image

«Այսօրվա Ռուսաստանը հայերին և Ցեղասպանության խնդիրը պատանդ է դիտում իր քաղաքական ծրագրերում»

«Այսօրվա Ռուսաստանը հայերին և Ցեղասպանության խնդիրը պատանդ է դիտում իր քաղաքական ծրագրերում»

Օրերս ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մամուլում մտահոգություն էր հայտնել, որ ռուսական փորձագետներն ու պետական այրերը ջանք չեն խնայում ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս ճգնաժամի ֆոնին ցուցադրել հայկական ողբերգության նկատմամբ ռուսական քաղաքական մարդասիրությունը: Ըստ Հրանուշ Խառատյանի,  այդ նույն փորձագետները  սիրալիր անհամբերությամբ հայ հանրությանը խրախուսում են իրենց մարդասիրությամբ և արդարամտությամբ հիանալու, «միանալու» և երախտապարտ պատրաստակամությամբ դրա «առաջին ճակատում»  շարվելու: 

«Արեւելքի» հետ զրույցում ազգագրագետն ասաց, որ  եթե ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանն այսօր հայերին «հիշեցնում» է» Ցեղասպանության հետևանքները և դրա դեմ պայքարելու է մղում իր այսօրվա հակաթուրքական կեցվածքի շրջանակներում, ապա անհրաժեշտ է նրան հիշեցնել, որ իր «իրավանախորդ» ԽՍՀՄ-ը, այդ թվում` հայ և ռուս բոլշևիկները, ամեն ինչ անում էին Ցեղասպանությունից փախստական թուրքահայերին ջարդելու, նվազեցնելու, աքսորելու, Հայաստանում նոսրացնելու, և, ի վերջո, Ցեղասպանության հիշողությունը հնազանդեցնելու և լռեցնելու: «1949թ. հայկական մեծ բռնաքսորը ողջ Կովկասի տարածքից,  ուղղված էր գլխավորապես «նախկին թուրքահպատակներին», հենց այդպես էլ գրված էր աքսորման որոշման մեջ: Նախկին թուրքահպատակները, բնականաբար, թուրքահայերն էին: Այսինքն, այսօրվա Ռուսաստանը հայերին և Ցեղասպանության խնդիրը պատանդ է դիտում իր քաղաքական ծրագրերում և փորձում է օգտագործել դիպվածով՝ որպես իր ընթացքի քաղաքականության լուծումների միջոց: Եւ Հայաստանի բոլշևիկյան իշխանությունները հլու հպատակ ենթակա էին այդ ծրագրերին»:

Ըստ Հրանուշ Խառատյանի ԽՍՀՄ 1930 թթ.-ի ռեպրեսիաները նույնպես ուղղված էին գլխավորապես թուրքահայ փախստականների դեմ: Նա նշեց, որ պատմաբան Արտաշես Կարինյանը դեռևս  1924ին մի հոդված է տպագրել, որը կարելի է համարել այդ գործընթացի սկիզբ: Հոդվածը վերնագրված է   «Պետք է վերջ տալ հայության հավաքմանը Հայաստանում և 300.000 արևմտահայ գաղթականությանը ցրել Ռուսաստանում» վերնագրով,   որում հեղինակն իր մտահոգությունն է հայտնել խնդրի շուրջ և  ուղիներ առաջարկել: 

«Հետագա ռեպրեսիվ գործողությունների ընթացքում ԽՍՀՄ-ին հաջողվեց զսպված պահել Ցեղասպանության խնդիրը թե' գիտական, թե' հանրային միջավայրում: Իսկ հիմա փորձում է «արտոնել» Ցեղասպանության «հիշողությունը»՝ իր ընթացիկ քաղաքականությունը կառուցելով նաև դրա վրա»,-ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: