image

Նոր ժամանակների հայ առաջին պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնը հիմնվել է Պոլսում

Նոր ժամանակների հայ առաջին պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնը հիմնվել է Պոլսում

1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ․Պոլսում՝ Ս․ և Ա․ Ալթունյան եղբայրների ջանքերով հիմնվում  է նոր ժամանակների հայ առաջին պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնը՝ «Արևելյան թատրոն»-ը։   Առաջին ներկայացումը (Ռոթայի «Երկու հիսնապետներ») տեղի է ունեցել 1861 թվականի դեկտեմբերի 14-ին և նշանավորվել Միքայել Նալբանդյանի «Ազգային թատրոն Պոլսի մեջ» ծրագրային ճառով։ Թատրոնի գաղափարական հովանավորությունն ստանձնել էր Սվաճյանի «Մեղու» պարբերականը։ Թատերախումբն առաջին թատերաշրջանում գործել է իտալացի ռեժիսոր Ասթիի, 1862-1864 թվականներին Զմյուռնիայում՝ դերասաններ Տ. Վարդովյանիու Մ․ Մնակյանի, ապա՝ Ս. Էքշյանի գլխավորությամբ։

1865-1868 թվականներին «Արևելյան թատրոն»-ը կոչվել է «Հայ դերասանական ընկերություն»՝ Ս․ Հեքիմյանի տնօրինությամբ։ Թատրոնի խաղացանկը կազմված է եղել տարբեր ժանրերի ու ժամանակների պիեսներից, մեծ տեղ են գրավել ֆրանսիական ռոմանտիկական դրաման (Վիկտոր Հյուգո, Ալեքսանդր Դյումա-հայր), իտալական կլասիցիզմի ներկայացուցիչների (Պ․ Մետաստազիո, Վ․ Մոնթի, Վ․ Ալֆիերի), Մոլիերի գործերը և իտալական ավանդական սյուժեներով կատակերգությունները։ Հայ ազգային դրամատուրգիայից «Արևելյան թատրոն»-ը բեմադրել է Մ․ Վանանդեցու «Միհրդատ»-ը, «Մեծն Ներսես»-ը, Թովմաս Թերզյանի «Սանդուխտ»-ը, Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»-ն, Սրապիոն Հեքիմյանի «Վահրամ»-ը, Դ․ Տեր-Պողոսյանի «Մխիթար դյուցագն»-ը։ Այստեղ է սկզբնավորվել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ի դեմս Ա․ Փափազյանի, Ս․ Էքշյանի, Պետրոս Մաղաքյանի, Տ. Վարդովյանի, Մ․ Մնակյանի, Հ․ Աճեմյանի, Ե․ Գարագաշյանի, Դավիթ Թրյանցի, Թովմաս Ֆասուլաճյանի։

1869-1876 թվականներին որոշ ընդհատումներով թատրոնը գործել է Պետրոս Մաղաքյանի գլխավորությամբ։ Խմբի առաջատար դերասաններն են եղել Պետրոս Ադամյանը, Ա․ Հրաչյան, Աստղիկը, Դ․ Թրյանցը, Սիրանույշը, Մարի Նվարդը։ Այս շրջանում է վերջնականապես ձևավորվել և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հասել արևմտահայ դերասանական դպրոցը՝ ռոմանտիկ-սենտիմենտալ և մելոդրամային խաղաոճի որոշակիորեն արտահայտված տարրերով։ «Արևելյան թատրոն»-ը նպաստել է 1860-1870-ական թվականներին արևմտահայ լուսավորական շարժմանը և ազգային-ազատագրական ձգտումներին, զգալի ավանդ ներդրել ազգային թատերական արվեստի զարգացման մեջ։