image
Հրատապ լուրեր:

Արամ Կուրան. Թերթը հիմնեցինք՝ հավատարիմ մնալով մամուլի ավանդույթներին

Արամ Կուրան. Թերթը հիմնեցինք՝ հավատարիմ մնալով մամուլի ավանդույթներին

«Արեւելքը» զրուցել է Թուրքիայում լույս տեսնող «Լույս» թերթի հիմնադիր, խմբագիր Արամ Կուրանի հետ.

 

-Պարո՛ն Կուրան, շուտով Ձեր թերթի՝ «Լույս»-ի հիմնադրման հինգերորդ տարին է լրանում: Կմանրամասնե՞ք՝ ո՞րն է թերթի գլխավոր նպատակը, ինչպե՞ս հիմնեցիք և առավելապես ո՞ր շրջանակներում է այն կարդացվում:

 

-«Լույս»-ն արդեն հինգ տարի է՝ հրատարակվում է,  հիմնադիրները մենք ենք՝ ես եւ ընտանիքիս անդամները: Հավատարիմ լինելով հայ մամուլի ավանդույթներին, որոշեցինք հիմնել մամուլի մի միջոց, որն ուշադրության կենտրոնում կպահի մեզ հուզող թեմաները, դրանց վրա ուշադրություն կհրավիրի, եւ ընթերցողներն այնտեղ կգտնեն իրենց հոգեհարազատ թեմաներ: Այսօր արդեն կարող ենք ասել, որ թերթը հանգամանալից անդրադարձ է կատարում զանազան թեմաների եւ ունի ընթերցողների մեծ բանակ  ոչ միայն Թուրքիայում, որտեղ լույս է տեսնում, այլ նաեւ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, որտեղ թերթը հասնում է փոստով: 

 

 

 

-Թերթը միայն թուրքերե՞ն տարբերակով է հրատարակվում, թե՞ հայերեն բաժին եւս ունի:


-Այո, թերթը, անշուշտ, հայերեն բաժին էլ ունի: Հայերեն բաժնում տպագրվում են գրող Սարգիս Ադամի   հոդվածները:


-Իսկ համացանցային տարբերակ, ինչն այսօր տարածված է, ունե՞ք: 

 

-Ոչ, թերթը միայն հրատարակվում է ավանդական եղանակով: Բայց համացանցի հետ կապված մի այլ ծրագիր ունենք.  արդեն պատրաստվում ենք լսարանի դատին հանձնել «Լույս» TV-ն, որտեղ արդեն սկսել ենք կենդանի հեռարձակել տարբեր իրադարձությունների մասին հաղորդումներ եւ արդեն ընդունելություն ենք գտել: 

 

-Ի՞նչ թեմաների եք անդրադառնում  «Լույս» TV-ով:


-Ներկայումս նյութեր են պատրաստվում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների և Պոլսի պատրիարքի ընտրության հետ կապված:

 


 

-Ինչպես գիտեք, Պոլսում այլ թերթեր էլ կան, «Լույս»ն ի՞նչ տեղ է զբաղեցնում նրանց շարքում:


-«Լույս»ն ամսաթերթ է, որ որոշակի պարբերականությամբ է լույս տեսնում, մյուս հայկական թերթերն ավելի հաճախակի են լույս տեսնում, ամենաշատ ընթերցվողները, սակայն, «Մարմարա»-ն և «Ակոս»-ն են:

 

-Իսկ, եթե գաղտնիք չէ, Ձեր թերթի վաճառքի ցուցանիշները ինչպիսի՞ն են:


-Օրական կտրվածքով՝ 10000 օրինակ է վաճառվում ամբողջ աշխարհում: Իսկ TV-ի նյութերի օրական դիտումները հատում են 25000-ի շեմը:

 

-Թերթում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հրապարակումներ լինո՞ւմ են, ինչքանո՞վ են հայաստանյան իրադարձությունները ձեր ուշադրության կենտրոնում: 


-Հիմնականում մշակութային առումով ենք անդրադարձ կատարում, հավատալով, որ մեր հայրենիքը մշակութային օրրան է, եւ մշակույթն է եղել մեր ազգի գլխավոր ուղեկիցը բոլոր պատմական փուլերում: Սպորտային թեմաները ևս մեր ուշադրության կենտրոնում են. բազմազան հրապարակումներ ենք ունենում Հենրիխ Մխիթարյանի մասին:

Ինչպես գիտեք, Թուրքիայում գործում է Հրանտ Դինքի անվան դպրոց, որտեղ սովորում են Հայաստանից Թուրքիա գնացած մարդկանց երեխաները: Այդ դպրոցի հետ կապված նորությունները եւս մեր ուշադրության կենտրոնում են, հաճախ ենք անդրադառնում: 

 

-Իսկ պոլսահայությանը հուզող խնդիրներին չե՞ք անդրադառնում:


-Անդրադառնում ենք, բայց ոչ խորությամբ: Քաղաքական թեմաների մասին շատ չենք գրում, հիմնականում մշակութային թեմաներ ենք շոշափում:

 

-Ինչպե՞ս եք պատրաստվում տոնել թերթի 5-ամյակը: Որքան տեղյակ ենք՝ միջոցառում է նախատեսված այդ առիթով: 


-Այս տարի «Istanbul club»-ում մայիսի 27-ին տոնելու ենք թերթի հիմնադրման օրը: Արարողությանը ներկա կլինեն հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ, ներկա են լինելու նաեւ Արամ Աթեշյանը և Գարեգին Բեկչյանը: Մենք սահմանել ենք նաև պատվոգրեր, որոնք ամեն տարի հանձնվում են մամուլի տարբեր գործիչների, այդ ձեւով գնահատում ենք նաեւ մեր գործընկերների աշխատանքը:  Այս տարի պատվոգիր է շնորհվելու «Ժամանակ» թերթի աշխատակից, մամուլի բազմամյա մշակ Նադյա Քոչունյանին: