image

Սեւակ Արծրունի. Հայաջնջման ծրագրում քրդական մեղքի բաժինը դեռևս ճանաչված չէ

Սեւակ Արծրունի. Հայաջնջման ծրագրում  քրդական մեղքի բաժինը դեռևս ճանաչված չէ

Թուրքիայում, քրդական գործոնի ֆոնին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ «Արեւելք»ի հարցերին պատասխանում է հասարակական գործիչ Սեւակ Արծրունին


-Վերջին շաբաթներին Թուրքիայում զարգացումները հասել են   լայնածավալ զինվորական գործողությունների:  Ինչպե՞ս  եք գնահատում ընդհանուր իրավիճակն այսօր:


-Թուրքիան այսօր  մտել է Նոր Օսմանյան տարածքի ձևավորման ակտիվ շրջան:

Ձեր նշած լայնածավալ զինվորական գործողություններում ոչ թե քրդական հարցն է լուծվում, այլ սկսվում են Նոր Միջին Արեւելքի բաժանման շուրջ ազդեցությունների հստակեցման գործընթացները:

Ռուսական ռմբակոծումները, Եւրոպային հարվածող ահաբեկչությունն ու փախստականների ճգնաժամը, պարսկական եւ շիա-ալևիական ուժերի ակտիվացումը Իրաքում և Սիրիայում, համասյունիթական միջպետական ռազմական ճակատի կազմավորումը Սաուդյան  Արաբիայի շուրջ եւ վերջապես` Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբանանի, Թուրքիայի եւ այլ երկրների միջեւ բաժանված և ցրված  քրդական ուժերի աշխարհաքաղաքական կողմնորոշումը պետք է նայել այս պրիսմակից:

Իրականում, աշխարհաքաղաքական «շախմատում» տեղի է ունենում նաեւ քուրդ-քրդական դաժան պայքար: Քրդերն իրականում առնվազն երեք հոսանքների են բաժանված.  Բարզանու ամերիկա-իսրայելամետ իշխանությունը, PKK-ն եւ նրա շուրջ գործող անկախամետ ձախակողմյանների ճամբարը և  իսլամիստական թրքամետ-օսմանական ճամբարը: Ոչ միայն Թուրքիայում,  այլ նաեւ Իրաքի լեռներում ու Սիրիայում այս պահին սանձազերծված քրդական արյան հոսքը առաջին հերթին միտված է քրդական խաղաքարտը անկախամետ եւ անկանխատեսելի քրդերի ձեռքից վերցնելու նպատակին:

Վերջերս Իրաքում զարգացող դեպքերն ու արևելյան Թուրքիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ֆոնին՝ Բարզանի-Էրդողան բանակցությունները պետք է դիտել հենց այս տրամաբանությամբ: Թուրքիան կարող է հավանություն տալ թուրքամետ Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացին, իսկ Իրաքյան Քուրդիստանը Թուրքիային եւ Թուրքիայի միջոցով Եւրոպային կապահովի Ռուսական քարյուղի (նավթի) այլընտրանքային աղբյուրներով:

Նոր Օսմանյան տարածաշրջանի ձեւավորման մեջ կարեւոր դեր են ունենալու քրդական, այսինքն հյուսիս-իրաքյան վառելանյութի պաշարները եւ Հյուսիսային Իրաք-Թուրքիա-Եվրոպա ճանապարհը,  որտեղից Եւրոպա կհասնեն ռուսական վառելանյութին փոխարինող պաշարները:

Անկախամետ ճակատի ընկճման գործում կարևորագույն դերակատարություն կարող է ունենալ նաեւ  ամիսներով արդեն լռության մատնված  Օջալանը, որ  ի զարմանս բոլորի, մի օր  կարող է մահացու հարված տալ անկախամետ ճակատին` վերսկսելով քուրդ-թուրքական բանակցություններ` Թուրքիայում նոր սահմանադրության հանրաքվեի ենթահողի վրա:


-Մոտ մեկ ամիս առաջ Դիարբեքիրում սպանվեց քուրդ  իրավապաշտպան Թահիր Էլչին: Հայկական  տարբեր շրջանակներ զուգահեռներ անցկացրին Էլչիի եւ «Ակօս»ի  խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունների միջեւ: Ճի՞շտ եք համարում արդյոք նույն   հարթության  վրայ դնել Էլչիի եւ Հրանտ Դինքի սպանությունները:


-Այո եւ ոչ: Դրանք անշուշտ տարբեր խնդիրներ են: Դինքի սպանությունը մի մասնիկն էր Թուրքիայում խորքային պետության կողմից լայնածավալ գործողությունների, որոնք միտված էին ապակայունացնել Էրդողանի Իսլամիստական Թուրքիան` ի շահ թուրք ազգայնական-զինվորական վերնախավի:

Թահիր Էլչիին սպանողների միակ նպատակը քուրդ-թուրքական երկխոսության հույսերի բնաջնջումն էր:

Տարբեր շահերի ծառայող տարբեր կոնտեքստի ոճրագործություններ են, որոնց ընդհանուր հայտարարը կարելի է միայն համարել այն, որ երկու գործիչները զոհ գնացին երկխոսության կողմնակից լինելու փաստին: Սակայն, եթե Հրանտի սպանությունը խորհրդանշական արժեք ուներ, ապա Թահիրին սպանողները հասկանում էին, որ նրա չեզոքացումը սկիզբ կդնի երկարաժամկետ եւ անվերահսկելի արյունահեղության:


-Քրդամետ  HDP-ն, որի շարքերում  նաև  հայեր կան,  փորձում է քաղաքական նոր հենարաններ գտնել Մոսկվայում: Ինչի՞ն եք  վերագրում այս նոր ընթացքը: Կամ արդյո՞ք կապ կարելի է գտնել մի  կողմից ռուս-թուրքական լարումի եւ մյուս կողմից`  HDP-Մոսկվա նկատելի  մերձեցման փորձերի միջև:


-Պատմության այս հանգրվանում  HDP-Մոսկվա մերձեցման համար  հեռանկար չեմ տեսնում: Դա ավելի շատ երկու կողմերի համար տակտիկական ճնշման լծակ է Անկարայի նկատմամբ: Ռուսաստանը քրդերից ոչ մի ակնկալիք ունենալ չի կարող, բացի այդ իր շահերին հարվածում է ատլանտիստական հակումներով Իրաքյան ճամբարի գերակայությունը քրդական հարցում:

Մոսկվան Նոր Արեւելքի հարցում առաջնահերթական գործընկեր է ճանաչում Իրանին, որը քրդական ինքնորոշման բնական հակառակորդն է եւ կմնա: Քրդերը դատապարտված են կա'մ միայնակ հաղթել տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին եւ պետություններին,  կա'մ իրենց տեղն զբաղեցնել Նոր Միջին Արևելյան ծրագրում: Եւ այդպես էլ կլինի`  հենց սպառվի PKK-ի ներուժը: Իսկ այդ ներուժը ռուս-իրանական ճակատի շնորհիվ կարող է հարատեւել այնքան ժամանակ, ինչքան կպահանջեն իրենց շահերը:


-Քրդական գործոնի վերաբերյալ պաշտոնական Երեւանը շարունակում է մնալ զգուշավոր, մինչ այդ,  տարբեր վերլուծաբաններ միտված են հավատալ այն կարծիքին, որ  սկսել է Թուրքիայի  կազմաքանդման հանգրվանը: Դուք ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակն  այս առումով, և ի՞նչ հեռանկար պետք է ունենա  հայկական կողմը`  կապված քրդական գործոնի հետ, որն այսօր դարձել  է շատ  ակտուալ: 


-Նման հարցերում համահայկական կողմնորոշում, ասել է թե ազգային ճակատ՝ գոյություն չունի: Կա պաշտոնական Երեւանի տեսակետը եւ վերջ: Պաշտոնական Երեւանն ունի երկու հիմնախնդիր՝ Արցախի ինքնորոշումն ու Հայաստանի Հանրապետության կայունությունը: Այս երկու խնդիրների առաջնահերթության դեպքում քրդական հարցը Երեւանի համար անհետաքրքիր է: Երեւանում կարող էին այս հարցի շուրջ կարեւոր բաներ տեղի ունենալ, եթե Ռուսաստանը ունենար քրդական հեռանկար, իսկ դա արդեն ասել եմ` չկա:

Ձեր նշած վերլուծաբանների հույսը ռուս-թուրքական լայնածավալ ընդհարման հնարավոր հետեւանքներն են: Իսկ նման զարգացումներն անհավանական են, եւ ամեն դեպքում դրանցից հայությունը ոչինչ չի շահի, որովհետեւ չունի ո'չ համապատասխան ներուժ  եւ ո'չ ազգային կամք:

Իսկ որ լիներ հայկական ազգային  ճակատ, որը ունենար երկարաժամկետ համահայկական հայեցակարգ, ապա այլ կլիներ հայկական քաղաքականությունը` քրդական հարցի նկատմամբ, իսկ դա արդեն այլ թեմա է:

Բավարարվեմ միայն ձեր ուշադրությանը հանձնել, որ HDP-ն և նրան նախորդող BDP քրդամետ կուսակցություններից եւ ոչ մեկը ցարդ, եւ հակառակ Թուրքիայի դեմ հանուն քրդական ինքնորոշման ընթացող դաժան պատերազմի, պաշտոնապես չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, չեն ճանաչել քրդական մեղքի բաժինը հայաջնջման ծրագրում, եւ երբեք  չեն արտահայտել  իրենց հստակ եւ պաշտոնական դիրքորոշումը հայության արդար իրավունքների վերականգնման ուղղությամբ:

Քրդերը Թուրքիայի տարածաշրջանում եկվորներ են: Նրանց բուն հայրենիքը գտնվում է Իրաքում եւ մասամբ նաեւ` Իրանում, եւ համոզված եմ, որ  մոտալուտ ապագայում քրդական քաղաքականության կենտրոնը Դիարբեքիրից կտեղափոխվի Էրբիլ: