image

Սիրիահայերը հայրենիքում. հայրենադարձությո՞ւն, թե՞ ժամանակավոր կացություն. DALMANEWS

Սիրիահայերը հայրենիքում. հայրենադարձությո՞ւն, թե՞ ժամանակավոր կացություն. DALMANEWS

Ներկայումս Հայաստանում բնակվում են 22 հազար սիրիահայ, ովքեր Սիրիայում պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվեցին իրենց պատմական հայրենիք:

 


Ինչպես Dalma News թղթակցի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նրանց մեծամասնությունը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և մոտ 1000 հոգի ժամանակավոր կացության թույլտվություն ունի: Նրանց կացության խնդիրներով զբաղվում են ոչ միայն պետական մարմինները և միջազգային կազմակերպությունները, այլ նաև մասնավոր անձինք:

Զաքարյանի պարզաբանմամբ՝ մոտ 1000 հայեր ժամանակ առ ժամանակ վերադառնում են Սիրիա կամ մեկնում մեկ այլ երրորդ երկիր՝ հասկանալու, թե որտեղ կարելի է առավել բարենպաստ պայմաններ ապահովել իրենց ընտանիքների համար: Սակայն, երկրի ոչ կայուն վիճակի պատճառով, դեռ շատ քչերն են մտածում Սիրիա վերադառնալու և այնտեղ մշտական բնակություն հաստատելու մասին: Հիմնականում մարդիկ Սիրիա են մեկնում առանց ընտանիքների, որպեսզի հասկանան, թե ինչ իրավիճակ է տիրում և կա արդյոք հնարավորություն վերադառնալու: 2017թ.-ին Հայաստան վերադարձավ մոտ 170 մարդ, որոնցից շատերն արտաքսվել էին եվրոպական երկրներից:

Զաքարյանի կարծում է, որ Հայաստանի կառավարությունն ամեն հնարավորն արել է, որ սիրիահայերը մնան, բնակություն հաստատեն հանրապետությունում և զգան իրենց, ինչպես տանը: «Օպերատիվ լուծվել են նաև փաստաթղթային հարցերը, բոլոր սիրիահայերը ստանում են անվճար բժշկական օգնություն, ուսանողները գրեթե առանց մրցույթի ընդունվել են ԲՈՒՀ-եր, իսկ ուսման վճարը նրանց կիսով չափ փոխհատուցվել է, երեխաները հաճախում են դպրոցներ և մանկապարտեզներ, նաև կազմակերպվել են հայերենի և ռուսերենի դասընթացներ»,- պատմեց նա:

Սփյուռքի նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ ամենալուրջը բնակարանային խնդիրն էր, որին ստացվեց տալ միայն ժամանակավոր լուծում՝ որոշ չափով բյուջեի միջոցներով, որոշն էլ՝ բարեգործների: Զաքարյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ բարերարները գնել են մի քանի բնակարաններ և տվել փախստականներին՝ 10 տարով անհատույց օգտագործման իրավունքով:

2013 թ.-ին սփյուռքի նախարարությունը Սիրիայի գաղթականների համար նախաձեռնեց Երևանից ոչ հեռու «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը, սակայն նախագիծը ձախողվեց: Կառավարության հաշվին հատկացվեց որոշակի տարածք, իրականացվեց սեյսմիկ փորձաքննություն և կազմվեց շինարարական նախագիծ: Նախապատրաստական աշխատանքները տևեցին 1.5 տարի, բայց, երբ ամեն ինչ պատրաստ էր՝ շինարարությունը սկսելու համար, սիրիահայերից շատերը չկարողացան բավականաչափ գումար ներդնել: Նախագիծը կոմերցիոն բնույթ էր կրում, այլ ոչ թե սոցիալական. անհրաժեշտ էր սկզբնական ներդրում կատարել, որպեսզի շինարարությունը սկսվեր, իսկ հետո՝ տարիների ընթացքում վճարել գումարի մյուս մասը:

«Ինչ էլ անենք, բավարար չի լինի: Մենք չունենք այնքան հզոր տնտեսություն, որ նրանց լիարժեք օգնություն ցուցաբերենք: Չի կարելի համեմատել Սիրիայում նրանց նախապատերազմյան կյանքը ներկայինիս հետ, այնտեղ նրանք ապրում էին բավականին բարենպաստ պայմաններում: Նրանք, ովքեր այսօր ցանականում են վերադառնալ Սիրիա, այնտեղ ունեցել են խոշոր բիզնես, բարձր եկամուտ, իսկ այստեղ չեն ստանում համաչափ աշխատավարձ: Մենք արել ենք հնարավորինս, որպեսզի լուծենք նրանց աշխատանքի տեղավորման խնդիրը, բայց այստեղ աշխատավարձն այնքան էլ բարձր չէ»,- ասաց Զաքարյանը:

Եվ, այնուամենայնիվ, Զաքարյանը հավաստիացնում է, որ միևնույն ժամանակ, պատերազմական գործողությունները սկսվելուց հետո Հայաստան ժամանած սիրիահայերից շատերը որոշել են մնալ, արդեն կապվել են պատմական հայրենիքի հետ, իրենց երեխաներն այստեղ սովորում են, աշխատում: Շատերն այստեղ իրենց բիզնեսն են հիմնել. այսօր հանրապետությունում գործում է արդյունաբերական տարբեր ճյուղերի 500 նմանատիպ ձեռնարկություն՝ հագուստի և կոշիկի արտադրությունից մինչև ռեստորաններ և սրճարաններ:

Թամար Կարագուլյանը, որը 2012թ.-ից կամավորական աշխատանք է ծավալում «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ում, ասում է, որ այդ տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 3500 ընտանիք: Կենտրոնը տեղեկություն չունի, թե քանիսն են հեռացել Հայաստանից՝ վերադառնալով Սիրիա կամ մեկ այլ երկիր:

 

«Մարդիկ հաճախ մեկնում են ու վերադառնում: Հիմա, երբ իրավիճակը Հալեպում ինչ-որ չափով կայուն է, ընտանիքի գլխավորները վերադառնում են՝ տեսնելու՝ արդյոք իրենց ունեցվածքից ինչ-որ բան պահպանվել է և հնարավոր է վաճառել այն կամ աշխատանքի ընդունվել այնտեղ: Նրանք հարմարվել են այստեղ բնակվելուն, և չնայած շատերն իրենց մասնագիտությամբ չեն աշխատում՝ փորձում են ամեն կերպ կարգավորել կյանքը: Ամենից հաճախ սիրիահայերն աշխատում են հասարակական սննդի կամ մեքենաների սպասարկման ոլորտում: Աշխատանք կա, բոլորն աշխատասեր են, բայց աշխատավարձերը շատ ցածր են, մարդիկ չեն կարող միաժամանակ վճարել և´ բնակարանի վարձը, և´ կոմունալ ծառայությունների ու այս ամենով հանդերձ հիմնել սեփական գործը, հոգալ մնացյալ ծախսերն ու ինչ-որ բան էլ կուտակել: Սիրիայում մինչ պատերազմն ընտանիքից կարող էր աշխատել միայն մեկը, և դա բավարար էր ողջ ընտանիքին ապահովելու համար: Կանայք հիմնականում չէին աշխատում, իսկ այստեղ չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ»,- Dalma News-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:

Բացի այդ, հարկային համակարգը որևէ զիջում չի ցուցաբերում սկսնակ սիրիահայ բիզնեսմենների նկատմամբ:

Կարագուլյանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր ընտանիքին 15 ամսվա համար վարձավճարի փոխհատուցում է տրամադրում 60 հազար դրամի չափով, բայց այդ գումարով կարելի է միայն մեկսենյականոց բնակարան վարձել, իսկ եթե ընտանիքը մեծ է, այդպիսի պայմաններում ապրելն անհնար է:

Ինչ վերաբերում է Դավիթաշենում «Օգնիր եղբորդ» բարեգործական ֆոնդի նախաձեռնությամբ սիրիահայերի համար կառուցված բնակելի տներին, Կարագուլյանը նկատեց, որ բնակարան ձեռք բերելու համար պետք է նախապես մեծ գումար վճարել, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:

Ինչպես նա տեղեկացրեց, Հայաստանի համալսարաններում և միջին մասնագիտական հաստատություններում սովորում են ավելի քան 400 սիրիահայ ուսանող, և նրանց ուսման վճարի 60%-ը փոխհատուցվում է պետական բյուջեի կամ բարեգործական կազմակերպությունների միջոցներով: Ինչպես նաև կազմակերպվում են հայերենի, ռուսերենի և համակարգչային անվճար դասընթացներ:

Խոսելով բժշկական ծառայությունների մասին՝ Կարագուլյանը նշեց, որ իրենց հաստատության հենց երկրորդ հարկում գործում է բժշկական կենտրոն, որտեղ Սիրիայից ժամանած բժիշկներն անվճար օգնություն են ցուցաբերում: Եթե վիրահատության կամ ավելի լուրջ բուժման կարիք է լինում, աջակցում է պետությունը կամ բարեգործական կազմակերպությունները:

Հովիկ Բաղդասարյանը, որը Հայաստանում կոշիկի արտադրություն է սկսել, ընտանիքի հետ վերադարձել է 2012թ.-ի օգոստոսին: Սիրիայում Բաղդասարյանը թողել է գործարան և կոշիկի 3 խանութ, որից 2-ը փակվել էին պատերազմական գործողությունները սկսվելիս, իսկ 1-ը դեռ գործում է: Ինչպես Dalma News -ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը, Հալեպի խանութն այսօր ավելի շատ եկամուտ է ապահովում, քան Երևանինը:

«Իմ եկամտի 70%-ն ապահովում է Սիրիայի խանութը, մեր ընկերությունն աշխատում է արդեն երկար տարիներ և այնտեղ բավականին մեծ ճանաչում ունի: Իսկ այստեղ խանութ բացեցի, որպեսզի անգործ չլինեմ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հետագա ծրագրերին, մեր զրուցակիցը նախընտրում է դեռևս չմտածել: «Չգիտեմ, թե ինչով կզբաղվեմ վաղը: Երբեք չեմ մտածել, որ կապրեմ Հայաստանում: Ֆրանսիայում տուն ունեմ, կարող եմ ցանկացած պահի գնալ և ապրել այնտեղ: Կանադան այսօր նույնպես, առանց խնդիրների, ընդունում է սիրիահայերին, կարելի է հանձնել փաստաթղթերը և 6 ամիս անց տեղափոխվել: Նրանց ձեռնտու է փախստականների կարգավիճակում ընդունել թե մուսուլմանների, այլ քրիստոնյաների: Տարբերակներ ունեմ, բայց դեռևս կմնամ Հայաստանում, որովհետև այստեղ հանգիստ է: Հայաստան եկա պատերազմի պատճառով, և ոչ ոք չէր մտածում, որ այն այդքան երկար կտևի: Երբ ընկերներով եկանք այստեղ, 15-20 հոգի էինք, իսկ հիմա ընդամենը 4-5-ն ենք մնացել: Ոմանք վերադարձան Սիրիա, ոմանք էլ ԱՄՆ, Կանադա ու Եվրոպա: Նրանք բոլորն էլ մասնագիտություն ունեն, լավ աշխատանք, գործարաններ, սիրիահայերի մեծամասնությունն արհեստի է տիրապետում կամ զբաղվում առևտրով, իսկ Հայաստանը փոքր շուկա ունեցող երկիր է, այստեղ չես կարող մեծ արտադրություն սկսել: Բացի այդ, որակյալ ապրանք ստեղծելն այստեղ ավելի թանկ է, քան Սիրիայում, և արդյունքում չես կարող այն վաճառել բնակչության համար մատչելի գնով»,- ասաց նա:

 

Իսկ այն հարցին, թե արդյոք կառավարությունն ամեն հնարավորն արել է, որպեսզի սիրիահայերը բնակություն հաստատեն պատմական հայրենիքում, Բաղդասարյանը պատասխանեց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է կառավարությունը կանխել, եթե մարդը վճռել է հեռանալ:

«Կարևորը ոչ թե մարդկանց բերելն է այստեղ, այլ՝ այստեղ ապահովելը: Շատերը չունեին անհրաժեշտ գումար, որպեսզի տեղափոխվեն Հայաստան, որովհետև ճանապարհածախսը բավական թանկ էր, ու դեռ ինչ-որ կերպ էլ այստեղ պետք է կյանքդ դասավորես: Այդ պատճառով էլ շատերը նախընտրեցին մնալ Սիրիայում: Նրանք, ովքեր անկախ պատերազմից, մնացին և ունեին այնտեղ որոշակի աշխատանք, հարստացան: Ոմանք այսօր թողնում են այստեղ իրենց ընտանիքները և գնում են գումար աշխատելու», – պատմում է նա: