
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Աւինեանի որոշմամբ՝ իր գրասենեակի աշխատողները հոկտեմբեր ամսուան համար պարգեւավճար ստացած են: Որոշման մէջ նշուած է.
«Ղեկավարուելով «Պետական պաշտօններ եւ պետական ծառայութեան պաշտօններ զբաղեցնող անձանց վարձատրութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 6-րդ յօդուածի 6-րդ մասով եւ «Հանրային ծառայութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 9-րդ յօդուածի 23-րդ մասով՝
Հոկտեմբեր ամսուայ ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգեւատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Աւինեանի գրասենեակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետութեան 2020 թուականի պետական պիւտճէով նախատեսուած վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր եւ յաւելավճարներ» յօդուածի միջոցների հաշուոյն՝ համաձայն յաւելուածի»:
Փոխվարչապետի մամուլի խօսնակ Վահան Յունանեանը աւելի ուշ իր դիմատետրեան էջին մէջ պարզաբանում ներկայացուցած է՝ նշելով․
«Հոկտեմբեր ամսուայ ընթացքում պարգեւավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Աւինեանի գրասենեակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնուել են Արցախում եւ անմիջականօրէն ներգրաւուած են եղել ռազմական գործողութիւնների հետ կապուած աշխատանքներում եւ հրազէնային վիրաւորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:
Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատութիւնում»։




















