image

Իսրայելում Հոլոքոսթի հիշատակի ֆորումին փողոցում նաև հայերեն են ողջունում

Իսրայելում Հոլոքոսթի  հիշատակի ֆորումին փողոցում նաև հայերեն են ողջունում

Երուսաղեմում աննախադեպ ապահովական միջոցառումներ են ձեռնարկվել Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովի առթիվ, որ տեղի է ունենալու այսօր: Համաժողովը նվիրված է Աուշվից-Բիրկենաու (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին և կրում է «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագիրը:

Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջազգային կենտրոնում հավաքվել են աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Իսլանդիայի նախագահները, այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Իսրայել է մեկնել նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: 

Երուսաղեմի փողոցներում բոլոր մասնակից երկրների լեզուներով ողջույնի տեքստ է տեղադրվել, այդ թվում՝ հայերենով. «Բարի գալուստ Երուսաղեմ»: 

Համաժողովը տեղի է ունենում Իսրայելի  նախագահ Ռեուվեն Ռիվլինի բարձր հովանու ներքո: