image
Հրատապ լուրեր:

Անդրադարձ. Վահան Թոթովենցի մահուան 80-ամեակին առիթով

Անդրադարձ. Վահան Թոթովենցի մահուան 80-ամեակին առիթով

 

Ա.
 
Անցեալ Դեկտեմբերից մինչեւ 2018-ի Մարտը «Նոր Յառաջ»-ը հատուածաբար ընթերցողին ներկայացրեց հայ դասականներից Վահան Թոթովենցի «Դոկտոր Բուրբունեան» երգիծական վէպը։ Ընթերցողը անկասկած մեծ հետաքրքրութեամբ հետեւեց հայ գրականութեան այս իւրօրինակ Դոն-Քիշոտ/Քաջ Նազար/Փանջունի յիշեցնող «հերոս» Բուրբոնեանի սնափառ արկածներին, անշուշտ շնորհակալութիւն նաեւ թերթի խմբագրութեանը։ 
 
Սակայն մի կողմ ձգելով մեր «դոկտորին», կ՚ուզէինք հակիրճ կերպով անդրադառնալ հայ անուանի արձակագիր, բանաստեղծ, տրամատուրգ Վահան Թոթովենցի գրական ժառանգութեանը, յիշելով նրա կեանքի ողբերգական վախճանը՝ 80 տարի առաջ, Յուլիս 18-ին։
 
Թոթովենցը ծնուել է 1889-ի Սեպտեմբեր 1-ին, արեւմտեան Հայաստանի Խարբերդի շրջանը գտնուող Դաւթիկ գիւղում։ Հայրը՝ Յովհաննէս, Ակնի մեծահարուստ Թոթովայենց գերդաստանից էր, իսկ իր տունը յաճախ հիւրընկալ իջեւանատուն՝ ճամբորդող վաճառականների համար։ Ի դէպ, ըստ որոշ աղբիւրների, մինչեւ այժմ պահպանւում է այդ տունը, որ գտնւում է Եփրատի ափին՝ ծաղկազարդ մի հովտում, որը յետագային կարօտալի բաղձանքով նկարագրում է Թոթովենցը իր «Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ» ինքնակենսագրական վէպում։

Սկզբնական կրթութիւնը ստացել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանում, աշակերտելով Թլկատինցիին եւ Ռուբէն Զարդարեանին։ 1907-ին աւարտում է վարժարանը եւ նոյն թուականին Զմիւռնիայի «Արեւելեան մամուլ»-ում տպագրւում է նրա «Արտոսրի կալեակներ» առաջին բանաստեղծութիւնը, յաջորդ տարին Պոլսում լոյս են տեսնում «Աւերակ» (1908), ապա՝ «Սրինգ» (1909) պատմուածքների գրքոյկները։
Ուսումը շարունակելու համար Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա՝ Նիւ Եորք, ուր 1912-ին ընդունուել է Ուիսքոնսինի համալսարանը, հետեւելով գրականութեան, պատմութեան եւ փիլիսոփայութեան դասընթացքներին։ Կատարելագործել է անգլերէն եւ ֆրանսերէն լեզուները։
1915-ին Արեւմտեան Հայաստանում՝ Հայերի շարունակական կոտորածներին դիմադրելու նպատակով կազմաւորուել էին կամաւորական ջոկատներ, որոնց արդէն զինուորագրուել էին 1.200 կամաւորներ՝ ընդառաջելով Պօղոս Նուպար փաշայի կոչին։ Թոթովենցը անմիջապէս վերադառնում է Կովկաս եւ միանում Անդրանիկի ջոկատին։ Վերջինս ջերմութեամբ է ընդունում 21-ամեայ գեղադէմ Թոթովենցին՝ դարձնելով իր համհարզը եւ գրագիրը։ Շուրջ երկու տարի նա գործօն մասնակցութիւն է ունենում Վան-Էրզրմումի ինքնապաշտպանութեան կռիւներին։ Յետագայում անդրադառնալով այդ տարիներին գրում է «Զօրավար Անդրանիկ եւ իր պատերազմները» վաւերագրական պատմութիւնը՝ Արսէն Մարմարեան կեղծանունով։
***

Ծանր, օրհասական ժամանակ էր ողջ Հայութեան համար թէ՛ արեւմտեան եւ թէ արեւելեան տարածքներում։ Մտաւորական դասը նոյնպէս գործի էր լծուած՝ նեցուկ հանդիսանալով ջարդերից փրկուածներին։ Անկարելի է չյիշել այդ շրջանում Յովհաննէս Թումանեանի՝ գաղթականներին օգնելու նուիրական ջանքերը։ Մեծ գրողին այդ օրերին մէկ տեսնում ենք Էջմիածնում՝ սովալլուկ ամբոխի մէջ, ապա՝ Թիֆլիս, միշտ նոյն առաքելութեամբ, պայքարելով նրանց համար, տառապելով նրանց հետ…։
1916-ին Թոթովենցը նոյնպէս հասնում է Թիֆլիս՝ աջակից դառնալով Թումանեանին։ Այստեղ նա ծանօթանում է նաեւ Լեւոն Շանթի եւ Զապէլ Եսայեանի հետ՝ համագործակցելով նրանց հայանը-պաստ ծրագրերին։ Թիֆլիսում շուրջ երկու տարի խմբագրել է Անդրանիկի հովանաւորութեամբ տպագրուող «Հայաստան» թերթը, միաժամանակ հրատարակելով «Տոնոն» վիպակը (1917), «Ողբ անմահութեան» (1916) եւ «Արեւելք» (1918) պոէմները եւ այլ գրականագիտական ու բանասիրական ստեղծագործութիւններ։
1920-ին կարճ ժամանակով նորից անցնում է Պոլիս, ապա՝ Միացեալ Նահանգներ, որտեղ հրատարակում է «Գարունին սիրտը» (1921, Պոսթոն) դրաման։ Սակայն Թոթովենց որտեղ էլ գտնուէր նրա սեւեռուն միտքն ու յարատեւ մտահոգութիւնը հայրենիքի ու իր ժողովրդի ներկայի ու գալիքի քաղաքական անորոշ վիճակն էր ու սպառնացող վտանգը։

***

1920-ական թուականներին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատուելուց յետոյ, տարբեր երկրներից բազմաթիւ քաղաքական գործիչներ եւ մտաւորականներ մեծ խանդավառութեամբ գալիս են Հայաստան՝ «մոխիրներու մէջէն հայրենիքը վերաշինելու», իրենց ետին թողնելով բարեկեցիկ կեանքը, հաւատքով լծուելով դժուարին, բայց հայրենանուէր գործին։ Այդ ժամանակաշրջանին Ռուսաստանից արդէն Հայաստան էին եկել Ալեքսանդր Թամանեանը, Մարտիրոս Սարեանը, Ալեքսանդր Սպենդիարեանը…։ 1922-ին գալիս են Վահան Թոթովենցը, Կոստան Զարեանը, Զապէլ Եսայեանը եւ շատ ուրիշներ։
Թոթովենցի խմբագրութեամբ 1923-ին Երեւանում հրատարակւում է «Շեշտ» երգիծական ամսագիրը. մամուլի էջերում տպագրւում են նրա բազմաթիւ գրականագիտական ու հրապարակախօսական յօդուածները։ 1924-26 թուականներին դասաւանդում է Երեւանի պետական համալսարանում։ Թարգմանում է Շէյքսփիրի «Ռիչարտ երրորդ» եւ «Անտոնիոս եւ Կլէոպատրա» գործերը։
1934-ին Թոթովենցը իբրեւ Գրողների միութեան անդամ Մոսկուայում մասնակցում է Խորհրդային գրողների Ա. համագումարին։ Պէտք է նշել, որ հակառակ իր կարճատեւ կեանքին՝ նա թողել է գրական մեծ ժառանգութիւն, որ բեղուն է եղել յատկապէս 1929-36 թուականներին։ Միա՛յն այդ տարիներին Հայաստանում լոյս են տեսել նրա շուրջ երկու տասնեակ ստեղծագործութիւնները, այդ թւում՝ «Նոր Բիւզանդիոն» դրաման (մեծ յաջողութեամբ բեմադրուել է Երեւանում եւ արժանացել համամիութենական մրցանակի։ Թարգմանուել է ֆրանսերէնի եւ բեմադրուել նաեւ Փարիզում), «Իմ հօրաքոյրը» վիպակը, «Ամերիկա» պատմուածքների շարքը, «Բաքու» եռահատոր վէպը, «Կեանքը հին հռովմէական ճանապարհի վրայ» ինքնակենսագրական վէպը, «Բաց կապոյտ ծաղիկներ» պատմուածքները եւ այլն։
Իր կենդանութեան օրօք վերջին հրատարակութիւնը եղաւ «Մոխրակոյտ» թատերգութիւնը՝ 1936-ին։
Ինչպէս յայտնի է, այդ շրջանին ողջ Խորհրդային միութեան մէջ սկսուել էին բռնութիւններն ու ձերբակալութիւնները եւ մէկը միւսի ետեւից բանտարկւում էր մեր ազգի ընտրանին։ Առանց չափազանցութեան, եթէ չասենք աւելին, դա նոր Եղեռն էր հայ ժողովրդի համար։ Եթէ արեւմտեան Հայաստանում թշնամին նպատակադրել էր բնաջնջել Հայութիւնը, ապա այստեղ՝ ազգադաւ ու մատնիչ հայրենակիցներն էին աջակից սահմռկեցուցիչ բռնութեանը…

***

Մեղադրանքները քիչ չէին նաեւ Թոթովենցի հասցէին.
- Անգլիական հետախուզութեան գործակալ,
- Ներսիկ Ստեփանեանի * հակայեղափոխական խումբի անդամ,
- ֆաշիզմի գաղափարակից…, եւ այլն, եւ այլն։
Փրոֆ. Արտաշէս Ոսկերչեանի միա՛յն հետեւեալ տողերը բաւական էին վճռելու Թոթովենցի ճակատագիրը.-
«Մերկացուած տրոցկիստ-նացիոնալիստ, հակայեղափոխական, գրական խալտուրիստ (կեղծարար - Ս.Ա.) Վահան Թոթովենցը մինչեւ յեղափոխութիւնը հանդէս է եկել հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Դաշնակցութեան ջարդարար նացիոնալիստական գաղափարախօսի դերում։ Թոթովենցը եղել է խմբապետ շովինիստ ջարդարար Անդրանիկ փաշայի համհարզը եւ «Հայաստան» նացիոնալիստական թերթուկի խմբագիրը» («Գրական թերթ», 1936, թիւ 29)։

***

Թոթովենցը ձերբակալւում է 1936-ի Յուլիսի 20-ին, Աբովեան փողոցի թիւ 92-ի իր բնակարանից։
Քա.Կէ.Պէ.-ի գործակալները բռնագրաւում են գրողի տան մէջ գտնուող մեծաքանակ ձեռագրերը, նամակները, փաստաթղթերը, որոնք լցնելով խոշոր պարկի մէջ տանում են իրենց հետ։
Ի դէպ, գրականագէտներ Դաւիթ Գասպարեան եւ Սերժ Սրապիոնեան յիշատակում են, որ տարիներ առաջ –այս անգամ արեւմտեան Հայաստանում– ճիշդ նոյն կերպ բանտարկել են Դանիէլ Վարուժանին եւ նոյնպէս բռնագրաւել նրա ձեռագրերը։

* Ներսիկ (Ներսէս) Ստեփանեան (1898-1937). տնտեսագէտ, քաղաքագէտ, պետական գործիչ եւ սիրուած մտաւորական, որ ստալինեան բռնութիւնների առաջին զոհերից է եղել։

Գրեց՝ Սեդա Անանեան

(Մնացեալը՝ յաջորդով)
«Նոր Յառաջ»