image

Ազգությամբ հայ Ջո Հոկեյը հունվարին կնշանակվի Միացյալ Նահանգներում Ավստրալիայի դեսպան

Ազգությամբ հայ Ջո Հոկեյը հունվարին կնշանակվի Միացյալ Նահանգներում Ավստրալիայի դեսպան

Ավստրալիայում հայտնի է դարձել ԱՄՆ-ում այդ երկրի նոր դեսպանի անունը: Ազգությամբ հայ Ջո Հոկեյի թեկնածությունը հաստատել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը: Այս մասին  «Հայերն այսօր»-ը  տեղեկացել է ABC-ից:

 Կայքը հիշեցնում է, որ մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը Ջո Հոկեյը 2 տարի շարունակ զբաղեցրել է Ավստրալիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Ավստրալական քաղաքական դաշտում հայազգի նախարարը հայտնի է իր տնտեսագիտական բարձր գիտելիքներով և  գործուն ամերիկյան կապերով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  «Հայերն այսօրը»,  դեկտեմբերի 4-ին Սիդնեյի Միրամար ճաշասրահում տեղի ունեցած Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարեկան ճաշկերույթի ժամանակ Ջո Հոկեյը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Ջո Հոկեյի հայրն ազգությամբ հայ  Ռիչարդ Հոկեյդոնյանն է, իսկ մայրն ավստրալուհի է: