image

Արսեն Հակոբյան. Մեր երկրում ներգաղթի քաղաքականության ձևակերպման համար սիրիահայերի գաղթը կարող է փորձառություն լինել

Արսեն Հակոբյան. Մեր երկրում ներգաղթի քաղաքականության ձևակերպման համար սիրիահայերի գաղթը կարող է փորձառություն լինել

Սիրիական պատերազմի հետևանքով սիրիահայերը հեշտությամբ չլքեցին իրենց ծննդավայրը. նրանք Դամասկոսում, Հալեպում, Ղամիշլիում, Քեսաբում, այլուր  մինչև վերջին հնարավորությունները օգտագործեցին՝ մնալու իրենց բնակավայրերում: Հալեպում մինչ օրս,  ըստ Հալեպում ՀՀ հյուպատոս Տիգրան Գևորգյանի, հունվարին ներկայացրած տվյալների,  12-13 հազար հայ է բնակվում: Այդուհանդերձ, սիրիական ճգնաժամը պատճառ (կամ առիթ) դարձավ, որ շատ սիրիահայեր գան Հայաստան: Սիրիահայերի հոսքը Հայաստան գիտական ուսումնասիրության նյութ է դարձել ազգագրագետ Արսեն Հակոբյանի համար: Նա իրականացրել  է «Սիրիահայերը Հայաստանում. հայրենադարձնե՞ր, թե՞ փախստականներ» հետազոտությունը, որը դեռևս շարունակվում է:  «Արևելք»-ն այս թեմայով հարցազրույց ունեցավ Արսեն Հակոբյանի հետ:   

 

-Պարոն Հակոբյան, 1946-1948 թթ. դեպի  Հայաստան շարժվեցին հայրենադարձների քարավաններ՝ աշխարհի տարբեր երկրներից: Այդ շրջանն անվանվեց «Մեծ հայրենադարձություն»: Իսկ ինչպե՞ս կբնորոշեք սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստան ներգաղթած սիրիացիների տեղաշարժը:    

 

-1940-ական թթ. հայրենադարձությունը պետական միջոցառում էր, նպատակաուղղված քաղաքականության հետեւանք, որ Խորհրդային իշխանություններն այդ ժամանակ իրականացնում էին: Ի դեպ, այն այդ ժամանակ կոչվում էր ներգաղթ. «հայրենադարձություն» տերմինը ավելի ուշ մտավ շրջանառության մեջ՝ սկսած 1960-ական թվականներից:   

Իսկ սիրիական պատերազմի հետեւանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի գաղթի պայմանները, նրանց իրավական կարգավիճակը եւ հետագա հեռանկարները տարբերվում են 1940-ական թթ. ներգաղթից: Նախ առաջինը նրանով,  որ պատերազմի հետեւանքով նրանց գաղթը Հայաստան հարկադրական է, եւ երկրորդ՝ ՀՀ-ն քաղաքական նպատակ չի ձեւակերպել, որ իրականացնում է ներգաղթի քաղաքականություն: Այստեղ նույնականությունը թերեւս կարող է լինել այն առումով, որ սիրիահայերի մուտքը Հայաստան պայմանավորված էր Հայաստանը որպես հայրենիք ընկալելու հանգամանքով: Դա է պատճառը, որ պատերազմի հետեւանքով մոտ 20.000 սիրիահայեր եկան Հայաստան:  Իհարկե, եթե դետալներն էլ քննարկելու լինենք՝ Հայաստանի քաղաքացիության շնորհումը, իրենց ընկալումները՝ Հայաստանը որպես հայրենիք կամ հայրենիքի մի մաս, ինչ-որ չափով մերձեցնում է հայրենադարձություն երեւույթին, սակայն  այդ առումով դա պետության խնդիրն է, թե այն արդյոք նման նպատակ ձևակերպե՞լ է: Ուրեմն, սիրիահայերի համար Հայաստանը  միանշանակ հայրենիք է ընկալվում, սակայն Հայաստան գալը հարկադրական գաղթի հետեւանք է: Քաղաքացիություն տալը նույնպես կարելի է դիտարկել այդ կոնտեքստում:  Սակայն քաղաքացիություն տալը չի ուղեկցվում ներգաղթի կամ հայրենադարձության պետական քաղաքականությանը բնորոշ միջոցառումներով ու քայլերով: 

 

-Հետաքրքիր է՝ կա՞ գիտական ուսումնասիրություն կամ հիմնավորում՝ ինչու՞ մի դեպքում, դիցուք՝ սիրիահայերի դեպքում, մարդիկ կառչած են իրենց տանը, քաղաքին՝ մինչև վերջին պահը, իսկ Հայաստանից այսքան դյուրությամբ են հեռանում:


-Դրանք տարբեր պատճառներ ունեն, այսինքն, եթե Հայաստանից արտագաղթում են, ապա չի նշանակում, որ մարդիկ իրենց ծննդավայրին կապված չեն: Սիրիահայերի գաղթը հարկադրական գաղթ է: Մարդիկ ստիպված թողել են իրենց բնակավայրը, որովհետեւ պատերազմ է, եւ վտանգված է նրանց ֆիզիկական գոյությունը:

Պատերազմն իր հետ բերում է եւ՛ գոյատեւման փնտրտուքներ, այսինքն՝ հետագայում ինչպես պետք է գոյատեւել, եւ՛ այդ փնտրտուքների շուրջ զանազան քննարկումներ, որոնք կարող են լինել եւ՛ անհատական, եւ՛ համայնական, եւ՛ պետական մակարդակներում: Սիրիահայերի գաղթը դեպի Հայաստան պլանավորված գործընթաց չէր. այն տարերային էր: Սկզբնական շրջանում, օրինակ, նրանց մի մասի գաղթը պայմանավորված էր պատերազմի շուտ ավարտի եւ վերադառնալու հետ:  Որեւէ մեկը չէր սպասում, որ պատերազմը երկարաձգվելու է: Սա հարցերից մեկն է, իսկ մյուս հարցն այն է, որ անձը գաղթի որոշում ընդունում է դժվարությամբ, որովհետեւ դա կապված է ոչ միայն մտապատկերում եղած հեռանկարների հետ, այլ նաեւ իր ծննդավայրի, իր բնակարանի, իր կեցության պայմանների հետ: Սրանք լուծում պահանջող խնդիրներ են, եւ Հայաստանից հեռանալու հետ կապված համեմատությունը, ես կարծում եմ, որ հետաքրքիր է, բայց դրանք խիստ տարբեր երեւույթներ են, որովհետեւ այնտեղ ֆիզիկական պայմանների գոյության խնդիրն է: Բացի այդ խնդիրը նաեւ  իրենց տներին, ունեցվածքին տեր լինելու, դրանք պահպանելու հանգամանքն է, քանի որ դրանք նրանց տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են:

 

-Հայաստան, ըստ Ձեր նշած տվյալի,  գաղթել են մոտ 20.000 սիրիահայեր: Ձեր ուսումնասիրությունից ի՞նչ է պարզվել՝ ի՞նչն է այնքան օտար նրանց համար Հայաստանում, որ շատերը ցանկանում են մեկնել երրորդ երկրներ: Այսինքն՝ Հայաստանը նրանց համար փոխադրության (transit) երկիր է:

 

-Երբ 2013 թվականից սկսեցի ուսումնասիրություններ կատարել, Հայաստանից հեռանալու միտումներ չկային. Հայաստանը սիրիահայերի համար մշտական հանգրվան էր դիտարկվում: Պատերազմի հետագա շարունակականությունը բերում էր նոր տիպի գոյատեւման փնտրտուքների, եւ արդեն այլ հեռանկարներ էին դրսեւորվում, որոնք կապված էին ոչ միայն սիրիահայերի ընտրությամբ պայմանավորված, այլ նաեւ միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների յուրահատուկ մոտեցումների հետ, որոնք միգրացիոն հատուկ քաղաքականություն են իրականացնում՝ ընդհանուր սիրիական պատերազմի հետեւանքով մարդկային հոսքերը կարգավորելու նպատակով:

Ես Հայաստանը չէի անվանի տրանզիտ երկիր, բայց որ Հայաստանից հեռանում են, այդ միտումը կա, սակայն այստեղ կարեւոր է՝ ինչո՞ւ: Նախ մշակութային առումով սիրիահայերը  եւ հայաստանյան իրականությունը խորթ չեն միմյանց, եւ արգելքները մշակութային չեն՝ ինտեգրացիայի առումով: Խոչընդոտը սոցիալ-տնտեսական գործոններով է պայմանավորված:

Սիրիահայերը իրենց ընտրությունը կատարել են գալով Հայաստան, եւ ՀՀ-ն գործնական ու բովանադակային քաղաքականությամբ պետք է պատասխանի այն հարցին, թե ի՞նչ հեռանկար է տեսնում այդ ուղղությամբ:

Միանշանակ իմ ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանը նրանց մի  զգալի մասին կարող է պահել, եթե հստակ հեռանակարային ու առանձնահատուկ քաղաքականություն որդեգրվի, օրինակ՝ տան, բնակարանի խնդիրը լուծում ստանա, իսկ երկրորդ տեղում կարելի է դիտարկել զբաղվածությունը: Բնակարանային խնդիրների եւ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով է տեղի ունենում Հայաստանից ռեմիգրացիան, ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը կամ հայկական իրականությունը օտար են: Հաստատուն հիմքեր ունենալու համար՝ Հայաստանում նրանց անհրաժեշտ է առաջին հերթին կացարան, որովհետեւ ինքնին վարձով բնակարանում ապրելը հոգեբանորեն ընկալվում է որպես ժամանակավոր երեւույթ: Հաստատուն հիմքեր պետք է ապահովեն նախ պետությունը՝ համապատասխան պետական քաղաքականությամբ, ինչպես նաեւ այն հասատատությունները, որոնք ունեն միջոցներ եւ կարող են լուծել նրանց կեցության խնդիրները, քանի որ մենք գործ ունենք պատերազմի հետևանքով հարկադրված հեռացած խմբի հետ:

Ցավոք, ՀՀ-ն ներգաղթի հետ կապված ընդհանուր քաղաքականություն չուներ և չունի, եւ սա նաեւ որոշակի փորձառություն պետք է լինի այդ քաղաքականությունը պրակտիկ հիմքերի վրա դնելու առումով: Առաջին խնդիրը, որ պետք է անի կամ աներ Հայաստանը, պետք է քաղաքական նպատակ ձեւակերպեր ներգաղթյալ խմբերի հետագա հեռանկարները տեսնելու, դիտարկելու առումով, ըստ այդմ էլ, օգտագործվեին գործիքներ, որոնք քաղաքականությունը կդնեին ավելի ռացիոնալ ու հեռանկարային հիմքերի վրա:  Իհարկե, այդ գործիքների մի մասն օգտագործվեց: Դա վերաբերվում էր քաղաքացիության խնդրին, բայց քաղաքացիության գործիքը, որոշ իրավական խնդիրների կարգավորումը եւ միջոցառումների իրականացումը իրավիճակային և տարանջատված  քայլեր էին: Այդ գործընթացների նպատակը նախ պետք է ձեւակերպվեր, ապա այդ նպատակից ելնելով արդեն իրականացվեին քայլեր:

 

-Ուսումնասիրելով սիրիահայերի խնդիրը՝ ի վերջո, ի՞նչ եզրակացության եք հանգել՝ սիրիահայերը հայրենադարձնե՞ր են, թե՞ փախստականներ:


-Ես այն քննարկում էի օրենքների, քաղաքականության եւ սիրիահայերի ինքնընկալումների տեսանկյունից:

Հետաքրքիր բացահայտում տեղի ունեցավ. իրենք իրենց չեն համարում փախստականներ, չնայած հեռացել են պատերազմի հետևանքով: Դա ցույց է տալիս նաեւ իրենց ներքին ամրությունն ու հզորությունը, որ յուրաքանչյուր վայրում նրանք պատրաստ են և կարող են ոտքի կանգնել, ինտեգրվել, եթե նպաստավոր պայմաններ լինեն: Միեւնույն ժամանակ հարցադրման մի կողմը վերաբերվում է հայաստանյան իրականությանն ու քաղաքականությանը: Մենք պետք է հաշվի առնենք խմբի խոցելիությունը՝ պայմանավորված հարկադրական գաղթի խնդրի հետ, եւ ՀՀ քաղաքականությունը պետք է միտված լինի հենց այդ խոցելիության վերացմանն ու ՀՀ-ում նրանց համար հեռանկարի հաստատուն հիմքերի ստեղծմանը:  ՀՀ-ի քաղաքականությունից  է կախված՝ նրանք կլինե՞ն լիարժեք ինտեգրված հայաստանյան հասարակությանը, թե՞ Հայաստանը կլինի մի հանգրվան, որից հետո տարբեր ուղղություններով նորից կարող են հոսքեր լինել: Հայրենադարձությունն ու ներգաղթը  առանձնահատուկ մոտեցում ու քաղաքականություն են պահանջում:


-Ի՞նչ կարող էր առաջարկել Հայաստանը՝ իբրև պետություն, սիրիահայերին, որպեսզի Հայաստանը նրանց համար դառնար կոնկրետ և ոչ թե դասագրքային հայրենիք:


-Սիրիահայերի համար Հայաստանը հայրենիք է  ընկալվում: Ինչ վերաբերվում է, թե ինչ պետք է աներ Հայաստանը, նա պետք է ունենար ճգնաժամային պայմաններում ներգաղթի ու ներգաղթյալների նկատմամբ համապատասխան քաղաքականություն: Պետք է սպասելի եւ կանխատեսելի լիներ, որ սիրիական պատերազմը կարճաժամկետ չէ, եւ Հայաստանն անընդհատ ունենալու է այդպիսի հոսքեր նաեւ այն պատճառով, որ նախ տարածաշրջանն է բարդ, եւ երկրորդ՝   աշխարհի տարբեր վայրերում էլ են հայեր ապրում եւ այդպիսի հոսքեր նորից կարող են լինել, այդ թվում նաեւ՝ Ուկրաինայից եւ մյուս տարածքներից, որտեղ ճգնաժամային իրավիճակներ կան: Հայաստանի քաղաքականությունը պետք է հիմնված լինի ռացիոնալ մոտեցումների վրա: Բացի դրանից՝ իրավիճակային լուծումների փոխարեն պետք է ունենալ ռազմավարական մոտեցումներ եւ  համապատասխան լուծումներ: Օրինակ. Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգում սփյուռքը դիտարկվում է որպես ռեսուրս, իսկ սպառնալիք է համարվում սփյուռքի ուծացումը,  բայց այնտեղ որեւիցե խոսք չկա այն մասին, որ եթե հայերի կամ հայկական համայնքի կյանքը վտանգվում է այլ երկրներում, Հայաստանը ինչպիսի՞ քաղաքականություն պետք է իրականացնի: Կարծում եմ՝ այստեղ միակ ռացիոնալ տարբերակը այն է, որ Հայաստանը այդ պարագայում պետք է իրականացնի ներգաղթի կազմակերպված քաղաքականություն դեպի ՀՀ, որովհետեւ դա առաջին հերթին մարդասիրություն է եւ երկրորդ՝ հայապահպանության խնդիր: Սրանք խնդիրներ են, որոնք ռազմավարական մոտեցումների ու լուծումների անհրաժեշտություն ունեն:

 

-Ի՞նչ եք կարծում, սիրիահայերի ներհոսքը հայաստան ժամանակավո՞ր երևույթ է՝ պայմանավորված Սիրիայում հակամարտության կարգավորմամբ, այսինքն՝ սիրիահայերը կվերադառնան Սիրիա՝ առաջին իսկ հնարավորության դեպքու՞մ, թե՞ , այդուհանդերձ, կհաստատվեն Հայաստանում:

-Դժվար է ասել, թե միտումները ինչպիսին կլինեն: Զուտ հայաստանյան իրականության տեսակետից ճիշտ կլիներ, որպեսզի այն հատվածը, որը Հայաստանում հաստատվել է կամ այն հատվածը, որ մտադիր է Հայաստանում իր գոյությունը շարունակել, պետությունը աջակցություն ցուցաբերեր մշտական բնակավորման առումով ու այդ հեռանկարից ելնելով քաղաքականություն որդեգրեր:

Մենք միշտ խոսում ենք արտագաղթերի մասին, բայց արդեն մարդիկ կան, որ կամավոր եկել են Հայաստան, եւ մեր խնդիրը նրանց այստեղ պահելն է, կեցության հեռակարներ ապահովելը, այսինքն՝ նրանց մեր հասարակության մաս դիտարկելը:  Սիրիան դեռևս անվտանգ գոտի չէ, և պատերազմի ավարտը դեռեւս մշուշոտ է: Այդ առումով դժվար է որևէ բան ասելը, թե ի՞նչ չափով կվերադառնան կամ կվերադառնա՞ն արդյոք: Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ երբ դեպի Հայաստան ներգաղթի նպատակուղղված քաղաքականություն չկա, ասպարեզ են գալիս գաղթի այլ ուղիներ ու ճանապարհներ, հնարավորություններ, փնտրտուքներ, այդ թվում, օրինակ, դեպի Կանադա, որն այդ նպատակով իրականացնում է հատուկ ծրագիր: Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ Կանադան հատուկ ծրագիր պետք է ունենա, իսկ Հայաստանը՝ ոչ: Ինչու՞ է Կանադային սա անհրաժեշտ, որովհետեւ նրան պետք է մարդկային ռեսուրս: Նույն խնդիրն ունի Հայաստանը, որը ոչ միայն ունի մարդկային ռեսուրսի կարիք, այլ նաև պարտավորություն ու պատասխանատվություն արտերկյա իր հայրենակիցների նկատմամբ,  հայապահպանության խնդիր, իսկ դրա ամենառացիոնալ տարբերակը սիրիահայերին  Հայաստանում  մշտական կեցության հեռնակարում տեսնելն ու պահելն է,  և դրա իրականացամանն ուղղված հատուկ քաղաքականություն որդեգրելը: 

 

 

Տաթևիկ Մուրադյան