image

Կահիրեի «Յակուբյան» շենքի բնակիչներն են իրականացրել եգիպտական հեղափոխությունը. Ամերիկյան ամսագիր

Կահիրեի  «Յակուբյան» շենքի բնակիչներն են իրականացրել եգիպտական հեղափոխությունը. Ամերիկյան ամսագիր

Այսօր եգիպտացի ժամանակակից ու  ինքնատիպ գրողներից մեկի՝ Ալաա ալ-Ասուանիի ծննդյան օրն է: Նա մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից հայ ընթերցողին ծանոթ է հայերեն թարգմանված «Յակուբյան շենքը» վեպը, որ ժամանակին մեծ աղմուկ է հանել Եգիպտոսում և առհասարակ՝ արաբական աշխարհում: Գրաքննադատներն ասում են, որ արաբ գրողի գիրքը երկու մասի էր բաժանել Եգիպտոսը. երիտասարդներն ու ազատ մտածողությամբ եգիպտացիները ոգևորությամբ էին ընդունել Ալաա ալ-Ասուանիի այս գիրքը, որ թարմ շունչ էր տարածել երկրում, կար նաև մի մեծ զանգված, որ անթույլատրելի էր համարում գրքում նկարագրված բաց տեսարաններն ու եգիպտական հասարակության համար անընդունելի երևույթները, ազատության անսպասելի ձգտումը: Ոմանք նկատել են, որ Ալաա ալ-Ասուանիի գրականությունը ներշնչված է իսպանական գրականությունից: Գրողը իսպանական գրականություն է ուսումնասիրել Մադրիդում: 

Իսկ իրադարձությունները, որ նկարագրվում են «Յակուբյան շենքը» գրքում,  տեղի են ունենում 1930-ականներին Եգիպտոսի միլիոնատերերից մեկը եղած   հայ Հակոբ Յակուբյանի կառուցած շենքում, որն այսօր էլ կանգուն է, և որի վրա լատինատառից բացի  նաև արաբերենով գրված է նրա ազգանունը՝ («Բինայաթ Յաղգուպյան» -խմբ.Յակուբյան շենք):   Այդ շենքում, բազմաթիվ գրասենյակների և արհեստանոցների շարքում  ատամնաբուժարան ունի նաև  Ալաա ալ-Ասուանին, որ իր հիմնական մասնագիտությամբ ատամնաբույժ է, այսօր էլ աշխատում է որպես ատամնաբույժ և ազատ ժամերին ստեղծագործում:  Բեսթսելլեր է եղել ոչ միայն  «Յակուբյան շենքը»,  նաև՝  գրողի  «Չիկագո» վեպը, որտեղ նկարագրում է Չիկագոյում ապրած իր տարիները: 

«Յակուբյան շենքը» թարգմանվել է 30-ից ավելի լեզուներով։ 2006 թ. վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն գեղարվեստական ֆիլմ՝ եգիպտական կինոյի համար աննախադեպ բյուջեով՝ 20 միլիոն եգիպտական ֆունտ (3 ու կես միլիոն ԱՄՆ դոլար)։ 2007 թ. Եգիպտոսում նկարահանվել է նույնանուն հեռուստասերիալ, որը ցուցադրվել է արաբական 20-ից ավելի երկրների հեռուստաալիքներով: 

Ալաա ալ-Ասուանին նաև քաղաքական ակտիվիստ է: Տեսակետներ կան, որ եգիպտական հեղափոխության համար փողոց դուրս եկած մարդկանց մեծ մասը ոգեշնչվել է  Ալաա ալ-Ասուանիի գրքերից: Գրողը ինքն էլ խոստովանել է, որ  2011-ի  հեղափոխության օրերին փողոցում մարդիկ մոտենում էին իրեն և ասում, որ կարդացել են գիրքը և ոգեշնչվել:

Ամերիկյան Foreign Policy  ամսագիրը  գրել է, որ եգիպտական հեղափոխությունը Կահիրեի Թահրիր հրապարակում իրականացրել են «Յակուբյան» շենքում բնակվող և աշխատող տարբեր խավերի պատկանող եգիպտացիները, որոնք այդ շենքում տեսել են ամեն ինչ և փողոց  դուրս եկել: Ամսագիրը շենքի կյանքը համարել է Եգիպտոսի ճշգրիտ մանրապատկերը, որում սիրո, նվիրումի, աշխատասիրության ու ազնվության կողքին բարգավաճում են ահաբեկչությունը, կաշառակերությունը, դավաճանությունը: 

 

Ալաա ալ-Ասուանիի անունը ընդրկրկված է  աշխարհի 500 ամենաազդեցիկ մուսուլմանների և 2011-ի աշխարհի 100 մեծ մտածողների շարքում: 

Այսօր Ալաա ալ-Ասուանին դարձավ 63 տարեկան: Նա շարունակում է ստեղծագործել: 

 

 


«Յակուբյան» շենքը

 

 

 


«Անտարես» հրատարակչությունը 2002-ին «Օտարագիր գրողներ» մատենաշարով թարգմանել և լույս է ընծայել Ալաա ալ-Ասուանիի նշանավոր գիրքը