image

Մեծ հայրենասերի հիշատակին

Մեծ հայրենասերի հիշատակին

Հայաստանի մայրաքաղաք Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում հառնել է մի գերարդիական դպրոցական շենք՝ ԱՀԱԸ հովանու ներքո գործող Ավետիսյան դպրոցը: Անցե՛ք այդ շենքի լուսավոր միջանցքներով, բարձրացե՛ք երրորդ հարկ և բա՛ց արեք Ստամբուլի «Ակօս» երկլեզու թերթի համահիմնադիր, խմբագիր և հրատարակիչ Հրանտ Դինքի անունը կրող լսարանի դուռը: Լուսավոր սենյակի բոլոր կողմերից հյուրընկալ տանտիրոջ նման ձեզ կդիմավորի հավերժի ճամփորդ Հրանտ Դինքը՝ անմահացած իր գիտակցական կյանքի տարբեր պահերն ու իրավիճակները պատկերող մեծադիր լուսանկարներում, իր մասին տարբեր լեզուներով արված հրապարակումներով: Եվ ամեն կողմից՝ լավատեսի ժպիտով, ճշմարիտ ուղով քայլող մարդու շիտակ հայացքով:

Հրանտ Դինքի անունը կրող լսարանի հանդիսավոր բացումը համընկավ Ավետիսյան ավագ դպրոցի առաջին շրջանավարտների հրաժեշտի հանդիսության հետ: 2017 թվական, հունիսի 23: Բեմում 18 տասներկուերորդցիներն են: Օրվա բանախոսն է հատուկ այդ առիթով Երևան հրավիրված Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը: Եվ հենց ինքն էլ կտրում է Դինքի լսարանի կարմիր ժապավենն ու առաջինը մտնում սրահ…


IMG 0502

 

Այդ օրվանից Ավետիսյան դպրոցի այս լսարանը ծառայում է մի գերագույն նպատակի. մեր աշակերտների, մեր շրջանավարտների միջոցով վառ պահել հանուն ճշմարտության և հայոց արդար դատի մարտիրոսված մեծ հայրենասերի հիշատակը, աշխարհին պատմել խիզախ հայորդու մասին, որ կոչ էր անում «հայ-թուրքական հարաբերությունները դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից», ով իր խիզախ հրապարակումներում, հոդվածներում և ելույթներում մշտապես բարձրացնում  էր Հայոց ցեղասպանության հարցը, նաև խոսում Թուրքիայում խոսքի ազատության անհրաժեշտության մասին, բարձրաձայնում լռության մատնված կամ արգելված շատ թեմաներ:


IMG 0516

 

Ամբողջ աշխարհին է հայտնի, որ Հրանտ Դինքը թանկ վճարեց իր անզիջում պայքարի համար: 2007 հունվարի 19-ին նա սպանվեց իր խմբագրատան առջև: Դինքի մահով, սակայն, է՛լ ավելի պարարտացավ նրա պայքարի հողը, որի ակոսներում ծլարձակեցին բազմահազար սերմեր: Իր կյանքի գնով Դինքը փոխեց Թուրքիան: Նրա մահվան հաջորդ օրը հազարավոր թուրքեր և հայեր մոմերով, ծաղիկներով ու նրա լուսանկարներով դուրս եկան փողոց՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսով, հաջորդեցին բազմահազարանոց ցույցերը: Սպանությունից հետո Հրանտ Դինքը դարձավ ազատության խորհրդանիշ իր իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած յուրաքանչյուր մարդու համար:


IMG 0539

 

Դինքի գործը շարունակվում է նաև Ավետիսյան դպրոցում: Նրա անունը կրող լսարանում պարբերաբար անցկացվում են հայրենասիրության դասեր, հանդիպումներ, քննարկումներ, և մեր շրջանավարտներն իրենց հետ կյանք են տանում Հրանտ Դինքի գաղափարներն ու ոգին:

 

Մելանյա Գեղամյան
Ավետիսյան դպրոցի տնօրեն, մ.գ.թ.