   

Ըստ նրա, մեծ ողբերգություն կա այն հանգամանքի մեջ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ հայաստանցիներ «վազեցին» դեպ ԱՄՆ, առանց իմանալու, թե ուր են գնում: «Ոչ բոլորը կարողացան հաղթահարել դժվարությունները, շատերը մշակութային շոկ ապրեցին, անհաջողություններ ունեցան:  «Թե' հայրենի իշխանությունները, թե' ամերիկահայ կազմակերպությունները պետք է մտածեն այս հարցի շուրջ, կասեցնեն արտագաղթը: Ամերիկյան բանտերում գտնվող հայ երիտասարդները կարող էին հայոց բանակում լինել»: