Ծնունդով լիբանանահայ, ամերիկաբնակ պատմաբան եւ հետազոտող, դոկտոր Խաչիկ Մուրադյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանի հայկական եւ վրացական հավաքածուների ղեկավար՝ հույժ կարեւոր այդ աշխատանքում փոխարինելով դոկտոր Լեւոն Ավդոյանին, որ երկար տարիներ մեծ աշխատանք է տարել այդ հավաքածուները ձեւավորելու եւ դրանք Կոնգրեսի գրադարանի ընթերցողներին ու համայն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ: Հավաքածուն ընդգրկում է տասնյակ հազարավոր սկզբնաղբյուրներ, պատմական գրքեր եւ փաստաթղթեր, այս թվում՝ հայոց ցեղասպանության մասին նյութեր:
Խաչիկ Մուրադյանը Նյո Յորքի Կոլոմբիա համալսարանի դասախոս է, նա շարունակելու է դասավանդել, իսկ Մուրադյանի գիրքը՝ «The Resistance network. The Armenian Genocide and humanitarianism in Ottoman Syria, 1915-1918» խորագրով, լույս է տեսել բոլորովին վերջերս՝ ԱՄՆ-ում: