image

Պոլսո պատրիարքության ընտրված տեղապահին համոզում են հրաժարվել

Պոլսո պատրիարքության ընտրված տեղապահին համոզում են հրաժարվել

Ստամբուլից տեղեկանում ենք, որ Պոլսո Հայոց պատրիարքական ընտրված տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը Գերմանիայից Ստամբուլ է վերադարձել, սակայն չի գիշերել պատրիարքարանում, ինչպես հայտարարել է: Չնայած պատրիարքարանում նրա համար բնակվելու հարմարություններ էին ստեղծվել, սակայն Պոլսո «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ ընտրյալ տեղապահը գիշերել է պոլսահայ Թորոս Աբիկի բնակարանում: Թերթը տեղեկացնում է նաև պոլսահայ համայնքում ստեղծված նոր իրավիճակի մասին: Համայնքի հայտնի դեմքերից համայնքում «խոսք ունեցող» գործիչ Պետրոս Շիրինօղլուն հրապարակայնորեն կոչ է ուղղել ընտրված տեղապահին՝ հրաժարվել ընտված պաշտոնից պատճառաբանելով՝ քանի որ թուրքական իշխանությունները մինչեւ նոր պատրիարքի ընտրվելը իբրեւ հայկական կողմի միակ պաշտոնյա ընդունում են Արամ արք. Աթեշյանին, ապա պատրիարքական ընտրության գործընթացն ամենաառողջ ձեւով հնարավոր է առաջ տանել միայն այդ պայմաններում: «Սրտաբացորեն պետք է ընդունել այս հանգամանքը եւ մնացյալ բոլոր խնդիրները պետք է լուծել՝ առանց վիրավորելու որեւէ կազմակերպության կամ անձի»,-ասել է Պետրոս Շիրինօղլուն։ Նա նշել է, որ կոչն ուղղում է ցավով, բայց վստահ է, որ Գարեգին արք. Բեքչյանը կգնա այդ զոհողությանը, որպեսզի հայկական համայնքի եւ թուրքական պետության միջեւ հակասություններ չառաջանան:

Այսօր Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպում է տեղի ունենալու ընտրված տեղապահ Գարեգին արք. Բեքչյանի եւ պատրիարքական ընդհանուր փոխանորդի աթոռը զիջել չցանկացող Արամ արք. Աթեշյանի միջեւ: Բեքչյանը հայտնել է, որ հանդիպումից մեծ սպասելիքներ ունի: Հիշեցնենք, որ մինչեւ այսօր նա էր Արամ արք. Աթեշյանին կոչ անում հրաժարվել, իսկ թե ինչ պայմանավորվածություն ձեռք կբերեն նրանք այսօրվա հանդիպման ժամանակ, հայտնի կդառնա ավելի ուշ: 

Ի դեպ, տեղապահի պաշտոնը Ստամբուլում ստանձնելու համար  Գարեգին արք. Բեքչյանը Գերմանիայում, որտեղ հայկական համայնքի հոգեւոր առաջնորդն է, իր փոխանորդ է նշանակել Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանին: