image

Հայաստանում այսօր նշում են լեռների և լեռնագնացների օրը. Այս օրն է Խ. Աբովյանը բարձրացել Արարատ

Հայաստանում այսօր նշում են լեռների և լեռնագնացների օրը.  Այս օրն է Խ. Աբովյանը բարձրացել Արարատ

Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների և լեռնագնացների օրը, կան նաև լեռնագնացությանը նվիրված միջազգային օրեր:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Բեյրութի և այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ որոշել են ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Օրը պատահական չի ընտրվել.  1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը: 1829 թ. մարտի 30-ին բնախույզ-աշխարհագրագետ Ֆ. Պարրոտը իր արշավա­խմբով գալիս է Հայաստան` նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատ լեռը: Սեպտեմբերի 8-ին նրանք ժամանում են Էջմիածին, որտեղ Պարրոտը ծանոթանում է Աբովյանի հետ: Աբով­յանը միանում է արշավախմբին` որպես թարգմանիչ և ուղեկցող: Արշավը սկսվում է Արարատի ստորոտին գտնվող Ակոռի գյուղից:  2 անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով հոկտեմբերի 9-ին) ժամը 15: 15-ին, Պարրոտը, Աբովյանը և  4 ուղեկցորդներ հասնում են Մասիսի գագաթ: