
Ան ծնունդով Մարտունիի շրջանի Շեխեր գիւղէն է, որ այս պատերազմի ընթացքին անցաւ Ատրպէյճանի վերահսկողութեան տակ։
«Պատերազմի օրերուն եղել եմ նոյն գումարտակի հրամանատարը։ Սկսել եմ Շեխեր գիւղից, այնուհետեւ տարբեր ուղղութիւններով. եկել ենք Կարմիր Շուկայ, այդտեղ մեզ խոցել է հակառակորդը, 3 թանկ տեղում խփել ենք, տեղափոխուել ենք նորից մեր կեդրոնացման շրջանի մօտ, 2 օր անց եկել ենք Շոշ գիւղ, այդտեղից նոյեմբերի 1-ին բարձրացել ենք դէպի Չանախչի, Սղնախ, մասնակցել ենք այդտեղի հիմնական գործողութիւններին։ Նոյեմբերի 8-ին իմ հաշուարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել, մօտ 80 կրակոց եմ կատարել թանկից»,- պատմած է փոխգնդապետը։
Սահակ Աւշարեան պատմած է նաեւ, որ 9 նոյեմբերի առաւօտեան հակառակորդը փորձած է թիրախաւորել իրենց։
«Ամսի 9-ի երեկոյեան բարձրացանք այլ ուղղութեամբ, սկսեցին ուրիշ զէնքերից կրակել, շուտ թանկը իջեցնում եմ թաքստոց, մենք այլ ուղղութեամբ իջնում ենք ներքեւ, երբ ցանկանում էինք վերադառնալ թանկը նորոգելու, ողկուզային ռումբերից հարուածներ սկսեցին հասցնել մեր ուղղութեամբ։ Երեք հրադադարի ժամանակ էլ պայմանաւորուածից մի քանի ժամ առաջ ամբողջ հզօրութեամբ կրակում էին, նոյեմբերի 9-ին էլ էր այդպէս, ինչ ունէին՝ ամբողջը «լցրեցին» Շոշ գիւղի մէջ, մենք այդ գիւղում էինք։ Հրադադարին չէինք հաւատում, որովհետեւ նախորդները չէին պահպանւում։ Ուրախ չէինք, ուզում էինք յաղթած լինել, տխուր էինք»,- ըսած է ան։
Հարցին՝ արդեօք պատրաստուա՞ծ էր իրենց գումարտակը, Աւշարեանն ըսած է, որ պատերազմէն մօտ 1,5 ամիս առաջ Տիգրանակերտի մէջ մեծ զօրավարժութեան մասնակցած է, հասկցած է, որ բանակը պատրաստ է. «Ես կարծում եմ՝ հնարաւոր էր եւ կը յաղթէինք այս պատերազմում։ Կարծում եմ՝ հակառակորդի ԱԹՍ-ները եւ գերճշգրիտ զէնքերը շատ էին, եթէ գոնէ ԱԹՍ-ները չլինէին, կը յաղթէինք»։
Աւշարեանն ըսած է, որ գումարտակէն 4 նշանառու զոհուած է. «Գումարտակիս «գլխին եմ եղել», դրա շնորհիւ էլ քիչ զոհ ենք տուել։ Այս պահին շարունակում եմ ծառայութիւնս, ինչ դժուար տեղ լինի՝ պատրաստ եմ։ Իմ հայրենիքն է, իմ հողն է, դեռ մի գուցէ կարողանանք իմ գիւղն էլ ետ վերցնել»։
Լուրը՝ NEWS.am-էն





















