image

Նատալի Գալստյան.«Ուժեղ եմ և հպարտ «ԳՈՀԱՐ» ընտանիքով»

Նատալի Գալստյան.«Ուժեղ եմ և հպարտ «ԳՈՀԱՐ» ընտանիքով»

«ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբն արդեն 20 տարի է, ինչ իր ելույթներով հիացնում է Հայաստանի և Սփյուռքի հայ հանդիսատեսին:

Բեղուն գործունեության ընթացքում խումբը հյուրախաղեր է ունեցել տարբեր երկրների`ԼիբանանիԿիպրոսիՌուսաստանի ԴաշնությանՍիրինզի, Թուրքիայի,Ամերիկայի Միացյալ ՆահանգներիԿանադայի և Հարավային Ամերիկայի հայ համայնքներում:Ստեղծագործական դադարից հետո «ԳՈՀԱՐ»-ը կրկին սկսել է հայկական երգարվեստը տարածելու կարևոր առաքելությունը:

Խմբի զարթոնքի մասին   «Հայերն այսօրը»  զրուցել է «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի գլխավոր դիրիժոր Նատալի Գալստյանի հետ:


-Նատալի՛, ստեղծագործական ի՞նչ ուղի եք անցել:


-Սիմֆոնիկ խմբավար դառնալու համար իսկապես մեծ ուղի է անհրաժեշտ անցնել: Ընդհանուր առմամբ՝ 20 տարի ստեղծագործական պրպտումների մեջ եմ եղել և այսօր էլ շարունակում եմ նոր բացահայտումներ անել:

Նախնական երաժշտական կրթությունը ստացել եմ Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում: Այնուհետև ուսումը շարունակել եմ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտել եմ երաժշտագետ-տեսաբանի մասնագիտությամբ: 1999 թվականին ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը՝ պրոֆեսոր Ռաֆայել Մանգասարյանի և Սոնա Հովհաննիսյանի դասարանում: 2001 թվականին ավարտել եմ ասպիրանտուրան՝պրոֆեսոր   Դավիթ  Ղազարյանի ղեկավարությամբ:

Ապա նշանակվել եմ Հայաստանի երաժշտական ընկերության  Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի գլխավոր խմբավար:

 Շարունակելով ուսումնառությունս՝ 2007 թվականին ավարտել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը՝ պրոֆեսոր Արամ Ղարաբեկյանի դասարանում: 2008 թվականին որպես դիրիժոր ելույթ եմ ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Իսկ 2009-2011 թվականներին դասավանդել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում:

Անգնահատելի էր մտերմությունս լուսահոգի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հետ: Ականջիս մեջ միշտ հնչում են նրա թևեր տվող խորհուրդներն ու ցանկությունները, որոնք հիշելիս՝ մեջս նոր ստեղծագործական մղումներ են արթնանում:

Տարիներ շարունակ երազում էի սեփական նվագախումբ ստեղծելու մասին:Դա ինքնանպատակ չէր. կար գաղափար և առաջ շարժվելու մեծ ցանկություն: Երազանքիս հետևից գնալով՝ 2009 թվականին հիմնադրեցի «DOMINATUS» vox նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն եմ եղել: Հիմա առանց կասկածի ուզում եմ նշել, որ կազմը եզակի էր աշխարհում ՝ իր երաժշտական կոնցեպցիայի, տեմբրալ յուրահատուկ հնչողության շնորհիվ(«երգող գործիքներ, նվագող ձայներ»):

Հիմնել եմ նաև «ARCUS-CANTUS»  մանկական նվագախումբ-երգչախումբը:

Ինձ, իրոք, երջանիկ մարդ եմ համարում, որ կրթվել եմ այնպիսի մեծանուն մարդկանց մոտ, ովքեր այսօր հայ երաժշտարվեստում իրենց ուրույն տեղն ունեն:


ԳՈՀԱՐ»–ում Ձեր առաքելությունն ո՞րն էր, ինչպե՞ս հայտնվեցիք նվագախմբի և երգչախմբի կազմում:


-Իհարկե վաղուց գիտեի «ԳՈՀԱՐ»–ի մասին: Միշտ հետևել եմ 20 տարիների փառահեղ գործունեությանը: «ԳՈՀԱՐ»–ում աշխատելու հրավերը ստացա խմբի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Կուզիկյանից`2012 թվականին: Նա ինձ դեռևս փոքրուց էր ճանաչում և ծանոթ էր ստեղծագործական ուղուս, ինչպես նաև աշխատելաոճիս:

Սկզբում խմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր լուսահոգի Սեպուհ Աբգարյանի օգնականն էի, ապա 2015 թվականին նշանակվեցի «ԳՈՀԱՐ»-ի գլխավոր դիրիժոր։ Ինձ համար մեծ պատիվ էր երկու տարի աշխատել մաեստրոյի հետ: Նա ազնվական մարդ էր,մեծ արտիստ, ումից շատ բան սովորեցի:

-Արդյո՞ք պատասխանատու քայլ չէր Սեպուհ Աբգարյանից հետո Ձեր գլխավոր դիրիժոր դառնալը: Ինչպե՞ս ընտրությունը կատարվեց հենց  Ձեր շուրջ:

- Ամեն ինչ այնքա՜ն սահուն ընթացավ: Երկու տարին քիչ ժամանակահատված չէր իմ շուրջ հարազատ միջավայրը ստեղծելու համար: Անխոչընդոտ ստացվեց շփումը աշխատակազմի  հետ, վստահություն կար միմյանց նկատմամբ: Իհարկե, «ընտանեկան» մթնոլորտը  «ԳՈՀԱՐ»-ում եղել է իր ստեղծման պահից: Իսկ գյումրեցի երաժիշտների հետ աշխատելն առավել հաճելի է և թեթև՝ իրենց յուրահատուկ տաղանդի և հումորի շնորհիվ:


-Ըստ Ձեզ, դիրիժորն ի՞նչ առանձնահատկություններով պետք է օժտված լինի, որպեսզի կարողանա ղեկավարել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ երգչախումբը և նվագախումբը:


-Ամենակարևոր նախապայմանն է, որ ինքդ ներշնչված լինես այն գաղափարով և երաժշտությամբ, որը, քեզնից սկիզբ առնելով, պետք է տարածվի: Առաջնային է համախմբելու, ոչ թե ենթարկելու ձիրք ունենալը:

 Աշխատանքի և հատկապես մարդկանց նկատմամբ անկեղծություն, սեր ու հարգանք ցուցաբերելը ևս կարևոր է: Եթե աշխատակազմում դիմացինիդ լսելու կարողություն ունես, ուրեմն  նրանց հետ հաղորդակցվելիս կհաջողես: Անհրաժեշտ է, որ շուրջդ հավաքվեն համախոհ և թիմային աշխատանքը գնահատող անձիք: Այս գործոնների առկայության դեպքում, ամեն բան հեշտ կստացվի: Սա ոչ միայն ղեկավար պաշտոններում գտնվողներին է վերաբերում, այլև բոլորին՝ առանց տարբերակումների:


-Հետաքրքիր է, թե մաեստրոն մասնագիտական ի՞նչ խորհուրդներ է Ձեզ տվել, որոնք մինչև այժմ հիշում և կիրառում եք:


-Կդժվարանամ որևէ մեկն առանձնացնել: Մեր բոլոր զրույցները բովանադակալից և ուսանելի էին:

Հիմնականում զրուցում էինք հայկական երգարվեստի շուրջ: Նա իր մտահոգությունն էր արտահայտում բնագավառում տիրող խնդիրների շուրջ և փորձում դրանց վերացման համար ուղիներ որոնել:

 Մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ հանգիստ է զգում «ԳՈՀԱՐ»–ի համար, քանի որ այն վստահելի և ապահով ձեռքերում է: Նրա թանկ խոսքերը միշտ հիշում եմ, որոնք անչափ պարտավորեցնում են ինձ:


-  Նատալի՛, «ԳՈՀԱՐ»–ի հետ կապված Ձեր տեսլականը ո՞րն է:


-Ցանկանում եմ, որ շարունակենք մեր համախմբված աշխատանքը և անխախտ առաջ սլանանք:

Տեսլականս կարող է լինել հայկական մաքրամաքուր երաժշտության պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցումը: Իմ ամենամեծ նպատակը հայկական երաժշտությունն օտար այլևայլ ճնշումներից պահպանելն է:

Խաչատուրյան ընտանիքն արդեն 20 տարի է, որ այս գաղափարի առաջամարտիկներից է:

-Մամուլի հրապարակումներում նկատել եմ, որ Ձեզ «ԳՈՀԱՐ»–ի «թագուհի» են անվանում: Ինչո՞վ է պայմանավորված այդ «կոչումը»:


-(Ծիծաղում է-հեղ.)Փորձում եմ հումորով վերաբերվել նման «կոչումներին»,  որոնք թեև շոյում են ու ոգևորում: Իրականում «ԳՈՀԱՐ»-ն ունի թագուհի, ում անունով էլ կոչվում է մեր փոքրիկ թագավորությունը: Այնտեղ տիրում է համերաշխություն և ներդաշնակություն՝ շնորհիվ մեծ հայ, նվիրյալ բարերար Հարութ Խաչատուրյանի և իր համախոհների՝ հավատարիմ,  հետևողական, բծախնդիր ղեկավարներ՝ Սևակ Սերոբյանի, Սարո Սերոբյանի, Գրիգոր Կուզիկյանի, Արզուման Հովհաննիսյանի, Սուսան Միքայելյանի, ինչպես նաև բոլոր «զինվորների», ովքեր համախմբված և անմնացորդ  ծառայում են արվեստին: ՈՒժեղ եմ և հպարտ՝«ԳՈՀԱՐ» ընտանիքով:


-Տևական դադարից հետո կարելի է ասել՝ «ԳՈՀԱՐ»–ը հառնեց և իր ճախրանքը սկսեց Բեյրութից: Պատմե՛ք լիբանանյան համերգային շրջագայությունների մասին:


-Բոլոր նրանք, ովքեր սիրել և հետևել են մեր գործունեությանը, կրկին ուրախանալու առիթ ունեն: Այո՛, կարծիքներ հնչեցին, որ «ԳՈՀԱՐ»–ը վերածնունդ է առնում Բեյրութից, ինչն էլ տրամաբանական էր: Առհասարակ, միշտ հիացել եմ լիբանանահայերի ակնածանքի և սիրո դրսևորումից դեպի հայկական մշակույթը:

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Բեյրութի «Forum De Beyrouth» համերգասրահում 4 փայլուն՝«Հարյուր տարի՝ հարյուր երգ» խորագիրը կրող համերգներ կայացան: Համերգաշարը կազմակերպված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և երգացանկում ընտրվել էր խորհրդանշական 100 ստեղծագործություն:

Հնչեցին հայկական հին ու նոր սիրված՝ ազգային, հայրենասիրական, ժողովրդական և ռազմաշունչ երգեր: Ի դեպ, մեկնեցինք  բավականին մեծ կազմով՝ նվագախմբի, պարախմբի ու երգչախմբի 150 մասնակից, 16 մենակատար և անձնակազմի այլ անդամներ: Ինչպես միշտ, այս անգամ ևս «ԳՈՀԱՐ»­-ը մեծ ոգևորությամբ էր պատրաստվել համերգներին:

Բոլոր կատարումներն ուղեկցվում էին լուսային ու գունային գերհագեցած էֆեկտներով և LED էկրանների անիմացիաներովՙ, որի աշխատանքներն իրականացրել էր «DOMINO» ընկերությունը՝ Աշոտ Առաքելյանի ղեկավարությամբ։ Իրոք, աննախադեպ համերգներ տեղի ունեցան: Տպավորություններս աննկարագրելի են:

Խմբավար լինելուց բացի, համերգների ժամանակ հոգումս հայ լինելու հպարտությունն էր արթնացել: Հայրենասիրական երգերի ժամանակ սահմանամերձ շրջանում ծառայող տղայիս էի անընդհատ հիշում, որից չէի կարողանում զսպել հուզմունքս:

Կարևոր է շատ աշխարհասփյուռ հայ ժողովրդին նման համերգների միջոցով համախմբել և ի լուր աշխարհի աղաղակել, որ մենք ինքնություն և հայի արժանապատվություն ունենք:


-Ընդհանուր առմամբ ի՞նչ փոփոխություններ, նորամուծություններ են կատարվել խմբում:


-Որոշակի փոփոխություններ եղել են: Գովելի է փոփոխությունների կիրառումը՝ լինի նոր անդամների ներգրավվման և երգացանկերի մշակման առումով:

 Նման խմբի համար դա պարզապես անհրաժեշտ է՝ իհարկե ավանդույթները չխախտելու պայմանով: Եվ դա բնական է, քանի որ հանդիսատեսին միշտ պետք է նաև հաճելիորեն զարմացնես:

                                                         

                                                                      Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի