image

Վկայութիւններ հայերէնի մասին՝ «Աղաղակող քարերի պետութիւն – Հայաստա՛ն, Հայաստա՛ն»

Վկայութիւններ հայերէնի մասին՝ «Աղաղակող քարերի պետութիւն – Հայաստա՛ն, Հայաստա՛ն»

«Հեռանում Են Հայերը Երեւան Քաղաքից. Ես Աղքատ Եմ»

ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ

 

18րդ դարի ռուս գիտնական, լուսաւորիչ Միխայիլ Լոմոնոսովը, ռուսաց լեզուի քերականութեան տրակտատի (հետազօտական շարաթրանք-Խմպ.) վրայ աշխատելիս, հետեւեալ դիտարկումն է արել. «Ռուսաց լեզուն մեծ է բոլոր եւրոպական լեզուներից՝ հէնց իր լայն ընդգրկումով եւ բառապաշարով: Սա անհաւատալի կը թուայ արտասահմանեան եւ բնիկ ռուսներին, ովքեր աւելի շատ օտար լեզուների մէջ են խորացած, քան սեփական լեզւում». Այնուհետեւ Լոմոնոսովը մէջբերում է Հռոմի կայսր Կառլ 5րդի կարծիքը լեզուների մասին: Ահավասիկ. «Իսպաներէնով պատշաճ է խօսել Աստծու հետ, ֆրանսերէնով՝ ընկերների, գերմաներէնով՝ թշնամիների, իտալերէնով՝ գեղեցիկ սեռի հետ»: Ըստ Լոմոնոսովի՝ եթէ կայսրն իմանար ռուսաց լեզուն, ապա իր ասածին կ՛աւելացնէր, որ ռուսերէնով պատշաճ է խօսել նշուած բոլորի հետ: Ռուս գիտնականն իր ասածը հիմնաւորում է նրանով, որ ռուսերէնն իր մէջ ընդգրկում է նշուած լեզուների բոլոր բարեմասնութիւնները:

Իսկ մենք, մեր հերթին կարող ենք յաւելել, որ, եթէ ինքը՝ Լոմոնոսովը, իմանար հայերէնը, կ՛ասէր, որ ի թիւս նշուած լեզուների, հայերէնը բովանդակում  է նաեւ ռուսերէնի առաւելութիւնները: Օրինակ՝ Ջորջ Բայրոնը Սուրբ Ղազար կղզում, Մխիթարեանների մօտ սովորելով հայերէնը, եզրակացրեց, որ այն «Աստծոյ հետ խօսելու լեզու է» (ճիշդ է, Արարչի հետ որ լեզուով էլ խօսեն, կ՛ընկալի, սակայն խօսքը ոչ թէ Աստծոյ ամենագէտ լինելու, այլ տուեալ լեզուի կարողութեան, վայելչութեան մասին է):

Հայկական մշակոյթը բարձր է գնահատել նաեւ լեզուագէտ Նիկողայոս Մառը: Նա նոյնիսկ խոստովանել է. «Ծագումով հայ լինելու պատիւը չունիմ» (Ն. Մառ, Հայկական Մշակոյթ, Ե., 1989, էջ 3):

Հայապաշտ էր նաեւ հանճարեղ պօէտ Օսիպ Մանդելշտամը: Այդ են վկայում ոչ միայն Հայաստանին նուիրուած բանաստեղծական շարքը, այլեւ «Ճանապարհորդութիւն Հայաստան» փորձագրութիւնը, ինչպէս նաեւ իր կնոջ՝ Նադեժդա Մանդելշտամի յուշապատումը: Պօէտը (բանաստեղծը-Խմպ.) պարզապէս գերուած էր հայկական մշակոյթով, յատկապէս լեզուով, ահաւասիկ.

Գուժկան լեզուդ է դարձել սիրելի,

Քո դամբանների գիրը անբասիր,

Ուր ամէն տառը՝ դարբնի ունելի

Եւ ամէն բառը թակ է դարպասի»

(թարգմանութիւն՝ Հրաչեայ Բէյլերեանի)»:

Յաջորդ քերթուածները եւս վկայում են հայոց լեզուի, մշակոյթի վաղնջականութիւնը, նախաստեղծ ուժը եւ Հայաստանը ներկայացնում որպէս քաղաքակրթութեան օրրան:

Մանդելշտամի սէրն առ Հայաստան՝ կարելի է ասել «վարակիչ» էր: Հայաստանից Մոսկուա վերադառնալուն պէս, նա Աննա Ախմատովայի անունը դարձնում է «Անուշ», եւ այդուհետ Ախմատովան իր նամակները ստորագրագրում էր «Անուշ»: Մանդելշտամի ազդեցութեամբ էր, որ Ախմատովան եւ իր գրչակիցները սկսեցին թարգմանել Դանիէլ Վարուժանի, Չարենցի եւ այլոց քերթուածները: Ինչպէս գրում է Նադեժդա Յակովլեւնան, «Անուշ անունը մեզ յիշեցնում էր Հայաստանը, որի մասին, ինչպէս Մանդելշտամը ամէնուր գրում է, չի դադարում երազել» (անդ, էջ 77): Պօէտը սիրում էր նաեւ հայկական երաժշտութիւնը: Նադեժդա Յակովլեւնան նշում է, որ Օսիպի յիշողութեան մէջ մնացել էր «Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարակ» երգը, եւ «Հայկական ճախարակ»ը ապրում էր մեզ հետ Շուբերտի «ճախարակ»ի հետ մէկտեղ:

Սրանից աւելի բարձր գնահատական անհնարին էր պատկերացնել, չէ՞ որ Գէօթէի խօսքերով գրած՝ Շուբերտի «Գրեթխենը ճախարակի մօտ» երգը («Ֆաուստից») համարւում է համաշխարհային գլուխ գործոց: Յատկանշական է նաեւ նմանատիպ մէկ այլ զուգահեռ: Աշտարակի «Կարմրաւոր» մանրակերտ, գողտրիկ եկեղեցին Մանդելշտամին հիացրել է ոչ պակաս, քան Հռոմի Սուրբ Պետրոսի մեծակերտ տաճարը: Նադեժդա Յակովլեւնան վկայում է. «Մենք լսում էինք Կոմիտասի խմբերգները, եւ Մանդելշտամը, որ շատ երաժշտազգաց էր, դրանք վերյիշում էր Մոսկուայում, Վորոնեժում» (անդ, էջ 78):

Յիրաւի, Կոմիտասի երգերն ի զօրու էին մեղմելու Վորոնեժի եւ Հեռաւոր արեւելեան աքսորավայրերում գտնուող պօէտի տառապանքները (ի դեպ, Մանդելշտամը առաջին պօէտն էր, որը համարձակուել էր պսակազերծել, խարազանել Ստալինին, ինչի համար եւ դատապարտուեց մահուան):

Պօէտի երաժշտական ըմբռնումների մասին կարող են որոշ պատկերացում տալ հետեւեալ մէջբերումները. «Շոպենի մազուրկաների վիթխարի համերգային էջերը, Լիստի էտիւդների զանգուլակով շքասանդղակները, Մոցարտի՝ հինգ տողի վրայ խայտացող ծաղկաթմբաւոր կախովի այգիները, ընդհանուր ոչինչ չունեն բեթհովենեան սոնատների գաճաճ մացառուտի հետ… Շուբերտի սոնատների խաղողի այգին միշտ կտցահար է ցկորիզ ու փոթորկախռիւ» (Օսիպ Մանդելշտամ, Մեգանոմ, Ե., 1993, էջ 114): Նման օրինակներ շատ են: «Զրոյց Դանտէի Մասին» փորձագրութիւնում Մանդելշտամը գրում է. «Եթէ մենք սովորենք լսել Դանտէին, մեր ունկը կ՛որսար կլառինետի ու տրոմբոնի հասունացումը, վիոլայի փոխարկումը ջութակի ու եղջերափողի կափոյրի ապշանքը: Եւ մենք ունկնդիրը կը դառնայինք այն բանի, թէ ո՛նց է վինի ու տէորբայի շուրջ բոլորը գոյաւորւում ապագայ համահունչ եռամաս նուագախմբի մառախլապատ միջուկը» (անդ, էջ 145-146): Մէկ այլ տեղ պօէտը հետաքրքրական բնութագրեր է տալիս իր սիրած յօրինողներին, ահաւասիկ.

Երկարամատ Պագանինիի յետեւից

Վազում են հանց գնչուներ,

Հունգարացիք, լեհերը եւ չեխերը…

Սփոփի՛ր ինձ չալ Շոպենի խատուտիկներով,

Լուրջ Բրամսով կամ Վիեննայի թունդ գարեջրով…»:

Մանդելշտամը մանկուց դաշնամուր էր նուագում:

Կոմպոզիտոր Արթուր Լուրիէն վկայում է, որ Օսիպը երաժշտութիւն շատ էր սիրում, նրա նկատմամբ ունէր յատուկ, նպատակասլաց վերաբերմունք. համերգներից յետոյ նա բանաստեղծությիւններ էր յօրինում՝ երաժշտութիւնը սնում էր նրա պոեզիան:

Մանդելշտամի գրչին է պատկանում նաեւ «Բախ» քերթուածը, որտեղ, «ի հեճուկս երկրային անշուք կեանքի, Եսայի մարգարէի պէս ցնծացող Բախը՝ երգեհոնով, խորալներով (choral) ու սաղմոսներով դէպի երկինք է ուղղում իր զաւակների, սաների, հաւատաւոր ժողովրդի հայեացքներն ու մտածումները»:

Մէկ այլ քերթուածում Մանդելշտամը ակնարկում է Շուբերտին, Մոցարտին նրա հերոս՝ թռչնորսորդ Պապագենոյին, յիշատակում է նաեւ Գէօթէին ու Շեքսպիրի հերոս՝ Համլետին: Իսկ «Ձօն Բեթհովենին» քերթուածում Մանդելշտամը նշում է յօրինողի խառնուածքի եւ արուեստի առանձնայատկութիւնները. մի կողմից Դիոնիսեան հրաբորբ ոգին, միւս կողմից՝ սրտառուչ քնքշանքը: Այստեղ Բեթհովենը յառնում է որպէս ճակատագրի հարուածներից չչարացած արուեստագէտ, որը կոչ է անում համայն մարդկութեանը միաբանուել ու բռնել «խաւարից դէպի լոյս», «փշերի միջով առ աստղեր» ճամբան:

Որքան էլ խոր լինի երաժշտութեան, կերպարուեստի, ճարտարապետութեան իմացութիւնը, այնուամենայնիւ Մանդելշտամը զարմացնում է հայոց լեզուի հանդէպ իր զգայունութեամբ: Իր հերթին, պօէտը զարմանում էր հայոց լեզուի բացառիկութեամբ եւ անբացատրելի ուժով: Նա ասում էր. «Հայոց լեզուն չմաշուող քարէ ոտնաման է: Անշուշտ, հաստ պատի նման» խօսքն ունի կիսաձայնաւորների եւ օդի շերտեր: Բայց մի՞թէ ամբողջ հմայքը դրա մէջ է: Ո՛չ: Ապա որտեղի՞ց այդ ձգողութիւնը: Ինչպէ՞ս բացատրել: Ինչպէ՞ս իմաստաւորել: Ժամանակին այս եւ նման հարցերին պատասխանել է Փարիզի համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ Ֆէյդին: Դեռ 1982թ., Երեւանում կայացած միջազգային հայերէնագիտական գիտաժողովում լեզուաբանն ասել է. «Հայերէնի հետ իմ շփումներն իսկ ինձ միշտ հաճոյք են պատճառել, եւ ես միշտ ինքս ինձ հարց էի տալիս, թէ հայերէնն ինչո՛ւ այդքան հրապոյր ունի ինձ համար: Տարիներ շարունակ փնտրելուց յետոյ գտայ պատասխանը: Վերջապէս հասկացայ, որ հայերէնն ունի կարեւոր մի արժէք» օժտուած է մաթեմատիկական ճշգրտութեամբ: Այն օգտագործելը դիւրին է, որովհետեւ ունի կուռ տրամաբանութիւն: Այս համոզմունքին յանգելուց յետոյ ես ամենուր հայտարարում եմ, որ հայերէնը ամենակատարեալն է ինձ ծանօթ լեզուներից: Ես դա ասում եմ նոյնիսկ իմ հայրենակիցներին, նաեւ միւս բոլոր եւրոպացիներին: Եւ կրկնում եմ դա նրանց վշտացնելու չափ, կրկնում եմ, որ նրանց լեզուներից եւ ոչ մէկը հայերէնի ճշգրտութիւնը չունի» («Հայրենիքի Ձայն», 29 Սեպտեմբերի 1982թ.): Ահա թէ ինչու էր Մանդելշտամը պաշտում հայոց լեզուն, հայոց մշակոյթը:

Յ. Գ. Հարց է ծագում. եթէ հայերէնն այդքան ճշգրիտ լեզու է, ապա այդ հնարավորութիւնից ինչո՞ւ մենք չենք օգտւում, ինչո՞ւ Ազգային ժողովի բանավէճերում, լրագրողների հետ շփուելիս, իշխանաւորները, ժողովրդի «ըն-տրեալները» եւ դրանց հետեւորդները խօսում էին ու շարունակում են խօսել հայհոյանքի լեզուով, ինչո՞ւ չեն հասկանում, որ «կոռուպցիայ»ի լեզուն ապագայ չունի: Ժամանակին Մանդելշտամը ասում էր. «Մենք արժանի չենք հայերէնով խօսելու»: Նկատի ունէր, որ հայերէնով խօսելը պատիւ է, որին պիտի արժանանալ: Իսկ ինչո՞ւ այսօր չեն օգտւում այդ շնորհից: Թէ՞ սպասում են, որ մի գեղեցիկ օր Մանդելշտամը պիտի յայտնուի, ու, ինչպէս Ծովագիւղի ջրափոսերում խաղացող երեխաներին է դիմել, մեր ժողովրդին հալածող խաւարամիտներին մաքուր հայերէնով պիտի ասի. «Մի՛ մտնէք ցեխը»:

Մի՞թէ ոսկեղենիկ հայերէնը չի բաւարարում դրանց, թէ բռնութիւնն ու «կոռուպցերէն»ն է իրենց մայրենի լեզուն:

 

Դանիէլ Երաժիշտ 

«Ասպարէզ»