image

Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում

Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում

Սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան էր  ժամանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ ինչպես հաղորդվում է քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում կրկին անգամ շեշտել է արդեն բազմաթիվ անգամ հնչեցրած իր միտքը, որի էությունը հետևյալն է. Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում և մտադրություններում չկա որևէ դավադրություն, նեգատիվ մտադրություն, որևէ սպառնալիք, և հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի և վրաց ժողովրդի գործողություններում ու մտադրություններում չկա որևէ դավադրություն, որևէ սպառնալիք և վատ մտադրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ: 

Հայաստանի վարչապետի այս միտքը, որը իրականում շատ հաճախ է կրկնվում անչափ կրեւոր է, որպեսզի տպվի իրենց վրաց գործընկերների հիշողության մեջ, քանզի շատ հաճախ եթե անկեղծ խոսենք Վրաստանի կողմից ռուսական ռազմաբազայի առկայությունը ՀՀ տարածքում ինչ-որ մի տեղ սպառնալիք է նկատվում, էլ չասած այն, որ ջավախքահայության խնդիրների արծարծումը Վրաստանում դիտվում է շատ հաճախ ես այդ համատեքստում։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այստեղ եւս ամեն ինչ հարթ չէ եւ Հայաստանում շատ հաճախ մտահոգություններ ունեն թուրք-վրացական եւ վրաց-ադրբեջանական կապերի զարգացման շուրջ, ինչի պատճառով Վրաստանը հայտնվել է տվյալ երկրների ազդեցության ներքո։ Այդ իմաստով Հայաստանի համար եւս չափազանց կարեւոր է համոզված լինել, որ Վրաստանի ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հակառակորդ երկրների հետ չի ուղղված լինելու ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Հանդիպման ընթացքում Վրաստանի վարչապետի խոսքը ավանդական բարեկամական կենացաճառերից բացի ուղղված է եղել նաեւ կոնկրետ ծրագրերի, ինչ թույլ է տալիս եզրակացնել, որ հենց Վրաստանն է առաջարկում Հայաստանին գեղեցիկ խոսքերից անցնել կոնկրետ գործերի։ Եւ դա որքան էլ զարմանալի լինի շատերի համար նույն ժամանակ պատահական չէ, քանզի Վրաստանը վաղուց բալանսավորելու կարիք ունի թուրքական փողի ազդեցությունը երկրի ներքին հարցերի վրա եւ այս առումով Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը մի փոքր կնվազեցնի թուրքական պետությունների ազդեցությունը Վրաստանի վրա։

Հենց այդ պատճառով Մամուկա Բախտաձեն իր խոսքում Հայաստանի վարչապետին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար միանգամից շտապել է խոսել համագործակցության խորացման հարցերի շուրջ ասելով հետեւյալը, որ այն հարաբերությունները, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են երկու պետությունների միջև, իսկապես շատ կարևոր են ու երկրները նոր էջից չենք սկսում իրենց պատմությունը եւ այն բազմադարյա պատմություն է, որը պետք է զարգացնեն: Նրա խոսքերով Վրաստանն անցել է բարեփոխումների երկար ճանապարհ, և այդ ճանապարհը լի է եղել մարտահրավերներով: Շարունակելով միտքը վարչապետը ասել է, որ իր երկիրը մտադիր է իրականացնել նոր բարեփոխումներ եւ այդ առումով նա հույս ունի, որ տվյալ  ուղղությամբ համագործակցություն կլինի Հայաստանի հետ:


Ավելի կոնկրետ ծրագրերից Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է հեւյալը․ «Այսօր մեր առևտրաշրջանառությունը 400 մլն ԱՄՆ դոլար է կազմում, սակայն, կարծում եմ, որ դա բավարար չէ, ողջ ներուժն օգտագործված չէ, և այս ուղղությամբ կարևոր քայլեր կարելի է անել: Մենք առավելագույնս շահագրգռված ենք, որ զարգացնենք մեր քաղաքական, տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում կապերը»։ Վրաստանի վարչապետը ավելացրել է, որ պետք է կոնկրետ ծրագիր մշակել մոտակա տարիների ընթացքում Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առևտրաշրջանառությունը հասցնելու 1 միլիարդ դոլարի։

Եւ ահա բանից պարզվում է, որ դա է ամենակարեւոր գործնական առաջարկը այս հանդիպումների ընթացքում, որը արվել է հենց Վրաստանի կողմից։ Խորացված տնտեսական համագործակցությունը կարող է դառնալ հիմքը մնացած բոլոր տեսակի կապերի զարգացման համար, ինչի միջոցով ապագայում կարող են լուծում ստանալ բազմաթիվ խնդիրներ։

Վարչապետների առանձնազրույցից եւ երկու երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո երկու երկրների ղեկավարները հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով, որոնք եւս համապատասխանել են նույն ոգուն։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստան պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

 

ՀՀ Նախագահ Սարգսյանը հանդիպման ժամանակ ողջունել է վարչապետ Բախտաձեի եւ նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Վրաստանի բարեկամությունը պատմական խորն արմատներ ունի։ Վրաստանի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առանձնահատուկ պատիվ է վարչապետի կարգավիճակով հյուրընկալվել Հայաստանում: Նրա խոսքերով այս տարին խորհրդանշական է եւ Հայաստանի, եւ Վրաստանի համար, քանի որ երկու երկրները նշում են անկախության հռչակման 100-ամյա հոբելյանները: 

 

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ եւս խոսվել է հայ-վրացական բարեկամական հարաբերություններից։

Հայաստանի ազգային ժողովի նախագահը Մամուկա Բախտաձեի հետ զրույցում կարեւորել է խորհրդարանականների միջեւ սերտ շփումներն ու համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել նաեւ արդյունավետ միջխորհրդարանական փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

Մամուկա Բախտաձեն, դրական է գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը։ Նա եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կարեւոր հանդիպումներից բացի, պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած Վրաստանի նորանշանակ վարչապետը առաջին անգամ էր այդ կարգավիճակում այցելում Հայաստան, չնայած դրան տվյալ այցելությունից զգացվում էր, որ Վրաստանում ջերմորեն հիշում են այն փաստը, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը իր առաջին այցով ժամանեց հենց հարեւան Վրաստան եւ առաջին իսկ պահին շատ ջերմ ու անկեղծ բարեկամական ուղերձներ հղեց Վրաստանի իշխանություններին ու ժողովրդին։

Վրաստանը խորհրդարանական երկիր է եւ Վրաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Վրացական երազանք»-ը նրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ կարծես թե շատ դրական են գնահատում Հայաստանում տեղի ունեցած թավշյա ժողովրդավարական հեղափոխությունը եւ այդ առումով նոր հեռանկարներ տեսնում Հայաստանի հետ լիովին այլ որակի հարաբերություններ կառուցելու համար։ Իհարկե դա մեկ օրվա գործ չէ, սակայն, որ կոնկրետ առաջարկները առայժմ գալիս են Վրաստանի կողմից դա եւս կարելի է փաստել ու արձանագրել։ Համենայնդեպս Վրաստանի վարչապետի այցը Հայաստան եւ ամբիցիոզ առաջարկը, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ավելացման առումով պետք է կոնկրետ ծրագիր մշակվի եւ մոտակա տարիների ընթացքում այն 400 միլիոն դոլարից հասցվի 1 միլիարդ դոլարի, դա արդեն իսկ կոնկրետ եւ լուրջ ծրագիր է, ինչը կարող է վերջ դնել հայ-վրացական կենացաճառերի ավանդական հարաբերություններին եւ նոր գործող ու կենդանի ծրագրելով էջ բացել հայ-վրացական հարաբերություններում։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան