image
Հրատապ լուրեր:

Արա Պապյան. Ձախից ալևիներներն են հարվածի տակ դնում Թուրքիային, աջից՝ իսլամիստները

Արա Պապյան. Ձախից ալևիներներն են հարվածի տակ դնում Թուրքիային, աջից՝ իսլամիստները

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի Դերսիմ նահանգը քուրդ զինյալների կողմից ինքնավար մարզ հռչակելու և այնտեղ անցակետեր դնելուց բխող հետևանքներին, ասում է, որ սա այն է, ինչի մասին ինքը և մի շատ վերլուծաբաններ խոսում են: Այսինքն, որ գալու են կայսրությունների տրոհման ժամանակներ: Վերլուծաբանը գտնում է, որ Թուրքիան հայտնվել է 2 կամ 3 կրակների արանքում, ինչի պատճառով ստիպված է լինելու որոշ ժամանակով սառեցնել իր հակահայկական ծրագրերը՝ տարբեր ճակատներում չհակամարտելու համար: Կկարողանա՞նք մենք՝ հայերս սրանից օգտվել, ըստ Պապյանի, ցույց կտա ժամանակը:

-Պարո՛ն Պապյան, Դերսիմը քուրդ զինյալների կողմից հռչակվել է ինքնավար մարզ, որտեղ անցակետեր են դրվել: Սա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա ինչպես անվտանգության առումով, այնպես էլ հետագայում այսպես ասած՝ հողային պահանջների առումով: Պայմանական:

- Հասկանալու համար այս բոլոր երևույթները պետք է մի փոքր լայն վերցնենք: Իմ կարծիքով՝ Միջին Արևելքում սկսվում է սառեցված գործընթացի սկիզբը, որը սկիզբ էր առել Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Դա կայսրությունների տրոհումն է, և մի պահ այդ ամենը դադարեցվեց ռուսական հեղափոխության պատճառով, ապա վերսկսվեց 1990–ականներին՝ Բալկաններում, հիմա՝ Միջին Արևելք և Ռուսաստանում պիտի լինի: Մեր տեսանկյունից, ըստ իս, եթե չի հաջողվում   հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորել, ապա անհրաժեշտ է դրանք հաստատել այդ պետություններում կազմակերպված հանրությունների հետ՝ լինեն կրոնական, թե էթնիկ խմբեր: 

Նշեմ, որ Դերսիմում բնակչության շուրջ 70-80 տոկոսը ալևիներ են, որի շրջակայքում էլ ևս հոծ ալևի զանգված կա: Այսինքն՝ եթե այստեղ 70-80 տոկոս է, հարակից նահանգներում՝ 50-60 կամ 30-40: Եվ խոսքը 12-20 միլիոն մարդու մասին է ողջ Թուրքիայի տարածքում:

Նշեմ նաև, որ թեև ալևիները դասական առումով համարվում են շիա իսլամի հետնորդներ, ապա իրենցից շատերն իրենց չեն համարում իսլամի հետևորդներ, այլ համարում են առանձին կրոնի ներկայացուցիչներ, որովհետև իսկապես էական տարբերություններ կան. նրանք նամազ չեն անում, մզկիթ չեն գնում, Մեքքան չեն ընդունում որպես իրենց կենտրոն և այլն: Բացի այդ, ավանդաբար, հայերի նկատմամբ ալևիները եղել են անհամեմատ ավելի լավ տրամադրված և պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության ժամանակ համեմատաբար ավելի շատ հայեր փրկվել են ալևիների շրջանում: Գումարենք դրան և հիշենք, որ 1938 թվականին Դերսիմում տեղի ունեցան ջարդեր, Դերսիմի ցեղասպանությունը, որը Թուրքիան, ի տարբերություն Հայոց ցեղասպանության, ըստ էության ճանաչել է, քանի որ Էրդողանը ճանաչեց և ներողություն խնդրեց: Եվ այս ամբողջը, գումարած ինքնագիտակցության զարգացման հետ, նոր երևույթ է: Հիմա ու՞ր կտանի այդ ամբողջը, կտանի արդյո՞ք այս փուլում Թուրքիայի տրոհման, նոր պետական միավորների ստեղծման, դեռ շուտ է ասել, բայց որ բավականին լուրջ է, փաստ է: Եվ միայն Դերսիմի շրջանը չէ, կան բազմաթիվ այլ քրդաբնակ շրջաններ, որտեղ ևս ռազմական բախումներն են սաստկանում: Այնպես որ, մենք թևակոխում ենք լուրջ փոփոխությունների շրջան, որի մասին տարիներ ի վեր շատերն էին խոսում, այդ թվում նաև ես:

 

-Երբ հուլիսի վերջին թուրք-սիրիական սահմանին երբ պատերազմական գործողություններ սկսվեցին, Դուք կանխատեսեցիք Թուրքիայի համար ծանր ժամանակների սկիզբ: Եվ հիմա այս Դերսիմի ինքնահռչակումով իրականանո՞ւմ են Ձեր այդ կանխատեսումները:

- Սա, ըստ էության, այդ ծանր օրերի փուլերից մեկն է, որովհետև Թուրքիան հայտնվել է երկու կրակի արանքում. մի կողմից այս ներքին փոքրամասնություններ են, որոնց պայմանականորեն ենք կոչում փոքրամասնություն, որովհետև, ընդունեք, որ 12-15-20 միլիոնանոց հոծ զանգվածն արդեն փոքրամասնություն չէ, դա մի ողջ հանրույթ է: Չեմ ասում՝ ժողովուրդ, որովհետև ալևիությունն ավելի շուտ հավատամք է, բայց  դա հզոր երևույթ է:  Իսկ մյուս կրակն այն է, որ իսլամիստներն են սկսել ճնշել Թուրքիային: Եվ բացահայտորեն խոսվում է Աթաթուրքը՝ որպես իսլամի թշնամի, որպես Իսլամական խալիֆաթը ոչնչացնող երևույթի մասին: Այսինքն՝ ձախից ալևիներներն են հարվածի տակ դնում Թուրքիային, աջից՝ իսլամիստները: Գումարած նրան, որ Արևմուտքը  համագործակցության շեշտադրումը տեղափոխում է դեպի Իրան, ինչի պատճառով Թուրքիան կորցնելու է իր կարևորագույն նշանակությունը:

 

Մենք՝ հայերս, ըստ իս և ցավոք սրտի, հերթական անգամ անպատրաստ վիճակում կհայտնվենք այս մեծ բեկումնային ժամանակաշրջանների առջև: Բայց ակնհայտ է, որ շատ կարևոր է պատրաստ լինել նման ժամանակների համար, որովհետև նման ժամանակաշրջաններն են ստեղծում տարբեր հարցեր լուծելու հնարավորություն, այդ թվում նաև՝ Հայաստանի հողային իրավունքների հարցը: Եվ այստեղ ալևիները մեզ կարող են դաշնակից լինել, քանի որ սա Թուրքիայի համար մեծ պրոբլեմ է.հավանականությունը, որ Թուրքիան հակամարտությանը կմիջամտի, քչանում է, չէ՞: Եվ չմոռանանք, որ Թուրքիան էլ կորցրել է Արևմուտքի մոտ կարևորությունը որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր ու մահմեդական աշխարհիկ պետություն, բայց միաժամանակ էլ՝ չի գտել նոր դաշնակիցներ իսլամական աշխարհում: Այլ, հակառակը, թշնամիներ է ձեռք բերել: Այնպես որ, կրկնում եմ՝ Թուրքիայի համար բավականին ծանր օրեր են գալու: Իսկ դրանցից մենք կօգտվե՞նք, թե ոչ, դա արդեն պայմանավորած է շատ սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքներով:

 -Այսինքն՝ կարելի՞  է ասել, որ Թուրքիան իր այս հակահայկական ծրագրերն ու նախագծերը՝ թուրքա-ադրբեջանական տանդեմ, պանթուրքիզմ և այլն, իր համար ռազմավարական ծրագրերը մի պահ պետք  է սառեցնի՞:

-Այո՛, որովհետև տարբեր ճակատներում պատերազմելը կամ հակամարտելը դժվար է: Եվ ամեն երկրի բան չէ, հատկապես՝ Թուրքիայի: Այսինքն՝ և՛ Սիրիայի ճակատում, և՛ Իրաքի կողմից, և՛ ներսում ալևիների ու քրդերի:

 Բայց եթե անդրադառնում ենք խնդրին Արևմտյան Հայաստանի հողային հարցի դիտանկյունից, ի վերջո, եթե Դերսիմն ու ալևիները գնում են անկախության, դրա մասին դեռ շատ վաղ է խոսել, բայց իրենց ձեռ է տալիս, որ իրենց հարևանը լինի Հայաստանը, որովհետև դա իրենց ելք է տալու դեպի ծով։


-Իսկ այդ ամենը Թուրքիայի ներսում ինչի՞ կհանգեցնի՝ քաղաքացիական պատերազմի՞:  Պարզ է, որ Թուրքիան ձեռքերը ծալած չի նստելու, ի՞նչ է անելու:

- Պատերազմ, ըստ էության, ընթանում է: Եվ Թուրքիան անգամ ավիացիա է օգտագործում ապստամբներին ճնշելու համար: Բայց փորձը ցույց է տալիս, որ զուտ ռազմական ճնշումով հարցը չի լուծվի… Թուրքիան ի՞նչ է անելու, շարունակելու է ճնշել, ջարդել և կոտորել, բայց գնալով այդ հնարավորությունը փոքրանում է, որովհետև ներքին անկայուն վիճակի շահագրգիռ ուժեր կան: Օրինակ՝ այն ուժերը, որ չէին ուզենա, որ իրանական գազը եվրոպական շուկա հասնի որպես մրցակից ռուսական գազին՝ «Գազպրոմին»: Եվ հիմա Իրաք-Սիրիա ճանապարհը փակ է Թուրքիայի ճանապարհը փակելու համար, որովհետև հաջորդ տարբերակը մնում է Ադրբեջան-Վրաստան ճանապարհը, որը, հնարավոր է, ամեն վայրկյան փակվի ԼՂ հակամարտությամբ, և մյուս տարբերակը մնում է զուտ Հայաստան-Վրաստան տարբերակը: Այսինքն՝ այստեղ տարբեր ուժեր կան, որ հակամարտության մեջ են: