image

Արուսյակ Թյուրաբյանի ողբերգական մահվանն անդրադարձել է ամերիկյան մամուլը

Արուսյակ Թյուրաբյանի ողբերգական մահվանն անդրադարձել է ամերիկյան մամուլը

Սփյուռքահայ հայտնի թարգմանիչ, երաժիշտ, գրադարանագետ Պերճ Թյուրաբյանը հայտնել է իր դստեր՝ Արուսյակ Թյուրաբյանի մահվան մասին: Երիտասարդ կնոջ մահը ցնցել է հարազատներին. 

 

«Թյուրաբյան և Սկուդերի ընտանիքները խորունկ կսկիծով հայտնում են Արուսյակ Թյուրաբյանի մահվան բոթը, որը մեզ ցնցեց 2020 թվականի ապրիլի 30-ին:
Արուսյակը սիրառատ և քնքուշ դուստր էր, մայր, կին, քույր, ընկեր...
Նա սեր ու անդորր էր ճառագում շուրջը՝ իր լույսով ու ջերմությամբ առատորեն ողողելով իրեն շրջապատող մարդկանց: Իր և ուրիշների համար նա կյանքը գեղեցիկ էր դարձնում՝ մարմնավորելով բարություն ու կարեկցանք, լինելով առեղծվածային բնության մի մասնիկը:
Մենք այսօր սգում ենք մեր սիրելի Արուսյակի կորուստը՝ հորդառատ մխիթարություն գտնելով մեզ սգակից ընտանիքիների ու ընկերների սիրո և համակրանքի արտահայտություններում: Արուսյակի լույսը, որ ողողել է մեր մտերիմների հոգին, ամոքում է մեզ ու սփոփում-գրել է Պերճ Թյուրաբյանը, հայտնելով, որ հասարակական հավաքների սահմանափակման  պատճառովԱրուսյակի հոգեհանգստյան ու թաղման արարողությունները տեղի կունենան մտերմիկ ընտանեկան պայմաններում և այնպես ինչպես ինքն է հոգու խորքում փափագել»:



Պերճ Թյուրաբյանը տեղադրել է նաև դստեր լուսանկարն ու նրա ստեղծագործություններից մեկը. 

«Թե կարողանաք
Ձեր սրտում ինձ ներել
Խնդրում եմ ինձ փոխակերպեք ծառի
Կամ եթե ոչ
Շաղ տվեք ինձ
Սևանա լճի բյուրեղյա փայլքին
Որ արթնանամ իմ հայրենի երկրում
Իսկ թե ինձ առմիշտ քամահրեք
Համաձայն եմ թաղվել հողի տակ
Որ որդերն ու տարիները
Մարմինս կրծոտեն առհավետ»:

Արուսյակ Թյուրաբյան, 2020

 

 

Արուսյակ Թյուրաբյանի ողբերգական մահվանն անդրադարձել է Նյու Յորքի մամուլը: Մասնավորապես,  New York Daily News-ը  գրում է, որ մայիսի 1-ին, Նյու Յորքի արվարձանում,  օվկիանոսի ափին հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի: Ավելի ուշ պարզվել է նրա ինքնությունը՝ հայ Արուսյակ Թյուրաբյան, որ անհետացել էր տնից, մինչ այդ հայտնելով կյանքից հեռանալու իր ցանկության մասին: Ընտանքիի անդամներից մեկը New York Daily News-ին հայտնել է, որ կատարվածը շատ ծանր է ընտանիքի համար: Կայքը զետեղել է Արուսյակ Թյուրաբյանի լուսանկարը՝ նշելով, որ նա սոցիալական ցանցում մահվանից օրեր առաջ ծովափին արված մի լուսանկար է տեղադրել, որում ժպտում է: 

Usareally-ն ու ամերիկյան այլ կայքեր հայտնել են, որ կնոջ մարմինը նկատել է Նյու Յորքի Քուինս թաղամասում հարակից  օվկիանոսամերձ ափին առավոտ շուտ  զբոսնող մի տղամարդ: 

Արուսյակ Թյուրաբյանը ծնվել է Երևանում, փոքր տարիքում ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ,  ամուսնացած էր, ուներ  երեխա: Նրա մայրը հայտնի հայ գրող Խաչիկ Դաշտենցի դուստրն է՝  հայագետ Անահիտ Դաշտենցը: 

Սոցիալական ցանցերում բազմաթիվ ցավակցություններ են հայտնել ընտանիքին՝ երիտասարդ կնոջ մահվան կապակցությամբ: