image
Հրատապ լուրեր:

Շառլ Ազնավուր. Մեռնելն ատում եմ

Շառլ Ազնավուր. Մեռնելն ատում եմ

 

«Ազգ»-ը նոյեմբերի 3-ի համարում ներկայացրել էր Գերմանիայում լույս տեսնող «Յուդիշե ալգեմայնե» գերմաներեն շաբաթաթերթի հետ Շառլ Ազնավուրի  զրույցից այն հատվածը միայն, որ վերաբերում էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: «Նա ամենաճանչված ֆրանսիացիներից մեկն է, մեծագույն շանսոնիեներից, որ 93 տարեկանում էլ համաշխարհային աստղ է մնում՝ ամեն օր գրելով, մեղեդի ստեղծելով, անգամ՝ համերգային շրջագայությունների մեկնելով», այսպես է բնութագրում Ազնավուրին հեղինակ Իգալ Ավիդանը, այդուհետ անդրադառնում Թել Ավիվ մեկնելու առիթին. ի հարգանս ծնողների՝ Միշա եւ Քնար Ազնավուրյանների, Շոյայի ժամանակ ցուցաբերած սխրանքի, Իսրայելի նախագահ Ռիվլին Ռաուլ Վալլենբերգ շքանշանով է պարգեւատրում երգչին ու քրոջը՝ Սեդային, որ Փարիզի իրենց բնակարանում Գեստապոյի տեսադաշտից թաքցել են հրեաներին: «Հենց Հայոց ցեղասպանության վերապրող լինելու հանգամանքով է պայմանավորված Ազնավուրյանների՝ հետապնդվող հրեաների, ընդդիմացող մարտիկների, Վեհրմախթի դասալիքների հանդեպ ցուցաբերած համերաշխությունը», գրում է Ավիդանը «Յուդիշե ալգեմայնե»-ի հիշյալ հարցազրույցի նախաբանում:

Ազնավուրի հետ հանդիպումը կայացել է Փարիզում, Իսրայել մեկնելու նախօրեին: Նոյեմբերի 2- ին հիշյալ շաբաթաթերթում առցանց տեղադրված հարցազրույցը նկատելի շատ ընթերցող է ունեցել: Միգուցե դա էր պատճառը, որ նույն հեղինակի ստորագրությամբ մի քիչ այլ մանրամասներով ու շեշտադրմամբ այդ զրույցը նոյեմբերի 6-ին հետաքրքրել էր նաեւ գերմանական ռադիոյին («Դոյչլանդֆունկին»):

«Ազգ»-ը ներկայացրել է այդ զրույցի հետաքրքրական դրվագները՝ մասնակի կրճատումներով:

Ազնավուրը եբրայերեն ողջունելով ասաց՝ Bruchim Habaim ( բարի գալուստ, գեղարվեստական՝ օրհնյալ են նրանք, որ գալիս են- խմբ.) այնուհետ Schma Israel աղոթքի սկիզբը հիշեց:


- Մեծ մասը մոռացել եմ, առաջին տողերն եմ հիշում միայն: Հաճախ էի իմ լավ ընկերներից մեկին՝ նորաձեւության ճանաչված դիզայներ Թեդ Լափիդուսին սինագոգ ուղեկցում, այլապես նա չէր գնա: Այդ էր պատճառը, որ Ֆրանսիայում բոլոր հրեաները կարծեցին, թե հրեա եմ: Ֆիլմերում միայն 2 անգամ եմ հայի դեր տարել, 7 անգամ՝ հրեայի: Սիրածս դերակատարումը խաղալիքներ վաճառող հրեա Զիգիզմունդ Մարկուսի դերն է «Թիթեղյա թմբուկ» ֆիլմում: Այնտեղ պիտի կադդիշն (հրեաների սրբազան աղոթքներից, որ արամերեն է նաեւ- խմբ.) արտասանեի, դժվար էր:


- Իդիշը որտեղի՞ց գիտեք:


- Մի քիչ սովորել եմ հրեա ընկերոջիցս, որ հորս հետ այդ լեզվով էր խոսում: Երբ հայրս երիտասարդ էր, Վրաստանում երեխաները հարեւանների բոլոր լեզուները խառնում էին իրար՝ ռուսերենը, հայերենը, վրացերենը ու նաեւ՝ իդիշը: Ինքս ինձ անվանում եմ աշքենազյան միակ Goi- ը ( ոչ հրեա, օտար- խմբ.), մանկության տարիներին, նաեւ ավելի ուշ՝ բոլոր ընկերներս հրեաներ էին: Նրանց ծնողները հայերի նման ներգաղթյալներ էին, ապրում էին նույն մասում, դեպի Ֆրանսիա փախուստի նույն ուղին էին բռնել՝ Թեսալոնիկի վրայով: Փարիզի հյուսիսային մասում Marche՛ aux Puces de Saint-Ouen շուկայում (անտիկ տարատեսակ ապրանքի աշխարհի ամենամեծ շուկան է մինչ այսօր- խմբ.) աշխատում էին միասին: Երբ հրեաները, գերմանացիների ներխուժումից առաջ, հասցրեցին փախչել Ֆրանսիայից, շուկայում իրենց տաղավարները հանձնեցին տեղաբնակ հայերին: Նրանց վստահում էին, հավատալով, որ պատերազմի ավարտից հետո իրենց տաղավարները հայերն առանց խնդիրների կվերադարձնեն: Նրանք սերտորեն համագործակցում էին, իրար լավ էին ճանաչում:


- Այն ժամանակվա խիզախ գործողությունները դեռ կարո՞ղ եք հիշել:


- Հրեաներից մեկի անունը Սիմոն էր, մեզ մոտ եկավ իր հայուհի կնոջ՝ Կարմենի միջոցով, մյուսն Ադրբեջանից էր: (Ազնավուրի քույրը՝ Աիդան իր գրքում նշում է մի ռումինացի հրեայի մասին, որ նացիստական Գերմանիայից էր փախել- «ՅԱ» թերթի խմբ): Ծնողներիս տանը քույրս ու ես քնում էինք գետնին, քանի որ մեր ներքնակները զիջել էինք նրանց:


- Վեհրմախթի դասալիքների՞ն էլ էիք օգնում:


- Գերմանացիներն այդ մարդկանց հարկադրաբար էին զինակոչել, համազգեստ էին տվել, ուղարկել Վեհրմախթ (նացիստական Գերմանիայի զինված ուժեր - խմբ.): Իմ պարտականությունը դասալիքների համազգեստը դեն շպրտելն էր: Ես դրանք կոյուղին էի նետում, անշուշտ՝  նույնի մեջ չէ: Նրանք մեր տնից դուրս էին գալիս քաղաքացիական հագուստով: Մեր տան առաջին հարկում հրեա նույնասեռ մի զույգ էր ապրում: Քույրս նրանց ինքնությունը հայտնաբերելուց հետո երբեմն դաշնամուրով նրանց ազգային օրհներգն էր նվագում՝ «Հաթիկվան»: Պատերազմի ավարտից հետո երբ հանդիպել էին, քրոջս ասել էին՝ «Գիտեինք, որ դա մեզ համար էիր նվագում»:


- Ձեր կյանքի մասին 5 գիրք եք գրել, փրկելու մասին՝ միայն հպանցիկ հիշատակումով: Ինչո՞ւ:


- Չեմ սիրում ինքնահավան մարդկանց: Արդյո՞ք ես համեստ եմ: Որպես երգահան բնավ էլ համեստ չեմ, որպես երգիչ՝ նույնպես, միայն կյանքում եմ համեստ: Շատ հետաքրքրական է, որ հենց իսրայելցին՝ պատմաբան Յաիր Աուրոնը, որ տասնամյակներ ի վեր հետազոտում եւ ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին, այս պատմությունը գրառեց: Այդ նպատակով 2015- ին նա զրուցեց քրոջս՝ Աիդայի եւ ինձ հետ՝ իր «Փրկարարներ եւ մարտիկներ» գրքի համար, որ լույս տեսավ անգլերեն, եբրայերեն, հայերեն, ֆրանսերեն: 


- Վալլենբերգ շքանշանի հետ մեկտեղ Ձեր ծնողներին մեծարելու են նաեւ հրեա-արաբական Նեվե Շալոմ գյուղում: Ի՞նչ նշանակություն ունի դա Ձեզ համար:


- Շատ հպարտ եմ, որ հիմա ծնողներիս արարքն արժեւորում են, կարեւոր է նաեւ այն, որ իսրայելցիներին ցույց տանք, թե ժամանակին ողջ աշխարհը հակասեմական չէր: Այս այցիս ժամանակ պաղեստինցիներն էլ են ուզում ինձ հետ հանդիպել: Հոյակապ կլիներ, որ կողմնակի մեկը, որ ո՛չ հրեա, ո՛չ էլ պաղեստինցի է, նպաստի կողմերի երկխոսությանը:


- Նեվե Շալոմի «Աշխարհի արդարակյացների այգում» հարգում են ոչ միայն հրեաների կյանքը փրկողներին, դրանով այն Երուսաղեմի ազգային Յադ Վաշեմ հուշահամալիրից տարբերվում է: Յադ Վաշեմը գիտե՞ք:


- Իհարկե, եղել եմ այնտեղ: Մի քանի տարի առաջ արդեն խրախուսում էի, որ Հայոց կոտորածների հուշահամալիրներից մեկը Յադ Վաշեմի օրինակով կառուցվի: Աշխարհի որ երկրում ասես, եթե մի հրեայի փողոցում կանգնեցնեք ու Իսրայելի մասին հարցնեք, ինչ- որ բան կկարողանա ասել: Բայց բոլոր հայերը չէ, որ իրենց պատմությունը գիտեն, թեեւ նախկինում ավելի նվազ էր նրանց թիվը: Մարդը պիտի իր արմատները ճանաչի, ծնողներն էլ պիտի զավակներին իրենց կրոնն ու մայրենի լեզուն սովորեցնեն: Շատ կարեւոր է. կրոնը երեխային ճիշտ ուղին է ցույց տալիս, իսկ լեզուն բովանդակ աշխարհն է բաց անում:

Կրոնը միայն հաշտեցման առաքելությունն ունի: Ով նրա անունից պատերազմ է վարում, Աստծո եւ աշխարհի մասին ոչինչ չի հասկացել: Արարիչը արվեստագետի նման տարբեր անուններ ունի՝ Աստված, Ալլահ, Շիվա: Աստծո անունից կռվելը մեղք է: Անհնար է պատկերացնել, որ մարդասպան աստված ունենք: Ես մի երգ էի սկսել՝ «Մզկիթն ու եկեղեցին», բայց բոլոր ընկերներս՝ հրեաներ եւ ոչ հրեաներ, զգուշացրեցին այն չհրապարակել՝ խնդիրներ կունենաս: Ֆրանսիայում իսլամիստների ահաբեկչական գործողությունների խորապատկերին այսպիսի ներդաշնակ վերնագիրը կարող է սադրիչ ընկալվել: Այնինչ հավատում եմ՝ կրոններն ավելի շատ միավորում, քան բաժանում են:


- Ձեր ընտանիքը կրոնապա՞շտ էր:


- Հայրս՝ հազիվ թե, մայրս՝ մի քիչ: Ես եկեղեցի եմ գնում մկրտությունների, պսակի եւ թաղման առիթներին: Երկու դուստրերիս էլ Փարիզում եմ մկրտել, երկու որդիներիս՝ Հայաստանում: Մկրտությունն ինձ համար կարեւոր է: 1967- ին վերջին ամուսնությունս հայկական եկեղեցում է կայացել. բողոքական շվեդուհին երկիր ուներ, հայս՝ չուներ: Թոռներիցս Հակոբն է մեր ընտանիքի միակ հրեան: Նրա հայրը մահացավ այն ժամանակ, երբ տղան իր Barmizwa-ն ( հրեաների օրենքով՝ տղաների 13 տարեկան 1 օրական եւ աղջիկների 12 տարեկան 1 օրական դառնալը նշվում էՙ որպես կրոնական հասունության տարիք-խմբ.) պիտի տոներ, ուստի արարողությունը չեղարկվեց: 2014- ին Իսրայել մեկնելիս նրան հետս տարա: Նախապես հայտնի րաբբիներից մեկի որդու հետ էի ծանոթացել, որ օգնել էր ուզում: Իրականում նմանատիպ մի բան կազմակերպեց մի սինագոգում, որ Երուսաղեմի Լացի պատին է սահմանակցում: Այդ արարողությունը Հակոբի համար շատ հուզիչ էր, դրանից հետո հրեական պատվիրաններին հետեւում է, օրինակ՝ սնունդ ընդունելու կարգին:

Կրտսեր որդիս՝ Նիկոլան, հայերեն է սովորում, հայուհու հետ է ամուսնացել: Շատ ուրախ եմ նրա համար:

 

-Հենց նոր թաղման մասին էիք խոսում: Արարողակարգի մասին արդեն խորհե՞լ եք:


- Ոչ, քանի որ մեռնելն ատում եմ:


Թարգմանեց՝ Անահիտ Հովսեփյանը/«Ազգ»

 


 

 

Շառլ Ազնավուրը քրոջ՝  Աիդա Ազնավուրի հետ