image

Արա Արծրունու դամբանականը

Արա Արծրունու դամբանականը

Սևակ Արծրունի (Երևան, նոյեմբերի 3, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի)

 

Կենսագրական տվյալներ

 

Արա Արծրունին ծնվել է 1932 թվականի նոյեմբեր 11-ին՝ Սիրիայի Հալեպ քաղաքում:

Նրա հայրը ծնունդով Վան քաղաքից Արսեն Արծրունին էր, որ մասնագիտությամբ մանկավարժ էր:  Մայրը՝ Կարնո ծնունդ Արաքսի Խաչիկյանն էր:  Արսենն ուսուցիչ աշխատած տարիներին սիրահարվել էր իր աշակերտուհուն և Կարին քաղաքում ամուսնացել նրա հետ:

Արսենն ու Արաքսին 1915 թվականին ապրում էին Վան քաղաքում և արդեն մեկ դուստր ունեին:

Երբ պայթեց Առաջին աշխարհամարտը, Վանի հերոսամարտից փրկված հայությունը տեղահանվեց և տարվեց Կովկաս, Արսենն իր ընտանիքով, որպես դաշնակցական հասարակական գործիչ, գործուղվեց Թիֆլիս, ապա Ղրիմ, այնուհետև՝ Պոլիս, Բուխարեստ և վերջապես Սիրիայի Հալեպ քաղաքը, որտեղ 1932 թվականի նոյեմբերին ծնվեց ընտանիքի վերջին զավակը՝ Արան:

Արան  չորս քույր ուներ, հայրը՝ Արսենը, 19 տարի  որբանոցներում, ծխական դպրոցներում մանկավարժությանն ու քաղաքական գործունեությանը նվիրված ապրելով, աղքատության, զրկանքների և թափառական կյանքի պայմաններում հիվանդացել և 1934 թվականին կնքել էր մահկանացուն:

Կատարյալ ունեզրկության մատնված Արաքսիին և նրա զավակներին կուսակցությունը տեղափոխել էր Լիբանան, որտեղ հինգերորդ դասարանից Արան ստիպված աշխատանքի էր լծվել:  Այդ տարիքից մինչև 2012 թվականը, Արա Արծրունին միշտ էլ աշխատել և իր աշխատանքի արդյունքով  ապահովել էր ընտանիքի՝ մոր, կնոջ և զավակների կյանքի պայմանները:

1960 թվականին Արա Արծրունին ամուսնացել էր ծագումով  Քյոթահիայի մոտակա  հայաբնակ Մուրաջա գյուղից  Հարութիւն Արապյանի դստեր՝ Ռիթայի հետ: Արապյան ընտանիքը ցեղասպանության ժամանակ սպանվել, իսկ ընտանիքի  չորս տարեկան երեխան՝ Հարություն Արապյանը,  անապատը ոտքով անցնելով փրկվել էր և որբանոցներում անցկացրել մանկությունը:

Արան և Ռիթան ունեցել են երկու որդի:

 


 

Արա Արծրունի մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝  երկարատև հիվանդությունից հետո:

 

Գրական հասարակական գործիչը

 

Արա Արծրունին շատ վաղ՝ երիտասարդ տարիքից նվիրվել է գրականությանը: Համագործակցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի հետ, որտեղ երկար տարիներ եղել է արվեստի մեկնաբան: Այնուհետև գրել է պատմվածքներ, հետո՝ ավելի քան 20 թատերգություններ, վերջին տարիներին էլ՝ նաև վեպեր:

Լիբանանահայ համայնքին ծառայել է գլխավորապես Ազգային իշխանությունների և Համազգային մշակութային միության շարքերում, տարբեր հանձնաժողովներում և մարմիններում գործելով տարբեր ուղղություններով՝ տնտեսականից  մինչև մշակութային, քաղաքական, դատական, գրական, ընկերային և այլն:



 

Գրական և հասարակական գործունեության համար Արա Արծրունին արժանացել է բազմաթիվ շքանշանների, մասնավորաբար Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և Համազգային Մշակութային Միության շքանշաններին, իսկ 2017 թվականին Մեծի Տանն  Կիլիկիո Կաթողիկոսի կողմից  արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին:


Արա Արծրունու առաքելությունը


Այսօր մենք հողին պիտի հանձնենք Արա Արծրունու մարմինը, մի մարդու, որ իր ողջ կյանքում ապրել է հաղթանակներով առանց դափնեպսակներ ակնկալելու:

Արա Արծրունին հաղթանակ է տարել  որբության և նրա թողած հետևանքների  դեմ:

Ծայրաստիճան չքավոր մանկություն և պատանեկություն ունենալուց  հետո, կարճ ժամանակում իր աշխատանքի շնորհիվ Արա Արծրունին և իր ընտանիքը ապրել են համեմատաբար բարեկեցիկ կյանքով: Նա իր զավակներին ապահովել է հնարավոր լավագույնով.  զբաղվել է առևտրով՝ զոհելով իր սիրած գրական ասպարեզը, այդ պատճառով էլ գրական ճանաչում է ստացել իր կյանքի վերջին տարիներին:

Ընտանիքը, ըստ Արա Արծրունիի, ամենաբարձր արժեքն է մարդու կյանքում: Նա հավատում էր սերունդների հաջորդականության գաղափարին և հոգով ու սրտով ապրում իր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի համար, հատկապես՝ ուշի-ուշով հետևելով թոռների կյանքին և գործունեությանը:

Արա Արծրունին հաղթանակ է տարել տգիտության դեմ:

Ընդամենը հինգերորդ դասարանի կրթություն ունեցած Արա Արծրունին ամբողջ կյանքը նվիրել է ինքնակրթությանը: Ապրում էր գրքերի աշխարհում: Ինքնաշխատությամբ սովորել էր ֆրանսերեն և անգլերեն:  Կարդում էր միջազգային գրականություն և մշտապես հետևում միջազգային արդի գրականության և արվեստի բոլոր նորություններին: Ոչ միայն հետևում էր, այլ նաև ուսումնասիրում ու որպես հրապարակագիր վերլուծում, իր ուսումնասիրությունները փոխանցում հասարակությանը:

Արա Արծրունին հաղթանակ է տարել միջակության դեմ:

Գրական, բայց առավելևս՝ հասարակական գործունեության մեջ, Արա Արծրունին եղել է պահանջկոտ և առավելապաշտ: Ոչ միայն շրջապատին ու ընտանիքի անդամներին, այլ առաջին հերթին ինքն իր անձին պարտադրել է լինել պարկեշտ, զուսպ, պահպանողական, կատարելապաշտ, հանդուրժող, նվիրված հասարակությանը, ազգին ու ընտանիքին: Նա ամբողջ կյանքում չի հանդուրժել սակարկությունը: Ոչ մի դեպքում, ոչ մեկի թե-ական ցանկությունների հետ հաշվի չի նստել, կաթողիկոսի կամքի դեմ է գնացել հանուն կաթողիկոսարանի արդար շահերի, կուսակցության կամքի դեմ՝ ազգի գերագույն շահերի համար:

Արա Արծրունի նվիրվել է բացարձակ գաղափարին, այդ պատճառով էլ եղել է դաշնակցականամետ և ոչ՝ կուսակցական, ավանդապաշտ քրիստոնյա, բայց ոչ՝ ենթակա հավատավոր: Նա չի սակարկել, չի զոհել ոչ մի սկզբունք, և մեզ՝ իր զավակներիս, պարտադրել է ապրել հանուն գաղափարի, հանուն սկզբունքի:

Արա Արծրունին հաղթանակ է տարել ճակատագրի դեմ:

Որպես գրող, հասարակական գործիչ և մարդ, Արա Արծրունին՝ իմ հայրը, խոսքն ու գործը մեկտեղել է: Նա բարոյախոս չէր, այլ ապրում էր իր հավատի օրինակով: Եվ այդպես այսօր մենք, իր իսկ կամքով, ամբողջացնում ենք մեր ընտանիքի 103-ամյա տարագրությունը:

103 տարիներ առաջ մեր նախնիները լքել են Վանում իրենց գերեզմանները ու դիմել տարագրության: 103 տարի առաջ Վանից տեղահանված Արսեն Արծրունու ցեղն ապրել է հայրենազրկության պայմաններում: Բայց ահա, այսօր, քիչ հետո, Արա Արծրունու մարմինը կհանգչի Արծրունիների ընտանեկան դամբարանում՝ հայրենի հողի վրա:

Հայրենադարձությունը, մնացած բոլոր գաղափարների նման, անհատի ինքնության կայացման մաս է կազմում, և հայրս համոզված էր, որ ինքնությունը էությամբ է պահպանվում. ոչ թե երգերով, բառերով և ամպագոռգոռ խոսքերով, այլ գործով ու նվիրումով:


                         Նրա ուխտը

 

Սիրելի՛ սգակիր ժողովուրդ, մենք քիչ հետո հողին պիտի հանձնենք մի մարդու մարմին, որ այս աշխարհից մեկնում է այո՛, հաղթանակած, բայց ցավագին հոգով:

Հայրս չհասցրեց իր կյանքի վերջին հաղթանակը տանել՝ Հայաստանը չդարձավ մեր բոլորի երազած ազգային բարգավաճ ու արդար հայրենիքը, որի պատճառով էլ, կարծում եմ՝ օրինաչափություն է այն փաստը, որ նա մահվան սնարին չտեսավ իր անդրանիկ որդուն՝ Արսեն Արծրունուն, որ 24 տարի է՝ արգելափակված է հայրենի բանտերում, հանուն մեր սկզբունքների:

Սակայն այստեղ նույնպես Արա Արծրունին տարել է հաղթանակ, որովհետև իր զավակներն ու ընտանիքը տասնամյակներ շարունակ ապրում են հայրենիքում՝ անսակարկ գործելով հանուն հզոր հայրենիքի կայացման:

Մենք կշարունակենք ապրել անսակարկ կյանքով, որովհետև այդ առաքելությունն ենք ստացել Արա Արծրունուց:

Ինչպես ամեն մի կատարելապաշտ տեսլական, հորս երազները իրականություն կարող է չդառնան, սակայն պարտավոր ենք ի գին ամեն բանի ապրել անսակարկ նվիրումով մեր ինքնության բոլոր սկզբունքներին, հանուն ավելի լավ հայության, հանուն ավելի լավ  մարդկության:

 

Շնորհակալություն մեր վիշտը բաժնեկցելու համար: