image

«Վաղուց պետք է մի կողմ թողնել ազգայնամոլ ռոմանտիկ պաթոսը». Գայանե Մածունյան

«Վաղուց պետք է մի կողմ թողնել ազգայնամոլ ռոմանտիկ պաթոսը». Գայանե Մածունյան

Լիբանանում գործող Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Հայ երիտասարդաց ընկերակցության» (ՀԵԸ) «Արին» պարախմբի ղեկավար և պարուսույց Գայանե Մածունյաը  168.am-ի   հետ զրույցի ընթացքում խոսել է ոչ միայն պարախմբի հաջողությունների մասին, այլև սփյուռքում ծնված և մեծացած երիտասարդների՝ Հայաստանի մասին պատկերացումների: «Վաղուց պետք է մի կողմ թողնել ազգայնամոլ ռոմանտիկ պաթոսը և այս երկրին վերաբերվել՝ որպես սովորական երկրի: Այդ կերպ առավել անկեղծ կլինենք մեր հայրենիքի հանդեպ»,- նշել  է Գայանե Մածունյանը:  


–Պարախմբի «Արին» անունն ինչպե՞ս է ընտրվել:


–Նախկինում խումբը կոչվում էր պարզապէս ՀԲԸՄ-ի «Հայ երիտասարդաց ընկերակցության» պարախումբ: Սակայն 4 տարի առաջ մեր խմբի անդամ աղջիկներից մեկը, որի անունն Արին Չերչյան էր՝ մահացավ ավտովթարի պատճառով: Այդ դեպքից հետո Բարեգործական միության տնօրինությունը որոշեց խումբն անվանել «Արին»՝ վառ պահելու համար երիտասարդ աղջկա հիշատակը:

–Անցյալ տարի հսկայական աշխատանք էիք տարել և բեմադրել բավականին մասշտաբային պարային ներկայացում՝ «Սասնա ծռերը»: Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ էպոսին: Որքանո՞վ է այն արդիական այսօր՝ հատկապես սփյուռքում:


–Երբ սկսեցի աշխատել խմբի հետ, սովորական պարեր էինք բեմադրում: Պարախումբը ելույթ էր ունենում, հանդիսատեսը ծափահարում էր, բոլորը գոհ էին ու հոժար… Սակայն դա հետաքրքիր էր միայն այնքանով, որ մարդիկ սովոր էին տեսնել տարազով պարող պարախումբ, և վերջ: Ես զգում էի, որ սփյուռքում մեծացած 14-16 տարեկան պարողն իր ինքնության, մշակույթի հետ առնչվող բազում հարցեր ունի: Մտածեցի, որ կարելի է պարզապես տարազով բեմ բարձրանալու և ձեռքերի և ոտքերի ակրոբատիկ շարժումներ անելու փոխարեն՝ ամեն տարի թեմաներ ընտրել և մեր հաշվետու համերգները բեմադրել այդ թեմայի շուրջ:

Առաջին փորձը եղավ «Հավերժի ճամփորդ» (2011) պար-բեմադրությունը, որի սցենարի հեղինակը ես էի: Այն պատմում էր հավերժի ճափորդ հայի մասին, ով ծանոթանում է տարբեր ազգերի մշակույթների հետ:


5

 

Երկրորդ տարի (2012թ.) ընտրել էի «Ոսկե ձայնապնակը»՝ ամբողջությամբ հիմնված էր երգերի, այլ ոչ՝ երաժշտության վրա, հաջորդ ներկայացման համար (2013թ.) Հայաստանից հրավիրեցինք Գագիկ Գինոսյանին: Նա 2 ամիս մնաց Բեյրութում և աշխատեց մեր երեխաների հետ: Այդ տարի Արամ Խաչատրյանի 110-ամյակն էր: Եվ մենք ներկայացրեցինք «Լեռներու կանչը» անունով մի պարային ներկայացում, որ պատմում էր Խաչատրյանի կյանքի պատմությունը՝ իր երաժշտությամբ: Դրանից հետո մտածում էի, թե ի՞նչ կարելի է անել, որ գերազանցի նախորդ բեմադրությանը: Տանը նստած նայում էի իմ գրքերին և աչքովս ընկավ «Սասունցի Դավիթ» էպոսը: Այն կարդալով՝ հասկանում էի, որ էպոսն ահագին հետաքրքիր անցումներ ունի բեմադրման համար:


–Դուք՝ ուսանելով Հայաստանում, հնարավորություն եք ունեցել ծանոթանալու Հայաստանի ոչ միայն՝ «տուրիստական հմայքին», այլև՝ իրական Հայաստանի լավ ու վատ կողմերին: Գիտենք նաև, որ, երբ սփյուռքից հյուրեր ենք ունենում, շտապում ենք ցուցադրել նրան «տուրիստական Հայաստանը»: Ժամանակակից Հայաստանում տաճարներից՝ անցյալից բացի, կա՞ն այլ արժեքներ՝ ցուցադրության արժանի:

 

–Շենքերն ու քարերը մի կողմ թողնելով, իրական Հայաստանի մասին պատկերացում կազմելու համար պետք է շփվել հայաստանցիների հետ: Ես՝ որպես մեկը, ով տարիներ առաջ հայտնվել էր Հայաստանում, ստիպված էի դիմագրավել որոշ դժվարությունների: Իսկ նա, ով գալիս է Հայաստան՝ իբրև զբոսաշրջիկ, հրաժարվում է առաջին իսկ դժվարության դեմ առնելուց: Կարծում եմ՝ առաջին ձևական ծանոթությունն անգամ վատ սկիզբ չէ:


8

 

–Սփյուռքում մեծացած երիտասարդը կկարողանա՞ ապրել Հայաստանում:


–Սփյուռքը միանշանակ տարածք չէ: Միջին Արևելքում երկար տարիներ ապրած հայն ու Եվրոպայում կամ Ամերիկայում ապրող հայը տարբեր են իրարից: Նրանց կյանքի պայմաններն են շատ բազմազան: Այնպես որ, ամբողջ սփյուռքը մի դիտանկյունից նայելը ճիշտ չէ: Պայման չէ, որ Հայաստան եկող ամեն մարդ՝ հայրենասիրությունից ելնելով, գա այստեղ: Լավ կլինի՝ ստեղծվեն տարբերակներ, որ երիտասարդները, օրինակ՝ կարիերայի աճի համար գան Հայաստան: Վաղուց պետք է մի կողմ թողնել ազգայնամոլ ռոմանտիկ պաթոսը և այս երկրին վերաբերվել՝ որպես սովորական երկրի: Այդ կերպ առավել անկեղծ կլինենք մեր հայրենիքի հանդեպ:


հարցազրույցն ամբողջությամբ՝ կայքում