image

Արեւմտահայ թանգարաններ

Արեւմտահայ թանգարաններ

19-րդ դարի կեսերից արևմտահայ իրականության մեջ հիմնականում կրոնածիսական հավաքածուների և այլ հնությունների հիման վրա ձևավորվում են առաջին եկեղեցական-վանական թանգարանները: Նմանօրինակ թանգարանները հայտնի նաև որպես գանձատուն-թանգարաններ, որոնք որպես մշակութային հաղորդակցության յուրօրինակ միջավայր, նպաստում էին անցյալի հոգևոր ժառանգության փոխանցմանը: Գանձատուն-թանգարանները պարունակել են հնագույն և միջնադարյան այնպիսի անգին հավաքածուներ, ինչպիսիք են սրբերի մասունքները, եկեղեցական զարդերը, զգեստները, գավազանները, սպասքը, անոթները, ասեղնագործ սփռոցները և զանազան այլ հնություններ: Արևմտահայ իրականության մեջ այսօրինակ թանգարանները չառանձնացան և չվերածվեցին հասարակական հաղորդակցման մշակութային լիարժեք հաստատությունների, քանի որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում գոյություն ունեցող քաղաքական և սոցիալական միջավայրն ամեն կերպ խոչընդոտում էր թանգարանների ստեղծման ու բնականոն զարգացման գործընթացին:


Արևմտահայ իրականության մեջ ձևավորված առաջին թանգարանը հիմնվել է Վարագավանքում 1857 թ., Մկրտիչ վարդապետ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) կողմից, երբ վերջինս նշանակվեց Վանի նահանգի հոգևոր առաջնորդ և հասարակական ու մշակութային լայն գործունեություն ծավալեց: Թանգարանը թեև գործել է վանքին կից, սակայն Մկրտիչ Խրիմյանի շնորհիվ՝ միայն եկեղեցական բնույթ չի կրել: Այն հարուստ է եղել նաև աշխարհիկ, անգամ մինչքրիստոնեական ժամանակաշրջանի ցուցանմուշներով: 

19-րդ դարի կեսերից հիմնականում հնագույն և միջնադարյան մագաղաթ-ձեռագրական հավաքածուների վերակազմման արդյունքում դարձյալ վանքերին ու եկեղեցիներին կից ստեղծվել են նոր տիպի մատենադարան-թանգարաններ, որոնք պարունակել են կրոնական (Աստվածաշունչ մատյաններ, «Սաղմոսարաններ», «Մաշտոց»-ներ, «Ճաշոց»-ներ, Ավետարաններ, «Ժամագրքեր», «Պատարագամատույց»-ներ, «Կանոնագրքեր»), հայ և օտարազգի հեղինակների աստվածաբանական, վարքագրական, պատմական, բանահյուսական, փիլիսոփայական, բնագիտական բովանդակության, ինչպես նաև հայկական մանրանկարչության և արվեստի այլ եզակի նմուշներ: 

Հայտնի է, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքում գործող հայկական վանքերն ու եկեղեցիները հարուստ են եղել հնագույն ձեռագրական հավաքածուներով, որոնք քաղաքական հայտնի պայմանների բերումով` տևական վախի մթնոլորտում, ավելի հաճախ պահվել են գաղտնադարաններում կամ գրապահոցներում: Վերջիններս, սակայն, բաց չեն եղել անգամ հայ հասարակության համար: Հետևաբար, այսօրինակ գրապահոցները չպետք է նույնացնել վերը նշված մատենադարան-թանգարանների հետ, որոնք բաց են եղել և գործել են այցելուի համար` պարբերաբար համալրվելով նվիրատվությունների և հավաքչական աշխատանքի շնորհիվ:

Արևմտահայ իրականության մեջ հիմնված նմանօրինակ թանգարաններից առավել հայտնի է եղել Մշո Իննակնյան Սբ. Կարապետ (Գլակա) վանքի մատենադարան-թանգարանը՝ հիմնված 1862-1869 թթ.՝ դարձյալ Մկրտիչ Խրիմյանի կողմից: Հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, 1860-ականների վերջին այցելելով նշված թանգարան, գրում է. «…յաւուրս վանահայրութեան Ս. Հայրիկին սկսաւ և յիմում փոխանորդութեան աւարտեցան նորաշէն գրադարանք կամ թանգարանք, յորս հոգի առեալ շարեցան մատեանք ամենայն»: Վերջինս հաշվել և իր նշված աշխատության մեջ նկարագում է թանգարանում առկա թվով 137 ձեռագիր մատյան: Հետագա տարիներին, հիմնականում հավաքչական աշխատանքի արդյունքում այդ ձեռագրերը համալրվել են, և արդեն 20-րդ դարասկզբին հիշյալ մատենադարանում պահվող ձեռագրերի տարողությունը բնութագրվել է «40 եւ աւելի մարդահասակ սնտուկներով լեցուն»: 

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարասկզբին հնագույն և միջնադարյան մագաղաթ-ձեռագրերով հարուստ մատենադարան-թանգարաններ են ունեցել նաև Մշո Սբ. Առաքելոց, Բիթլիսի Ամրդոլու, Աղթամարի Սբ. Խաչ, Արղնիի Բարձրահայաց Սբ. Աստվածածին, Լիմ և Կտուց անապատների, Սեբաստիայի Սբ. Նշան, Կեսարիայի Սբ. Կարապետ, Արմաշի Չարախափան Սբ. Աստվածածին վանքերը, Սսի Սբ. Մայրավանքը և այլն: 

19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին վանքերից ու եկեղեցիներից բացի ձեռագրական հավաքածուներով հարուստ են եղել նաև կայսրության առավել խոշոր վարժարանների մատենադարաններն ու թանգարանները՝ Զմյուռնիայի Մեսրոպյան, Էրզրումի Արծնյան, Սանասարյան և այլն: Մտավորական Սարգիս Ծոցիկյանի վկայությամբ՝ մինչև Հայոց ցեղասպանությունը Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանի թանգարանը հարուստ է եղել բազմաթիվ հնություններով, այդ թվում և Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Ե Լուսինյանի գահի հենարանը, որի վրա քանդակված են եղել առյուծի և խոյի գլուխներ: Ցուցանմուշների բազմազանությամբ ու մեծարժեքությամբ աչքի է ընկել Էրզրումի «Սանասարյան» վարժարանի թանգարանը: «Սանասարյան» վարժարանը հիմնադրվել է 1881 թ. ռուսահայ մեծահարուստ բարերար Մկրտիչ Սանասարյանի միջոցներով: Վերջինս, 1885 թ. անձամբ այցելելով վարժարան, գոհունակություն է հայտնել և վերադարձին կտակ գրել, որի համաձայն իր ողջ ունեցվածքը մահից հետո անցնելու էր վարժարանին: 1912 թ. Կ. Պոլսի հոգաբարձուների խորհուրդի որոշմամբ վարժարանը թեև տեղափոխվել է Սեբաստիա քաղաք, այնուամենայնիվ, տեղի հայության բողոքի արդյունքում գույքի մի մասը թողնվել է, որի հիման վրա նույն շենքում սկսում է գործել «Սանասարյան» անվամբ նոր վարժարան: Թողնված գույքի մեջ է եղել նաև թանգարանի հարուստ հավաքածուն, որը 94 միավոր բացառիկ ձեռագիր մատյաններից բացի ներառել է Պիտեռ Պաուլ Ռուբենսի, Հովհաննես Այվազովսկու, Վասիլի Վերեշչագինի և այլոց բնօրինակ կտավներից, 539 միավոր ոսկյա, արծաթյա, պղնձե դրամներ, բնական ու բնապատմական գիտությունների վերաբերյալ ճոխ հավաքածուներ և զանազան այլ հնություններ:

Այսպիսով, արևմտահայ վանքերը, եկեղեցիները, կրթօջախները հոգևոր, կրթա-մշակութային հաստատություններ լինելուց զատ նաև յուրօրինակ թանգարաններ էին՝ հազարավոր մեծարժեք հնություններով ու հնագույն և միջնադարյան մագաղաթ-ձեռագրերով: Մշակութային այդ արժեքները, սակայն, գերազանցապես կողոպտվեցին և ոչնչացվեցին Հայոց ցեղասպանության տարիներին: 

 


Նյութը պատրաստեց ՀՑԹԻ գիտաշխատող Սեդա Պարսամյանը 

«Շողակն Արարատյան» ամսաթերթ