image

Հոգևոր դասին կոչ եմ անում ձայնը տալ իմ ավագ եղբորը՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին. պատրիարքի թեկնածուն՝ տեղապահի ընտրության մասին

Հոգևոր դասին կոչ եմ անում ձայնը տալ իմ ավագ եղբորը՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին. պատրիարքի թեկնածուն՝ տեղապահի ընտրության մասին

«Ակոս», Թուրքիա. Հարցազրույց Կ.Պոլսի Հայոց պատրիարքի թեկնածու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: 


 

-Սրբազան Հայր, ինչպե՞ս եք գնահատում Պոլսո պատրիարքի ընտրության շուրջ վերջերս տեղի ունեցած զարգացումները և´ Ստամբուլում, և´ Էջմիածնում ու ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը պատրիարքի տեղապահի ընտրության հարցի վերաբերյալ:

 

-Վերջին օրերին Պոլսո հայ համայնքում էլ ավելի բորբոքված և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որոշակի լուծման հասած վիճակը` կապված պատրիարքական ընտրությունների հետ, լավատեսության և ողջախոհության  հույսեր է ստեղծել: Ի սկզբանե մեզ շատերիս հայտնի էր այն մտահոգությունը, որ ներհամայնքային անհամաձայնություններն ու տարակարծությունները լուրջ խոչընդոտ էին դարձել Պատրիարքի ընտրության հեշտ ու գործնական խնդիրը լուծելու ճանապարհին: Սակայն այսօր արդեն նկատվում են հանդուրժողականության և փոխադարձ ընկալման ծիլեր, որոնք պետք է տանեն դեպի թնջուկի լուծում:  

Այս տեսանկյունից  նախևառաջ կարևորում եմ առաջիկայում սպասվող Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրությունները, որին իրավունք ունեն մասնակցել այդ աթոռը ներկայացնող իմ հոգևոր  երեք եղբայրները:  

 

-Սրբազան Հայր, նկատի ունենալով տեղապահական  ընտրության նրբությունները և պահի լրջությունը, ին՞չ խորհուրդ կտաք, ին՞չ անել նախորդ սխալները չկրկնելու համար:

 

-Հաշվի առնելով Պոլսո Աթոռի երկու սրբազանների միջև առաջացած անցանկալի զարգացումները և գնահատելով հաստատված դրական մթնոլորտը, ինչպես նաև հարցի օբյեկտիվ լուծման կարևորությունը` անկալի է, որ թեկնածուն չեզոք անձ լինի: Այս պարագային ես եղբայրաբար կոչ եմ անում Պոլսո Աթոռի հոգևոր դասին`հոգեշնորհ և արժանապատիվ քահանա հայրերին, պատրիարքի տեղապահի ընտրության ժամանակ իրենց ձայնը տալ իր փորձառությամբ և բարի համբավով վաղուց իր տեղը ամրապնդած իմ ավագ եղբորը` Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Վստահ եմ, որ իմ Սրբազան եղբայրը կկարողանա շատ արագ կազմակերպել և լուծել իր առջև դրված խնդիրը` առավելագույն անկողմնակալությամբ և պատշաճ մակարդակով:

 

 

-Իսկ ստեղծված վիճակը ինչպե՞ս կարող է ազդել արդեն պատրիարքի ընտրության հարցի վրա, ավելի շատ լավատեսության թե՞ վատատեսության ակնկալիք ունեք:

 

- Ուրախությամբ պետք է նկատեմ, որ այս  դրական մթնոլորտը տեսանելի է պատրիարքական Աթոռի բնական թեկնածուներիս և համայն բարեպաշտ հավատացյալների մոտ: Եվ շեշտվում այն հանգամանքը, որ պայքարը ոչ թե անձերի ամբիցիաները բավարարելուն պետք է ուղղվի, այլ եկեղեցական և համայնքային խնդիրները լուծելուն: Վստահ եմ, որ հոգևոր և աշխարհիկ մեր եղբայրներն ու քույրերը կանեն այն ամենը, որ տեղապահ Սրբազանը սիրո և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կազմակերպի ընտրությունների անցկացումը և այլևս չի կրկնվի Պոլսո հայության փառքն ու պատիվը ստվերող գործողություններ և երևույթներ: Հուսով ենք, որ առաջիկա, թեկուզ և շատ ուշացած, պատրիարքական ընտրություները օբյեկտիվ ու մրցակցային անցնելով պետք է վերականգնեն Պոլսո հայ համայնքի և բարեպաշտ ժողովրդի տարիներ շարունակ միտումնավոր խաթարված միասնականությունը, փոխադարձ վստահությունը և անդորրը: Սակայն այդ ցանկալի և հեռագնա ճանապարհին ամեն քայլ պետք է կարևորվի, իսկ տեղապահի ընտրությունը և դրանով պայմանավորված ընտրությունների բնականոն անցկացումը առաջին և պարտադիր քայլն է:

 

-Սրբազան Հայր, համայնքի հետ հանդիպումներ անցկացնելու համար եր՞բ եք մտադիր ժամանել Ստամբուլ:

 

Նախ նկատեմ, որ ինձ միշտ էլ մեծ բերկրանք է պատճառում Պոլիս և Թուրքիո այլ բնակավայրեր այցելելը ու մեր բարեպաշտ ժողովրդի հետ հանդիպելը: Առիթի և աշխատանքային ծանրաբեռնվածության թույլ տված հաճախականությամբ սիրով այցելում եմ Թուրքիա: Իսկ ինչ վերաբերում է որպես պատրիարքի թեկնածու այցին և համայնքի հետ հանդիպումներին, ապա ասեմ, որ աղոթքով, հույսով և բարի մաղթանքներով ու ակնկալիքներով ենք սպասում պատրիարքական տեղապահի ընտրությանը: Դրանից հետո ինչպես և պահանջում է եկեղեցական կարգը, Պոլսո աթոռից պաշտոնական նամակներ կուղարկվեն պատրիարքի բոլոր թեկնածուներին և ես էլ որպես թեկնածու կկարողանամ հանդիպել մեր բարեպաշտ ժողովրդի հետ: