image

Հայրենի իշխանությունները պարտավոր են ականջալուր լինել մեր ժողովրդի պահանջներին

Հայրենի իշխանությունները պարտավոր են ականջալուր լինել մեր ժողովրդի պահանջներին

Լիբանանի Խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունիի հարցազրույցը՝ «Արեւելքին».


-Պարոն Բագրատունի, ինչպե՞ս եք գնահատում հետհեղափոխական Հայաստանում ստեղծված իրավիճակը, ի՞նչ ունեինք երեկ և ի՞նչ ունենք այսօր: Ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են:

 

-Հայաստանի մեջ որևէ զարգացում, որ կարող է արգելակել փտածության և կամ արտագաղթի տուն տվող պատճառները, այնտեղ ժողովրդավարություն առաջացնել, վերացնել, այսպես ասած, հարստահարումի իրավիճակը, շատ բնական կերպով քաջալերական է, շատ բնական արտահայտություն կարող է գտնել նաև մեր մոտ, և սա մեր սպասումն է, մենք՝ իբրև Դաշնակցություն, հրապարակավ ազգի առաջ արտահայտվել ենք, խորհրդարանում, մամուլում, թե մեր զանազան բանախոսությունների ընթացքում, հանդիպումների ընթացքում՝ պահանջելով, որ մեր հայրենիքի տարբեր ժամանակների իշխանությունները ականջալուր լինեն ժողովրդի պահանջներին, դասակարգային խոր հեռացումները կարողանա անցկացնել և ստեղծել արդարության վրա հիմնված այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրեն դրսևորել համաձայն իր կարողությունների, առանց չարաշահումների՝ թե աշխատավորության, թե կենցաղային, թե ընկերային իմաստներով:

 

Այսօր թավշյա հեղափոխությունից ի վեր նկատել ենք որոշ առաջացում, սակայն երեք ամիսների ընթացքին շատ բան հնարավոր չէ տեսնել, որովհետև երեք ամիսը պետության իշխանափոխությունից հետո տակավին բավական ժամանակ չէ ամբողջական արդյունքներ ձեռք ձգելու համար, սակայն անհրաժեշտ է, որ հաստատ քայլերով, չարաշահումների դեմ պայքարը շարունակելով, կարողանանք մենք իսկապես ժողովրդին փաստել, որ հայ մարդը, հայ քաղաքացին պատվախնդրորեն կարող են ապրել:

 

-Հեղափոխությունից հետո, ինչպես գիտենք, չարաշահումների դեմ պայքարը մի շարք բացահայտումների տեղիք տվեց՝ ի հայտ բերելով այնպիսի փաստեր, որոնք կապակցված էին Մարտի 1-ի դեպքերի հետ, ու սա հանգեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցելու: Դուք այս շղթայում նկատո՞ւմ եք խտրական վերաբերմունք, և ինչպե՞ս եք գնահատում դատական համակարգի աշխատանքը:

 

-Պետականաշինական կամ պետության հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք ճշտված են շատ բնական կերպով, ուզում ենք հավատալ, որ ներկա իշխանությունները վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ անհրաժեշտ ստուգումներով, դատարանի անկախ միջամտություններով և գործընթացով հանցավորներին կկարողանա հրավիրել պատասխանատվության, ով որ լինի հանցավորը, որ ժամանակի մեջ որ գործած լինի հանցավորը, առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահ կլինի կամ ով որ է և ինչ պաշտոնի վրա որ է, պայմանով, սակայն որ հարգվեն պետության՝ Սահմանադրությամբ ճշտված հիմունքները, սկզբունքները, ժողովրդավարական պայմանները և մարդկային իրավունքները, մի բան, որ ես ենթադրում եմ, որ իշխանությունները ժամանակի ընթացքում կկարողանան անել:

 

-Իսկ Դուք տեսնո՞ւմ եք Հայաստանում դատական համակարգի առողջացման հիմքեր: Արդյո՞ք ներկա դատարանները, որ տարիներ շարունակ այլ ձեռագրով են աշխատել, կարող են վերափոխվել ու գործել բացարձակ անաչառության պայմաններում՝ անտեսելով, որ իրենց առջև գտնվող մեղադրյալը իրենց նախկին վերադասն է:


-Գիտե՞ք՝ տարբեր իշխանությունների ժամանակ միշտ էլ խոսել ենք դատական իշխանությունների անկախությունը պահելու, պահպանելու անհրաժեշտության մասին, հույս ունենք որ ներկա հանգրվանում դատական իշխանությունները այդ անկախությունը կպահեն: Անհրաժեշտ է պահել դատական իշխանությունների անկախությունը թե՛ իբրև ընդհանուր համակարգ, թե՛ իբրև անհատ դատավորներ, որոնք, վերջին հաշվով, հարգելի անհատներ են, մասնագիտական իրենց գործի մեջ արդյունք տված անհատներ են, և պետք է ապավինի դատարանին, որովհետև երբ մի երկրում դատարանն ու արդարադատությունը առողջ է, նշանակում է՝ պետությունը առողջ է, եթե պատահի, որ լինեն դեպքեր կամ լինեն վճիռներ, որոնք հակասահմանադրական կամ հակաժողովրդավարական են կամ փտածության հետևանք, նաև որոշ բացթողումներ կան դատարաններում, ես կարծում եմ, որ դատական իշխանությունները նաև պատասխանատու են նման իշխանությունների առաջն առնելու:

 

-Դուք Ձեր խոսքի սկզբում շեշտեցիք՝ «արտագաղթի տուն տվող պատճառների» մասին, հետևաբար, կարծո՞ւմ եք, որ այլևս կվերանան այդ պատճառները օրինականության հաստատման պայմաններում, և ի՞նչ քայլեր են հարկավոր հայրենադարձությունը խրախուսելու համար:

 

-Բնականաբար, արտագաղթի տուն տվող պատճառը փտածությունը չէ առանձնաբար, փտածությունը մաս է կազմում նաև այդ պատճառների: Կան բազում պատճառներ, որոնց հիմնականը նաև հայ մարդու արտագաղթելու ձգտումն է, նյութական, տնտեսական ավելի լավ պայմանների ձգտումն է, իր հարկին նաև հայրենիքից դուրս գործի փնտրտուքն է և այլ հոգեբանական պատճառներ: Իսկ ընդհանրապես անհրաժեշտ է հայրենադարձության գաղափարը տևական գործի մեջ դնել, միաժամանակ հայրենադարձությունը կարող է  ենթադրել արտագաղթը, այսինքն՝ անհրաժեշտ է առաջին հերթին արտագաղթի դեմ քայլեր առնել, բարելավել ներքին կյանքը, որպեսզի կարողանանք քաջալերել նաև հայրենադսարձությունը: Հայրենադարձը պիտի ասի՝ ինչո՞ւ արտագաղթ կա հայրենիքեն, մենք ինչո՞ւ հայրենադարձություն պիտի անենք: Հայրենադարձությունը հայրենասիրական զգացումներից է բխում, այսօր, դժբախտաբար, արժեհամակարգային նոր դրույթի մեջ հայրենասիրությունը և տնտեսակյան պայմանների բարելավումը, հայրենադարձությունն ու այլ արժեքները միմյանց հակոտնյա են, հետևաբար պետք է գտնել միջին լուծումը, որ կանխելով կամ նվազեցնելով արտագաղթը՝ միաժամանակ հայրենադարձությունը քաջալերվի: