image
Հրատապ լուրեր:

80 տարի առաջ Էջմածնում սպանված կաթողիկոսը

80 տարի առաջ  Էջմածնում սպանված կաթողիկոսը

80 տարի առաջ՝ 1938 թ.-ին, պետանվտանգության ծպտյալ գործակալները Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում: Ո՞վ էր չարագործներին զոհ գնացած կաթողիկոսը և ինչո՞ւ է դաժանորեն սպանվել իր հայրենակիցների ձեռքով: Ըստ լուրերի՝ նրան խեղդողների մեջ նաեւ Էջմիածինցի մի կին է եղել՝ Փիրուզ անունով: 


Խորեն Ա Մուրադբեկյան (ավազանի անունը՝ Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան), Տփղիսեցի-Ամենայն Հայոց Կաթողիկոս (1932-1938): Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցին:

Ծնվել է 1873 թ. դեկտեմբերի 8-ին, Թիֆլիսում:

1892-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում:

1897-ին Ներսիսյան դպրոցում նշանակվել է երգի ուսուցիչ:

1901-ին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվի դեկտեմբերին՝ աբեղա, և նշանակվել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) եկեղեցիների բարեկարգիչ:

1902-ին ձեռնադրվել է վարդապետ: 1903-ի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձեռբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաք:

1905-ին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ: 1907-ի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների բարեկարգիչ:

1909-ի դեկտ. ձեռնադրվել է եպիսկոպոս: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և փախստականների օգնության գործը:

1917-ին նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է Հայոց Ազգային խորհուրդը: 1919-ին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով որպես հայրապետական պատվիրակ մեկնել է Փարիզ՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական ազգային երկու պատվիրակությունների միջև:

1920-ին Փարիզից մեկնել է Ամերիկա՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը: Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության և վերաշինության համար, ինչպես նաև կատարել Հյուսիսային Ամերիկայի հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արք. Տեր-Հովհաննիսյանի:

1920-ի դեկտեմբեր11-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության տիտղոս և պատիվ: 1923-ի մարտի 4-ին կարգվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահող: Այս պաշտոնում նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ:

Գևորգ Ե Սուրենյանցի մահից հետո, 1930–32-ին ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1932-ի նոյեմբերի 12-ին ընտրվել, իսկ 13-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս:

Նա պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու օգտին, հանդես եկել եկեղեցիները քանդելու և ոչ իրենց նպատակին օգտագործելու, խորհրդային իշխանությունների՝ հայ հոգևորականներին բռնությունների ենթարկելու քաղաքականության դեմ:

Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի նորոգման, Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով:

Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայությանը Հայ եկեղեցու շուրջ համախմբելու համար: Սփյուռքում կազմակերպել է Աստվածաշնչի հայկական թարգմանության1500-ամյակին նվիրված հանդիսություններ:

Նրա մարմինը, խեղդամահ լինելուց հետո ամփոփվել են նախ Սբ. Գայանե եկեղեցու գավթում, ապա՝ 1996-ի սեպտեմբերին աճյունը տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարի բակը:

Կաթողիկոսական աթոռին նրան հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանը: