image

Երախտաւոր թարգմանիչը՝ Փիէր Տէր-Սարգիսեան

Երախտաւոր թարգմանիչը՝ Փիէր Տէր-Սարգիսեան

Երախտաւոր թարգմանիչը՝
Փիէր Տէր-Սարգիսեան
(1921-2010)

Գրեց՝ ՍԵԴԱ ԱՆԱՆԵԱՆ

Փիէր Տէր-Սարգիսեանի մասին առաջին անգամ լսել եմ 1970-ականներին՝ Ֆրէտէրիք Ֆէյդիի զրոյցներից մէկի ժամանակ Երեւանում, իսկ բախտն ունեցայ նրան ծանօթանալու 1986-ին Փարիզում՝ նոյնպէս Ֆէյդիի աջակցութեամբ։
Խոհուն աչքերով, զուսպ ու քչախօս Փիէր Տէր-Սարգիսեանի թարգմանութեամբ այդ նոյն թուականին Փարիզում «Seuil» հրատարակչատունից լոյս էր տեսել Կոստան Զարեանի «Նաւը լեռան վրայ» վէպը՝ թարգմանուած բնագրի 1943-ի Պոսթոնի առաջին հրատարակութիւնից, Զարեանի հակիրճ նախաբանով։
Մինչ այդ հանդիպումը թարգմանիչի հետ, արդէն կարդացել էի ֆրանսերէնը հիացումով ու ոգեւորութեամբ, իսկ մեր զրոյցը նրա հետ անցաւ ջերմ ու սիրալիր մթնոլորտում։ Վերջում միայն ասացի, որ որոշ ժամանակ աշխատել եմ Զարեանի մօտ որպէս օգնական քարտուղար. ափոսանք յայտնեց որ աւելի շուտ չենք հանդիպել։
Այլեւս առիթ չունեցայ տեսնելու այդ համեստ, լուսաշող մարդուն, սակայն յաճախ էի կարդում նրա յօդուածները հայ մամուլի էջերում։
Շտապենք ասելու, որ «Նաւը լեռան վրայ» երկը Տէր-Սարգիսեանի հայերէնից առաջին թարգմանութիւնն էր, որը յետագայում խթան էր լինելու նրա թարգմանական գործի մէջ։ Այս մասին քիչ յետոյ։
Վերջերս Փարիզի «Հայ փաստագրական հետազօտութեանց կեդրոն»-ի (CRDA), որ ցաւօք այժմ փակուած է, նախկին տնօրէն Ժան-Գլօտ Քէպապճեանը բարի եղաւ օգնել գտնելու Փիէր Տէր-Սարգիսեանի դուստր Քաթրինին, որին եւ հանդիպեցինք անցեալ Մայիսին, Փարիզի 14-րդ թաղամասի նրա աւելի քան համեստ, կոկիկ բնակարանում։
Դուռը բացեց Քաթրինը եւ… ո՜վ զարմանք, առջեւս կարծես կանգնած էր Փիէր Տէր-Սարգիսեանը, նոյն խորունկ աչքերով, նոյն մեղմ ժպիտով, նոյն զուսպ ու համակրելի պահուածքով։ Ասաց, որ հայերէն չի խօսում, բայց գիտի ռուսերէն։ Անմիջապէս ասեմ, որ Քաթրինը միայն մէկ քառորդով է հայ. մեծ մայրը Ֆրանսուհի էր, իսկ մայրը՝ շուեցարուհի։
Մեր զրոյցը սկսուեց անմիջապէս ջերմ ու անկաշկանդ, որ տեւեց սպասուածից աւելի երկար։ Քաթրինը ուշի-ուշով լսում էր ինձ, հարցերիս պատասխանելով յստակ ու կեդրոնացած, ժամանակ առ ժամանակ իր գրադարանից ինձ մեկնելով մի գիրք կամ գրութիւն։
Եւ այսպէս, պատմում է Քաթրինը, որ իր նախնիները Ղարաբաղցիներ էին, որտեղից մեծ հայրը՝ Միսաքը, Պարսկաստան է գնացել, իսկ այնտեղից 1917-ին Փարիզ է հաստատւում, զբաղուելով գորգավաճառութեամբ։ Այստեղ նա ամուսնանում է Ժերմէն Պեկին անունով Ֆրանսուհու հետ։ 1921-ին ծնւում է նրանց աւագ որդին Փիէր-Աթանասը (Աթանասը Փիէրի մեծ հօր անունն էր), աւելի ուշ ունենում են եւս երկու դուստր։
Փոքր տարիքից Փիէրը աչքի է ընկնում որպէս բացառիկ, ուշիմ եւ ընդունակ երեխայ. շուտով ընդունւում է ֆրանսական լիսէ, սակայն ստիպուած ուսումը կիսատ է թողնում՝ հօրը սնանկութեան պատճառով։ Աւելի՛ն, որդուն ֆրանսական միջավայրին դիւրութեամբ ընտելացնելու միտումով հայրը զլանում է նրա հետ հայերէնով հաղորդակցել՝ նախընտրելով ֆրանսերէնը։ Յիշենք նորից որ Փիէրի մայրը Ֆրանսուհի էր եւ տան խօսակցական լեզուն բնականաբար ֆրանսերէնն էր։
Սակայն բնատուր ընդունակ պատանին առընչուելով հայախօս ազգականներին, ինչպէս նաեւ անուանի հայ տարագիր ազնուականների (Տէր Դաւիթեան, Բարսեղեան, Բէկզադեան, Աֆանասեան) ընտանիքներին, ինքնուրոյն հայերէն է սովորում, հօրն ալ ստիպելով որ իր հետ հայերէնով հաղորդակցի։ Այս փաստը վկայում է նաեւ նշանաւոր պատմաբան Անահիտ Տէր Մինասեանը (*)։ Պիտի ասել որ այս շփումները յետագայում վճռորոշ են դառնում Փիէրի համար ո՛չ միայն Հայոց լեզուի, այլեւ Կովկասի, Պարսկաստանի, նաեւ Ռուսաստանի պատմամշակութային հարցերի հետաքրքրութեան առընչութեամբ։
***
Սկսւում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ֆրանսացի 120 հազար երիտասարդների շարքերում Փիէրը նոյնպէս ուղարկւում է Գերմանիա՝ այսպէս կոչուած «պարտադիր աշխատանքի ծառայութեան» (service du travail obligatoire)։ Այս ծանր աշխատանքը Գերմանիան պարտադրել էր ո՛չ միայն Ֆրանսացիներին, այլեւ՝ տարբեր երկրների բազմահազար երիտասարդների։ Այս խաժամուժ մթնոլորտում, կ՚ասէինք չկայ չարիք առանց բարիք, շփուելով օտարալեզու մարդկանց ու միջավայրի հետ, Փիէրը սովորում է նախ՝ գերմաներէն, ապա անգլերէն, իտալերէն եւ ռուսերէն։ Պիտի կրկնենք, որ ամէն մարդու տրուած չի նման աստուածատուր ունակութիւն, որ ունէր նա։
Պատերազմի աւարտից յետոյ Փարիզ վերադառնալով, լեզուների իմացութեան շնորհիւ Փիէր Տէր-Սարգիսեանը սկսում է աշխատել օտարալեզու, յատկապէս անգլերէն հրատարակչութիւնների հետ, հասնելով ընդհուպ պատասխանատու պաշտօնների, միաժամանակ թղթակցելով հայալեզու հանդէսների։ Այս շրջանում նա հանդիպում է իր կեանքի ապագայ ընկերուհուն՝ Շուեցարուհի Փօլին Միւլլերին, որի հետ ամուսնանում է 1948-ին։ Երջանիկ ամոլը 1950-ին բախտաւորւում է Քաթրին-Աննի ծնունդով, իսկ 1952-ին՝ Էրիք-Միսաքի։
- Հայրիկիս հետ առաջին անգամ Հայաստան գնացինք 1970-ին, - շարունակում է Քաթրինը, - մեր տպաւորութիւնը աննկարագրելի էր, հայրս բարեկամացաւ անուանի մտաւորականների հետ, որ շարունակուեց յաջորդ այցելութիւններին։
Անցնում են տարիներ։ Փ. Տէր-Սարգիսեանը արդէն ունէր փորձառութիւն, ճաշակ եւ իմացութիւն, ուստի նրան սպասում էր ուրիշ մեծ ու պատասխանատու առաքելութիւն՝ հայ դասականները Ֆրանսացիներին ու ֆրանսախօս Հայերին ներկայացնելու ծանր ու դժուարին գործը։
Առաջին թարգմանութիւնը, ինչպէս ասացինք, Կոստան Զարեանի «Նաւը լեռան վրայ» ծաւալուն (442 էջ) վէպն էր, որ լոյս տեսաւ 1986-ին Փարիզում։
Մեր խորին համոզմամբ (կրկնում եմ) այդ գործը խթան էր Փիէր Տէր-Սարգիսեանի համար շարունակելու յետագայ ներքոյիշեալ թարգմանութիւնները։ Կոստան Զարեանի «Նաւը լեռան վրայ» վէպը թէ՛ Սփիւռքի եւ թէ՛ հայրենաբնակ ամէն մի Հայ պէտք է կարդայ։ Սա ո՛չ միայն իմ կարծիքն է իբրեւ զարեանասէր, այլեւ՝ ճանաչուած բազմաթիւ զարեանագէտների։
Յաւակնութիւն չունենալով անդրադառնալու թարգմանիչի լեզուական գնահատականին (դա առանձին նիւթ է), կը թուարկենք նրա ութ կարեւոր հատորների հայերէնից ֆրանսերէն թարգմանութիւնները.-

1 - Կոստան Զարեան, «Նաւը լեռան վրայ»։
- Kostan Zarian «Le bateau sur la montagne», Paris «Le seuil», 1986 (Préface de Pierre Ter-Sarkissian)։ Երկրորդ հրատարակութիւն (նոյնը) Paris, 2012, éditions «Thaddée», (postface Dr. Artsrun Avagyan)։

2 - Տիգրան Չէօկիւրեան, «Վանք, վարդապետի մը օրագիրը»։
- Dikran Tcheugurian, «Le monastère, journal d’un religieux», Marseille, «Parenthèses», 1988 (Préface de Pierre Ter-Sarkissian)։

3 - Գուրգէն Մահարի, «Ծաղկած փշալարեր»։
- Gourguen Mahari, «Les barbelés en fleurs» Paris, «Messidor», 1990 (Préface de Pierre Ter-Sarkissian)։

4 - Եղիշէ Չարենց, «Երեւանի ուղղիչ տնից»։
- Yeghiché Tcharents, «La maison de rééducation», Marseille, «Parenthèses» 1992 (Préface de Dr. Claire Mouradian)։

5 - Հրանդ Մաթեւոսեան, «Աշնան արեւ»։
- Hrant Matévossian «Soleil d’automne», Paris «Albin Michel», 1994 (Préface et Postface d’Andrei Bitov, traduits par Catherine Ter-Sarkissian)։

6 - Զապէլ Եսայեան, «Սիլիհտարի պարտէզները»։
- Zabel Essayan, «Les jardins de Silihdar», Paris «Albin Michel», 1994 (Préface de Pierre Ter-Sarkissian)։

7 - Կոստան Զարեան, «Կղզին եւ մի մարդ»։
- Kostan Zarian «L’île et un homme», Marseille, «Parenthèses» 1998 (Préface de Pierre Ter-Sarkissian)։

8 - Ալեքսանդր Շիրվանզադէ, «Քաոս»։
- Alexandre Chirvanzadé, «Chaos», Paris «Thaddée», 2013։
***
Մեր զրոյցն աւարտելով հրաժեշտ տուեցի համակրելի Քաթրին Տէր-Սարգիսեանին, խոստանալով նորից հանդիպել, երբ նա երկչոտ ժպիտով դռան առջեւ ասաց.
- Հօրս բոլոր թարգմանութիւնները ես եմ մեքենագրել։
Ես զարմացած կանգ առի, հարցնելով.
- Այդ դէպքում ասացէ՛ք Քաթրին, ո՞ր գործը առաւել շատ սիրեցիք։
- Կոստան Զարեանի «Նաւը լեռան վրայ» եւ Հրանդ Մաթեւոսեանի «Աշնան արեւը»…։

 

«Նոր Յառաջ»