image

Հասմիկ Լեյլոյանը՝ աշխարհում հայ քանոնի դերի մասին. ԱԶԳ-ի հարցազրույցը

Հասմիկ Լեյլոյանը՝ աշխարհում հայ քանոնի դերի մասին. ԱԶԳ-ի հարցազրույցը

Գոհար Շագոյան-Երաժշտագետ

 

ՀՀ ժողովրդական արտիստ, Միջազգային Մեծ հանրագիտարանի ոսկե մեդալակիր, Երեւանի քաղաքապետարանի ոսկե մեդալակիր, Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի եւ Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանի անունը վաղուց հայտնի է Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում, ունկնդիրների լայն շրջանում: Նա իր պրոֆեսիոնալ համերգային եւ մանկավարժական գործունեությունը սկսել է 1970-ականներին: Հասմիկ Լեյլոյանը ավանդական հայկական քանոնը ներկայացրեց հանրությանը որպես լիարժեք մենանվագային երաժշտական հայկական ժողովրդական գործիքՙ դուրս բերելով այն միայն անսամբլային նվագակցող կամ մեկ-երկու մանրանվագ կատարող գործիք լինելու նեղ շրջանակից: Այսօր մեր զրուցակիցն է նշանավոր քանոնահարուհին:


- Անցնելով կատարողական բարդ ուղիՙ ի՞նչ ճանապարհ եք տեսնում, որպեսզի հայկական քանոնը չկորցնի իր դերը մեր օրերում եւ ներկայանա ամբողջ աշխարհին իր առանձնահատուկ ասելիքով:

Շատ հետաքրքրական է, որ ես եւ իմ սերունդը ապրեցինք մի քանի Նոր Հայաստան: Իհարկե դժվար է անմիջապես գտնել, թե ինչ է պահանջվում այս նոր իրավիճակներում, բայց փաստը մնում է այն, որ ժամանակն իրենը թելադրում է, եւ եթե ժողովրդական գործիքները չկատարելագործվեն իրենց արտահայտչամիջոցներով եւ կատարողական հնարավորություններով, ապա դրանք չեն կարող ապրել դարեդար: Միեւնույն ժամանակ չպետք է այդ միտքը շփոթել այն փաստի հետ, որ այսօր որոշ քանոնահարներ վերցնում են այլ ազգերիՙ արաբական, թուրքական կամ պարսկական նվագելաձեւերը, օգտագործում եւ ներկայացնում որպես նորարարություն կամ զարգացում իրենց կողմից:

Իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացում հետեւել եմ գործիքի կատարելագործմանը, կատարողական արվեստի զարգացմանը եւ զգացել եմ ժամանակի շունչը ու պահանջները եւ իմ ուսանողներին դասավանդել ու դաստիարակել այդ ոգով: Նրանցից շատերը գործունեություն են ծավալում ոչ միայն Հայաստանում, այլեւ տարբեր երկրներումՙ Ֆրանսիայում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում, Պարսկաստանում, Լիբանանում, Ռուսաստանում եւ այլուր:


- Որպես կատարողՙ Դուք ի՞նչ եք արել այդ գործիքի զարգացման համար:

Որպես իմ նոր խոսքը արվեստումՙ երաժշտական ասպարեզում եղան փոխադրումները, կատարողական նոր ձեւերի ստեղծումը եւ եվրոպական դասական ստեղծագործությունների կատարումները քանոնով:


- Կոնսերվատորիայում Դուք սովորել եք Հայաստանի ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի մոտ: Ձեր ուսումնառության ընթացքում ինչպիսի՞ զարգացումներ են եղել այդ ասպարեզում:

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում իմ սովորած տարիներին, ժողովրդական գործիքների բաժինը ղեկավարում էր Ալեքսանդր Շահբազովը, որը հիանալի երաժիշտ էր ու նույնպես քաջալերում էր այդ փոխադրումների միտքը: Այսինքն, ընտրում էինք ստեղծագործություններ գրված տարբեր գործիքների համար, ես նվագում էի, եւ լսում էինք, որը կհնչի քանոնով, որըՙ ոչ: Եվ այսպես Ս. Շահբազովը իմ օգնությամբ ստեղծեց եւ տպագրեց մի ժողովածու, որտեղ ընդգրկված էին հայակական եւ եվրոպական դասական ստեղծագործություններ: Դա շատ մեծ առաջընթաց էր քանոնի դասավանդման, երաժշտական կրթության ու համերգային ծրագրերի ասպարեզում:

Հետագայում, արդեն ինքնուրույն, ես նորից անդրադարձա այդ եւ այլ դասական ստեղծագործություններին եւ փոփոխություններ կատարելովՙ ավելի ընդլայնեցի քանոնի հնարավորությունները:


- Որո՞նք են հայկական քանոնի առանձնահատկությունները:

 Քանոնն արեւելյան գործիք է եւ մեծ տարածում ունի արաբական աշխարհումՙ Եգիպտոսում, Սիրիայում, Ալժիրում, Թունիսում, Լիբանանում, ինչպես նաեւ Թուրքիայում, Պարսկաստանում, Հունաստանում: Սակայն հայկական քանոնը տեմպերացված է, իր ուրույն տեղն ունի եւ տարբերվում է այլ ազգերի քանոններիցՙ իր ինտոնացիոն հնչողությամբ, լադային կառուցվածքով, երաժշտական արտահայտչամիջոցներով, տեխնիկայի կատարողական ոճով եւ ձեւերով, որը չի նմանվում այլ ազգերի քանոններին եւ ավելի հայկական էՙ իր հնչողությամբ:

Իմ այսքան տարիների համերգային եւ դասավանդման գործունեության ընթացքում պահպանել եմ կատարողական արվեստի եւ հայկական քանոնի տեսակը, որպեսզի չխառնվի այլ ազգերի համանուն գործիքներին: Դա է պատճառը, որ այսքան տարի ինձ գնահատում եւ հրավիրում են տարբեր երկրներից մենահամերգներիՙ որպես հայկական քանոնը ներկայացնող, ոչ թե իրենց ձեւով նվագողի կամ կրկնօրինակողի:

Այսօր կան մարդիկ, որոնք վերցնում են այլ ազգերի նվագելաձեւը եւ ներկայացնում մեր երկրումՙ իբր իրենց կողմից նորարարություն: Դա ամոթ է եւ մեծ վտանգ է պարունակում:

Ես կարծում եմՙ հայ ազգն ունի այնքան ինքնուրույն մտածելակերպ, տաղանդ եւ ճաշակ, որ պետք չէ ընդօրինակել արաբական, թուրքական, պարսկական նվագելաձեւերը եւ քանդել դարերով եկող մեր երաժշտական դեմքը, որը ժամանակին մաքրել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, կոմիտասյան մտածելակերպի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը եւ փոխանցել սերունդներին, մինչդեռ այժմ այն խեղաթյուրվում էՙ վերցնելով եւ խառնելով մեր կատարողական մաքուր նվագելաձեւերին այլ ազգերի նվագելաձեւերը, որը հետագայում կարող է փաստի առաջ կանգնեցնել մեզ:


- Տիկին Լեյլոյան, Դուք ստեղծել եւ հրատարակել եք բազմաթիվ դասագրքեր, ինչպեսՙ «Փոխադրումներ քանոնի համար (հրատ.1987 թ., 1990 թ., 1995 թ.), «Գամմա, Արպեջիո. Վարժություններ եւ Էտյուդներ» նոր կատարման ձեւերի եւ տեխնիկայի զարգացման դասագիրք քանոնի համար (հրատարակված 1990 թ., այն մի քանի անգամ ընդլայնվել եւ վերահրատարակվել է 2009 եւ 2013 թթ.), «Քանոնի հայկական դպրոց առաջին եւ երկրոդ մաս նախատեսված երաժշտական դպրոցների եւ քոլեջների համար, որտեղ ներկայացված է նաեւ գործիքի ուսուցման եղանակները, «Քանոնի համերգային ծրագիր» ժողովածու, «Ընտիր երկեր» եվրոպական դասական ստեղծագործությունների ժողովածու, «Քո հոգու երգը» համերգային ստեղծագործությունների ժողովածու CD-ի հետ միասին 2018 թ.: Ի՞նչ ազդեցություն են թողել Ձեր վերոհիշյալ ձեռնարկները:

Գովելի է, որ ներկայիս դասավանդող քանոնահարներըՙ զգալով ժամանակի շունչն ու պահանջը, փորձում են քանոնը ներկայացնել եւ շարունակել զարգացնել այն:


- Տիկին Լեյլոյան, ինչպե՞ս եք պատկերացնում քանոնի ապագան:

Ես գտնում եմ, որ քանոնի ապագան շատ պայծառ է, այն շարունակվում է զարգանալ եւ ընդունվում է տարբեր երկրներում որպես հայկական քանոն: Կարծում եմ, որ եթե քանոնի զարգացումը չունենար անցյալ, չէր ունենա նաեւ ապագա: Այսօր քանոն երաժշտական գործիքը շատ սիրված եւ ընդունված է երիտասարդների կողմից:

 



- Դուք մասնակցել եք բազմաթիվ համաշխարհային եւ միջազգային փառատոնների: Նպաստո՞ւմ են նման փառատոնները ազգային արվեստի եւ գործիքի ճանաչմանը:

2010 թ. Սիրիայի մշակույթի նախարարի հատուկ հրավերով ես մասնակցեցի «Մետաքսի ճանապարհ» («Silk Road») միջազգային փառատոնին, որտեղ մասնակցում էին Չինաստանից, Մարոկկոյից, Թուրքիայից, Արաբական Միացյալ էմիրություններից, Թունիսից, Իրանից, Իրաքից, Իսպանիայից ճանաչված եւ սիրված լավագույն ժողովրդական գործիքներ կատարողներ եւ երգիչներ: Դա մի գեղեցիկ եւ իմաստալից փառատոն էր իր ձեւի մեջ: Եվ ես մտածեցի, որ Հայաստանը, լինելով Մետաքսի ճանապարհի երկրներից մեկը, ունենալով Սելիմի լեռնանցքի Քարվանսարայի պատմական շինություն ապացույցը, պետք է իր հին եւ հնագույն երաժշտական գործիքները ներկայացնի աշխարհին: 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնեցի «Երաժշտական երկխոսություն Մետաքսի Մեծ ճանապարհին» միջազգային փառատոնը, որը Հայաստանում կազմակերպվեց եւ անցկացվեց առաջին անգամ: Փառատոնին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից մինչեւ Հայաստան Մետաքսի ճանապարհի երկրներից ընտրված երաժիշտներ: Փառատոնն անցավ բարձր մակարդակով, ներկայացվեցին տարբեր ազգերի ազգային երաժշտական գործիքներ եւ երաժշտություն: Համերգն սկսվեց հայկական «Օտար, ամայի ճամփեքին» երաժշտությամբ եւ ավարտվեց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից ստեղծագործությամբ, որտեղ մասնակից ազգերը ինձ հետ միասին կատարեցին այդ ստեղծագործությունները։ Համերգը վերածվել էր մի հոյակապ միջազզային տոնի: Գաղտնիք չէ, որ հայ ունկնդրին շատ դժվար է զարմացնել կամ հիացնել: Ուրախ եմ, որ հանդիսատեսը հիացած էր, քանի որ շատ նոր երաժշտական գործիքներ տեսավ եւ ունկնդրեց, ծանոթացավ տարբեր ազգերի ազգային երաժշտությանը, ձայնային հատուկ, անսովոր կատարումներին, որ երբեք չէին հնչել Հայաստանում:


Տիկի՛ն Լեյլոյան, գիտենք որ շուտով համերգներով հանդես եք գալու Ղազախստանի սիմֆոնիկ նվագախմբի հետՙ WORLD MUSIC միջազգային փառատոնին, իսկ օգոստոսին համերգներ ունեք Արգենտինայում, Ուրուգվայում եւ Բրազիլիայում, ինչպես նաեւ սեպտեմբերին Իտալիայում, իսկ հոկտեմբերին հրավիրված եք Անկարայի «Քանոնի միջազգային սիմպոզիումին»ՙ ներկայացնելու հայկական քանոնը: Մեզ մնում է հաջողություն ցանկանալ Ձեզ եւ հայկական քանոնին:


ԱԶԳ