image
Հրատապ լուրեր:

Հայաստանում կցուցադրվեն արաբական ամենահին ձեռագրերը

Հայաստանում կցուցադրվեն  արաբական ամենահին ձեռագրերը

Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի պատվիրակության կազմում Հայաստանում է նաեւ  Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Քամել Ալ Աբդուլ Ջալիլը: Նա լրագրողներին ասել է, որ Հայաստան այցի արդյունքներից քաջալերված՝ համագործակցության ծրագրեր են մշակում։

«Երկու մեծ ծրագիր ենք պատրաստվում իրականացնել Հայաստանի հետ. Քուվեյթում գործում է Իսլամական հնությունների թանգարանը, որտեղ գտնվում են իսլամական մշակույթի եւ արվեստի ամենամեծ եւ ամենահին կտորները։ Պետք է այդ նմուշներից բերենք այստեղ: Մտածում ենք նաեւ ամենահին արաբական եւ իսլամական ձեռագրերն այստեղ ցուցադրելու մասին»,- ասել է նա:


Հայ պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում քուվեյթցի հյուրերը հայտարարել են, որ պատրաստվում են նաեւ մշակութային շաբաթներ կազմակերպել՝ հայկական մշակութային շաբաթ Քուվեյթում եւ Քուվեյթի մշակութային շաբաթ Հայաստանում:


Համագործակցության ծրագրերի մեծ մասը Երեւանի Մատենադարանի հետ է: 


«Քուվեյթում ունենք շատ ժամանակակից սարքավորումներ, որոնք մեզ թույլ են տալիս թվայնացնել հին գրքերը եւ դրանք ճիշտ ձեւով պահպանել»,- ընդգծել է Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարը։