image
Հրատապ լուրեր:

Եթովպիա-Անգլիա-Հայաստան ճանապարհն ու կապը... Շեքսպիրի հետ

Եթովպիա-Անգլիա-Հայաստան ճանապարհն ու կապը... Շեքսպիրի հետ

Անգլիա այցելող զբոսաշրջիկները, Լոնդոնից բացի, երեք այլ քաղաք են ձգտում տեսնել՝ համալսարանական Օքսֆորդը, հռոմեական բաղնիքների քաղաք Բաթը և Շեքսպիրի ծննդավայր Էյվոնի Սթրաթֆորդը (Stratford-on-Avon): Այս թատերական, գրական քաղաքի մշակութային ոլորտի կարևոր պաշտոններից մեկը չորրորդ սերնդի մի սփյուռքահայ է զբաղեցնում:

 


 

Նյութի հեղինակը Անայիս Վանյանի հետ՝ վերջինիս աշխատավայրում 

 

                         Քաղաքը և Պոետը

 

Լոնդոնից մոտ 150 կմ հեռու, երկրի սրտում գտնվող այս գողտրիկ քաղաքը, ուր ծնվել և հանգչում է աշխարհահռչակ բանաստեղծը, շեքսպիրյան նյութական ժառանգության սիրտն է: Այդ ժառանգությունը ներառում է տուն-թանգարաններ, որոնք գտնվում են Շեքսպիրի Ծննդավայրի Հիմնադրամի (Shakespeare Birthplace Trust-  www.shakespeare.org.uk) հովանու ներքո, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է արքայազն Չարլզը: Նրանց հոգածության տակ առնված «գանձերի» մեջ են թատերագրի մոր հայրական ագարակն ու կնոջ օրիորդական տունը, բայց «մարգարիտն» իհարկե, դրամատուրգի ծնողական տունն է: Այստեղ, քաղաքի կենտրոնական փողոցի վրա համեմատաբար բարեկեցիկ ապրող կաշեգործ հայր Շեքսպիրը կարել է ձեռնոցներ և այլ կաշվե ապրանք, մասնակցել Սթրաթֆորդի առևտրային կյանքին և նույնիսկ նշանակվել քաղաքապետ: Ուիլյամ Շեքսպիրն այստեղ ծնվել է, դպրոց հաճախել և ամուսնության սկզբնական շրջանում ապրել իր կնոջ՝ իրենից յոթ տարի մեծ Անն Հաթըուեյի հետ:

Մենք շրջում էինք այս տան՝ 500-ամյա պատերի ներսում, երբ զբոսավարներից մեկն իմացավ, որ Հայաստանից ենք: Պարզվեց, իրենք «իրենց հայն» ունեն կազմակերպությունում: Նա Անայիս Վանյան-Քուփերն է, որ արդեն տասը տարի է, ինչ աշխատում է Հիմնադրամում և Հոլս Քրոֆթի՝ Շեքսպիրի դստրերից մեկի ամուսնական տան տնօրենն է:              

 

                          Հայուհին և Տնօրենը 

 

 

Անայիսի հետ զրուցելը դարձավ նպատակ, որն ինչպես պարզվեց, հազար արժեր: Խարիզմատիկ կին է՝ վառ ու գունեղ հագուկապով, վարակիչ ծիծաղով և հմայված իր աշխատանքով: Մեր զրույցը ձայնագրեցինք հեռախոսով, նա խոսում էր արևմտահայերեն: Հայաստանից կամ հայաբնակ վայրերից դուրս ապրած չորրորդ սերնդի հայուհին սովորել է հեռավոր Եթովպիայի հայկական դպրոցում, 1960-ականներին, երբ մայրաքաղաք Ադիս Աբեբան ուներ ծաղկող հայ համայնք: Հարցազրույցը, աննշան խմբագրումներով, ներկայացնում ենք արևելահայերեն:

 

               Մանկություն և Պատանեկություն

 

«Մայրս Սուդանից է, հայրս՝ Եթովպիայից: Մորս ընտանիքը Ակնից գաղթել էր Աբդուլ Համիդյան կոտորածներից առաջ (1894-96թթ. -խմբ.), իսկ հորս կողմը՝ հետո, բայց 1915 թվականին նրանք արդեն Սուդանում և Եթովպիայում էին, այսինքն Թուրքիայում չէին: Ես ծնվել եմ Եթովպիայում, այնուհետև 1975-ին եկել Անգլիա՝ գիշերօթիկ դպրոցում սովորելու: Այդ ընթացքում հայրս մահացավ Եթովպիայում, այնտեղ իշխանության եկավ նոր կառավարություն, որը խնդիրներ ուներ (Անայիսի հայրը արքունիքի ոսկեգործն էր-խմբ.), և ես այստեղ եմ ապրում արդեն ավելի քան 40 տարի: Իմ բախտը բերեց, քանի որ Լոնդոնում, գիշերօթիկ դպրոցում սովորելուն զուգընթաց հանդիպեցի գորգամշակ մի հայ ընտանիքի և իրենց մոտ սկսեցի սովորել գորգ նորոգել: Քանի որ նրանք լիբանանահայ էին, հայությունն այս դեպքում շատ կարևոր էր, այսինքն հայերեն էինք խոսում, հայկական միջոցառումների գնում, մի խոսքով շատ դժվար չէր: Այդ ընթացքում վերադարձել եմ Եթովպիա՝ մտերիմներիս տեսնելու, բայց իմ տունն այստեղ է, քանի որ այստեղ եմ դպրոց գնացել, այստեղ մեծացել, և հետևաբար Անգլիան դիտում եմ որպես իմ տուն»:

 


 

Շեքսպիրի փեսայի տան այգում: Հոլս Քրոֆթը Շեքսպիրի դստեր՝ Սյուզաննայի առանձնատունն է, որտեղ նա ապրել է իր բժիշկ անուսնու և դստեր հետ: Այգում Ջոն Հոլը աճեցրել է դեղաբույսեր և դրանցով պատրաստած դեղամիջոցները վաճառել իր տնից:

 

Անգլերեն խոսելիս, իր իսկ խոստովանությամբ, հազիվ նշմարելի առոգանություն ունի. արևմտահայերենի ազդեցությունն է: Երբ թերահավատորեն զարմացա, պարզաբանեց, որ ավանդապաշտ գիշերօթիկ դպրոցի արտակարգ կրթությունը նրան բարձր խավի մաքուր անգլերեն էր ներարկել, բայց ավարտելուց հետո Լոնդոնի հայ համայնքում շփումների ժամանակ որոշել է «հետ վերցնել» իր համար հարազատ արտասանությունը: Անգլիացիները, թեև հստակ տարբերում են տարածված ակցենտները, ասենք հնդիկներինը, դժվարանում են գուշակել Անայիսի ծագումը, բայց ասիական դիմագծերից ենթադրում են, որ Մերձավոր Արևելքից է: Նրա՝ հազիվ լսելի «դրսի» հնչողություն ունեցող անգլերենը իր արմատներին հարազատ մնալու ներքին հռչակագիրն է: Սակայն, դա չի նշանակում, թե  իր հայ լինելու հանգամանքը որևէ կերպ թաքցնում է:


-Հետաքրքիր է՝ երբ մենք այցելեցինք Շեքսպիրի հայրական տուն-թանգարանը, այնտեղի աշխատակիցները, իմանալով որ Հայաստանից ենք, անմիջապես նշեցին Ձեր անունը և ասացին, որ հայուհի եք: Այսինքն դա մի բան է, որ Դուք հպարտորեն եք նշում...


-Շատ հպարտ եմ անշուշտ հայ լինելու համար, որովհետև այսպիսի մի տան աշխատանք եմ տնօրինում, որ աշխարհում մեկ հատիկ է, Շեքսպիրի հետ կապված նման ուրիշը չկա: Շեքսպիրի Ծննդավայրի Հիմնադրամը գրադարաններ ունի, որտեղ գրքեր կան հայերենով, ասենք՝ «Համլետը»  և այլն: Այո, շատ հպարտ էի, որ այստեղ եկա աշխատելու, որովհետև այսպիսի վայրում ուրիշ  մեկ այլ  հայ չկա...Ես չեմ հանդիպել շատ անգլիացիների, որոնք նախապաշարմունք ունենան իմ հանդեպ: Միակ բանը որ հարցնում են, երբ ասում եմ «ես հայ եմ», լինում է՝ «իրանցի՞», «պարսի՞կ» պարզաբանումը (անգլերենով «հայ» և «իրանցի» բառերի հնչողությունը նման է.- խմբ.): Ես միշտ հայերի մեջ եմ եղել, հայկական եկեղեցի եմ գնացել, սկաուտական հանդիպումների, բայց երբ ամուսնացա 1991-ին, ստիպված եղա Ուորիք (Warwick) բնակության տեղափոխվելու, ցավոք, հեռացա հայերից, չնայած մամայիս ու քույրերիս հետ շարունակում եմ խոսել հայերեն: Շատ հաճելի է, երբ այստեղ են գալիս հայեր:

Պարզվեց, որ հոր մահից հետո մայրն ու մյուս երեխաները ևս տեղափոխվել են Մեծ Բրիտանիա: Լոնդոնաբնակ ավագ քույրը՝ Սպիտակի երկրաշարժից հետո համայնքի անունից Հայաստան օգնություն բերած Ռուբինա Սվաճյանը ավագ տարիքի դպրոցականների համար  արկածային գիրք է գրել (R. P. Sevadjian, ‘’In the Shadow of the Sultan’’): Այն պատմում է մի տղայի դեգերումների մասին, իր շան հետ՝ սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած ջարդերից խուսափելու ճանապարհին: 


-Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը: 


-Մայրական տունս: Մեծ ցանկություն ունեմ Հայաստան գնալու: Այստեղ աշխատելով՝ ես շատ բան եմ սովորել, և իմ սերը Շեքսպիրի հանդեպ... Երբ ստանձնեցի այս տան կառավարումը, ուզեցի ոչ միայն հոգիս դնել, այլև մեծ փափագ ունեմ, որ մի օր Հայաստանի դպրոցականները կայցելեն մեզ, որ շեքսպիրասերների հետ հանդիպումներ կկազմակերպենք, ու մենք էլ կգնանք այնտեղ և մշակութային կամուրջներ կկառուցենք: Երբ ես ներկայանում եմ, ոչ թե ասում եմ անգլիահայ եմ, այլ ասում եմ՝ հայ եմ: Դա ինձ համար շատ կարևոր է, որովհետև Հայաստանն իմ մեջ է»:

 

Դաստակին նկատեցի ձեռագործ թևնոցը՝ հայկական եռագույնի մոտիվներով: Ասաց, որ երբեք չի հանում: Այս տարի սեպտեմբերին, առաջին անգամ վերջապես կայցելի Հայաստան՝ ամուսնու և հարազատների հետ: Պատրաստվում է Մատենադարանի աստիճաններին արևմտահայերեն արտասանել Համլետի «Լինել թե չլինել»-ը:

 

                             Ի դեպ

 

Ամեն տարի ապրիլի 23-ին երախտապարտ քաղաքը շքերթով նշում է իր զավակի ծննդյան տարեդարձն  ու մահվան օրը (Շեքսպիրն ընկերների հետ գարեջրատանն իր տարեդարձի առթիվ խնջույք անելու գիշերն է մահացել): Երթին մասնակցում են  արտերկրի՝ Լոնդոնում տեղակայված բազում դեսպանատներ, որից հետո ճաշկերույթ է լինում քաղաքապետարանի հրավերով: Անայիսը հույս ունի, որ մյուս տարի Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը ևս Սթրաթֆորդի փողոցներում կծածանի մեր դրոշը:

                                                     ***

2016 թ. ապրիլի 23-ին Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցի առթիվ, Անգլիայի մշակութային վերնախավը հավաքվեց Էյվոնի Սթրաթֆորդում՝ Շեքսպիրի պաշտամունքի համաթագավորական հանդիսությունների էպիկենտրոնում: Պատկերացում կազմելու համար, ասենք, որ Բի-Բի-Սի-ն այդ օրն ուղիղ հեռարձակում էր կազմակերպել Սթրաթֆորդից, որտեղ անցկացվող միջոցառումների թվում էին բացօթյա թատերական ներկայացումներ և հրավառություն: Հեռարձակումից մի երգիծական հատված՝ բրիտանական բեմի՝ Համլետի դերը խաղացած աստղերի և արքայազն Չարլզի մասնակցությամբ: 

 


 


Նանե Վ.Հ./twitter.com/naneh_v_h