image

Սեւակ Արծրունի. Այս ընտրությունները մեր աչքերը պետք է բացեն

Սեւակ Արծրունի. Այս ընտրությունները մեր աչքերը պետք է բացեն

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ «Արեւելքը» զրուցեց հասարակական գործիչ Սեւակ Արծրունիի հետ.


-Ինչպե՞ս կգնահատեք երեկվա ընտրությունների արդյունքները` թե' թուրքական թե'  տարածաշրջանային առումներով:


-Հնարավոր չէ հաշվի չնստել երեկվա ընտրությունների արձանագրած արդյունքների հետ` տեղի ունեցածը  բացատրելով  միայն որպես ընտրաճնշումների եւ ընտրախախտումների արդյունք:

Թուրքիայում մի նոր իրավիճակ է:  Նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել Թուրքիայում եւ Թուրքիայի շուրջ, որի հետեւանքները կարելի է պարզորեն կարդալ երեկվա ընտրությունների արդյունքներում:

Համեմատականները, հունիսյան ընտրությունների հետ, շատ խոսուն են: Քրդամետ կուսակցությանը հունիսին ձայն էր տվել ավելի քան 6 միլիոն ընտրող, երեկ` հազիվ թե 5 միլիոն: Այսինքն, ավելի քան 1 միլիոն ընտրող չի գնացել ընտրատեղամասեր` հակաքրդական եւ էթնիք փոքրամասնությունների դեմ սանձազերծված վախի մթնոլորտում, կամ նախընտրել են իրենց ձայնն այս անգամ տալ թուրքական ավանդական Հանրապետական կուսակցությանը:

Միլիոնավոր թուրք ազգայնականներ, մանավանդ` Թուրքիայի արեւելքում, իրենց ձայները ազգայնական MHP-ի փոխարեն այս անգամ տվել են իշխող AKP կուսակցությանը. վերջինս, համեմատած հունիսի ընտրությունների հետ,  երեկ կարողացավ ավելի քան 4 միլիոնով իր ընտրազանգվածը մեծացնել` հունիսի ընտրությունների  19 միլիոնի փոխարեն երեկ ապահովելով ավելի քան 23 միլիոն ձայն:

Եւ վերջապես, հունիսյան ընտրության  համեմատ, մոտ 2 միլիոնով աճել է ընդհանուր ընտրողների թիվը, որոնք, կարծում եմ մեծամասամբ նախկինում չեն գնացել ընտրատարածքներ, իսկ այս անգամ  մասնակցելով,  քվեարկել են իշխող կուսակցության օգտին:

 Հինգ ամիսների պայքարից հետո AKP կուսակցությունը պիտի կարողանա երրորդ անգամ կրկին ինքնուրույն ձեւավորել կառավարություն եւ դիմել երկար սպասված սահմանադրական հանրաքվեին, որը վերջնականապես իրողություն կարող է դարձնել «Նոր Օսմանյան Թուրքիայի»`  էրդողանական ծրագիրը:


-Իսկ ի ՞նչ է  փոխվել Թուրքիայում  այս հինգ ամիսների ընթացքում:


-Նշենք ամենակարեւոր փոփոխությունները. սկսվեց քուրդ-թուրքական պատերազմը ոչ միայն Թուրքիայում,  այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում: Ցնցիչ անկում ապրեցին թուրքական տնտեսության բոլոր ցուցանիշները:  Թուրքիան հակաիսլամիստական ճակատում զիջեց ԱՄՆ-ին եւ ամերիկյան զորքերին թույլ տվեց  այդ պատերազմում օգտվել թուրքական տարածքից:  Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը ներխուժեցին Սիրիայի շուրջ ծավալվող պատերազմի մեջ եւ վերջապես` Եվրոպան հայտնվեց թուրք փախստականների անդիմադրելի ճնշման տակ:

Ներթուրքական կառավարման ոլորտում վարչապետ Դավութօղլուի եւ նախագահ Էրդողանի կուսակցությունը վերջին հինգ ամիսներին պետական քաղաքականությունը տնտեսական-ազատական առաջնահերթություններից տեղափոխեց դեպի հակաքրդական եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների առաջնահերթությունների դաշտ եւ ձեւավորեց կուսակցության ղեկավար նոր մարմին, որում լիբերալ իսլամական մեծահասակ գործիչներին փոխարինեցին ազգայնական-օսմանիստ ավելի երիտասարդ ու արմատական տարրերը: 

Այսինքն իշխող AKP կուսակցությունը մարտավարական շրջադարձ կատարեց դեպի թուրք ազգայնականություն եւ դրանով իսկ ապահովեց երեկվա ընտրությունների հաղթանակը:

Գալիք ամիսներին,  կարծում եմ  մենք կտեսնենք, որ այս շրջադարձը ոչ թէ տակտիկական, այլ արմատական եւ սկզբունքային բնույթ է կրում, կտեսնենք, որ հանուն իշխանության իշխող վերնախավը զգալի զիջումներ կկատարի ազգայնամոլական խորքային պետության` մինչ այդ իր իսկ կողմից մեկուսացված շրջանակներին: Կտեսնենք նաեւ, որ նախագահ Էրդողանն ու նրան աջակցող քաղաքական գործիչները ոչինչ չեն խնայի` հասնելու համար իրենց հիմնական նպատակին, այն է` սահմանադրական փոփոխություններին:


-Թուրքիայում նահանջ է ապրում քրդական գործոնը.  սա Թուրքիայում քրդական զարթոնքի սկի՞զբն է,  թե՞ ավարտը:


-Հունիսին քրդամետ կուսակցության ձայն տվողների մեծամասնությունը հակված էռ ժողովրդավարական բարեփոխումների եւ խաղաղության բանակցությունների միջոցով թուրք-քրդական հաշտության հեռանկարներին: Երեկվա ընտրություններին քրդական եւ քրդամետ ձախակողմյան ու փոքրամասնական շրջանակների քվեները արտահայտում էին ավելի արմատական տարբեր եւ բազմաբնույթ դիրքորոշումներ: Սա,  ինքնին, վատ է Թուրքիայում քրդական խնդիրների բարելավման տեսակետից: Մյուս կողմից, քրդական նահանջը նաեւ արդյունք է արեւմտյան եւ մանավանդ` ամերիկյան քրդամետ քաղաքականության հերթական տատանումների: Արեւմուտքը քրդական հարցն այսօր օգտագործում է այնպես,  ինչպես 18-20-րդ դարերում օգտագործում էր հայկական հարցը եւ հետեւանքները կարող են լինել նույնքան եւ ոչ պակաս աղետալի, Թուրքիայում եւ ամբողջ տարածաշրջանում: Հակառակ այս ամենին,  քրդական գործոնը իրական է: Ես համոզված եմ եղել, եւ այսօր եւս մնում եմ այն համոզմունքին, որ քրդերը Թուրքիայում գնալու են զիջումների: Այս իմաստով, իմ գնահատմամբ այս ընտրությունները կարող են լինել քուրդ ազգայնական շրջանակների անջատողական քաղաքականության ընդմիջման եւ սկիզբ` թուրք-քրդական անհամատեղելի շահերի հաշտեցման նոր փորձերի: Քրդական քաղաքականության մեջ թուրքական գործոնն ավելի հանդուրժողական է` համեմատած արաբ ազգայնական եւ իրանական ավելի կոշտ եւ անհանդուրժող հակաքրդական ավանդական սպառնալիքներին: Ես համոզված եմ, որ հանուն Սիրիայի եւ Իրաքի քրդական քաղաքական շարժումների, Թուրքիայում թուրք-քրդական ընդհարումները մտնելու են հարաբերական անդորրի շրջան:

Հատկապես, որ իշխող կուսակցությանը այլեւս պետք չէ քրդական սպառնալիքի վախի մթնոլորտը` ընտրություններում թուրք ազգայնական զանգվածի ձայներն ապահովելու համար:


-ՀՀ-ում որոշ  տարածաշրջանային վերլուծաբաններ ընտրությունների այլ ելք էին նախատեսում:  Ինչո՞վ եք բացատրում սա:


-Ոչ միայն ՀՀ-ում, այլ հայության գրեթե բոլոր շրջանակներում, թուրքագիտությունը հիմնված է ցանկությունների եւ հուզական ջղաձգումների վրա: Հայերիս մոտ Թուրքիան, եւ ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ` քուրդ ժողովուրդը, իսլամն ու հայկական ցավերի հետ առնչվող շատ նման երեւույթներ առարկայական մտածողությունից եւ սառը դատողությունչց հեռու են եւ մնում են ատելության, մաղձի գերակայության տակ: Բոլորը սպասում են Թուրքիայի քանդմանը,  ընդ որում`  վաղուց են սպասում:  Մինչդեռ հարկավոր է երեւույթները դիտել իրողությունների եւ անքննարկելի փաստերի տեսանկյունից:

Որպես օրինակ նշեմ մի պարզ իրողություն եւ բավարարվենք. ի տարբերություն մեր քաղաքական կուսակցությունների եւ մասնագիտական շրջանակների կարծիքի, այսօր Թուրքիայում ապրող բազմամիլիոն իսլամացած հայության զգալի զանգվածը իր ձայնը տալիս է ոչ թե քրդամետ կուսակցությանը, այլ` Էրդողանի AKP կուսակցությանը:

Դարեր շարունակ զանգվածային մահմեդականության ենթարկված հայությունը այսօր տակավին ապրում է իր հայրենիքում, եւ թուրք ազգայնականության դեմ պաշտպանվում է` իր հույսը դնելով ո'չ քրդական եւ ո'չ էլ հայկական գործոնի վրա, այլ` իսլամական կրոնի:

Քրդամետ շրջանակներում ընդգրկված են միայն աննշան փոքրամասնություն ներկայացնող ձախակողմյան գործիչներ, որոնք գիտեն, բայց բարձրաձայն չեն խոստովանում, որ քրդական ազգայնականությունը նույնքան, եթե ոչ ավելի, վտանգավոր է հայության համար:

Հուսով եմ որ երեկվա ընտրությունների ցնցումը կբացի մեր աչքերը. Թուրքիան ունի բավարար կամք եւ ռեսուրս` շարժվելու դեպի Օսմանիզմ…: