image

Իմ պարտքն է պաշտպանել մեր գիւղը. Աղաւնոյի գիւղապետ

Իմ  պարտքն է  պաշտպանել  մեր գիւղը. Աղաւնոյի գիւղապետ

Որեւէ ատրպէյճանցի երբեք չի մտներ այս գիւղ, մենք կ'աշխատինք բնականոն հունով, եւ Աղաւնօ կը վերադառնան գիւղի բնակիչները: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է Քաշաթաղի շրջանի Աղաւնօ համայնքի ղեկավար, հայրենադարձ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չաւուշեանը՝ անդրադառնալով գիւղի կարգավիճակին, հետագայ ընելիքներուն եւ յետպատերազմեան իրավիճակին:


-Պատերազմի ընթացքում կամ պատերազմից յետոյ ատրպէյճիներ այցելե՞լ են գիւղ:

Ոչ, չեն կարող եւ երբեք չի լինի այդպիսի բան, եթէ որեւէ մէկը համարձակուի մտնել գիւղ, ապա ես նրա գլուխը քարով կը ջարդեմ: Ես ակրեսիւ (թշնամական) չեմ տրամադրուած, իմ պարտքն է պաշտպանել գիւղը: Չեն եղել դէպքեր եւ եթէ անգամ լինեն, ինձ լուրերով կը տեսնէք, որ մարդասպանութեան համար կա՛մ ձերբակալուել եմ, կա՛մ էլ ինձ սպանել են, այլ տարբերակներ չկան, մենք խաղաղասէր մարդիկ ենք, բայց երբ իրավիճակը այսպիսին է, այլ տարբերակներ չկան:

 

 -Յետպատերազմեան ժամանակաշրջանում քանի՞ բնակիչ է վերադարձել գիւղ:

Այս պահին մենք ունենք մօտ 90 բնակիչ, միւս բնակիչները եւս ասում են՝ գալու են ետ գիւղ: Եթէ բնակիչներից ոմանք անգամ ետ չգան, միշտ էլ հող մշակողին, գործ անողին տուն պէտք է, որն ունենք եւ պատրաստ ենք տրամադրել, մարդիկ գնահատում են իրենց հայրենիքը, եւ ես՝ որպէս համայնքապետ, քիչ թէ շատ վստահ եմ՝ վերադառնալու են: Մարդիկ ետ են գալու, իսկ ես՝ որպէս համայնքապետ, ասում եմ, որ հայրենիքը հիւրանոց չէ, որ լաւ պայմաններում մերն է, վատ պայմաններում թողնենք հայրենիքն ու գնանք:

 

-Ի՞նչ աշխատանքներ են տարւում գիւղում, ինչպիսի՞ կարգավիճակ է հիմա Աղաւնոյում: Գործու՞մ է արդեօք դպրոցը, հիւանդանոցը:

Հիմա մենք աշխատում ենք մեր առօրեայով, աշխատում ենք բաւականին կառուցողական, ունենք շատ հետագայ ծրագրեր, այս պահին փորձում ենք բուժկէտային հատուած ունենալ եւ յատկացրել ենք երկու սենեակ, բայց հիւանդանոց չկայ: Հիմա նաեւ նորմալ հունով գործում է դպրոցը, ունենք նոր 0 դասարանի համար ծրագիր, մանկապարտէզի կարգավիճակ ունի այդ դասարանը, նաեւ այդ ամէնին կից վերանորոգւում է խաղահրապարակը, որպէսզի բարւոք պայմաններ լինեն դպրոցահասակ երեխաների համար:

 

-Իսկ անհրաժեշտութեան դէպքում որտե՞ղ են դիմում գիւղացիները, եթէ հիւանդանոց չկայ:

Մենք գիւղի առողջ մարդիկ ենք եւ հիւանդանոցի կարիք չունենք, չենք հիւանդանում (ծիծաղում է), բայց անհրաժեշտութեան դէպքում բնակիչները գնում են Կորիս կամ Ստեփանակերտ:

 

- Դեկտեմբերի դրութեամբ գիւղում յղի կին կար, այս պահի դրութեամբ քանի՞ երեխայ է լոյս աշխարհ եկել:

2 երեխայ է ծնուել, ճիշդ է՝ ոչ գիւղում, բայց նրանք Աղաւնոյից են, գիւղի երեխաներ են, հաւանաբար Եղեգնաձորում են ծնուել կամ Երեւանում, բայց միեւնոյն է՝ երեխաները Աղաւնոյից են:

 

-Ի՞նչ են ասում Արցախի կամ Հայաստանի կառավարութիւնները գիւղի կարգավիճակի մասին:

Ինչ պէտք է ասեն, ոչինչ էլ չեն ասում, ոչ մի արձագանգ էլ չկայ: Ես էլ առանձնապէս չեմ ուզում խօսել այդ մարդկանց հետ, ես ինքս գիտեմ, որ մենք մնում ենք եւ դրանից աւել որեւէ բան չեմ ուզում լսել, եթէ ինձ ասեն՝ վեր կաց եւ գնայ, նրանք երբեք դա չեն տեսնի, այս գիւղը իմ պատասխանատւութեան տակ է, ես չեմ թողնի այն, չեմ սպասի, որ որեւէ մարմին ինձ զանգի եւ ասի՝ լքիր գիւղը: