image
Հրատապ լուրեր:

Հայերն ու այլ հայերը Թուրքիայում

Հայերն ու այլ հայերը Թուրքիայում

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

Թուրքիայի քրիստոնեայ հայ քաղաքացիների թիւն այսօր տարբեր տուեալներով 60-70 հազար է գնահատւում: Նրանց աւելի քան 90 տոկոսը բնակւում է Ստամբուլում, որտեղ ունեն բազմաթիւ գործող եկեղեցիներ, տարրական եւ միջնակարգ դպրոցներ, մի քանի թերթեր ու պարբերականներ: Այս խմբի անդամների հայկական ինքնութեան կարեւորագոյն տարրերից մէկը թերեւս քրիստոնէութեան հանդէպ նրանց հաւատարմութիւնն է՝ յատկապէս Հայ Առաքելական եկեղեցուն: Ըստ էութեան, կարող ենք նոյնիսկ պնդել, որ այս խմբի անդամների համար հայկականութիւնը էթնօկրօնական (ցեղային-կրօնական-Խմբ.) ինքնութիւն է, այլ ոչ թէ զուտ էթնիկական: Շատերի համար, ում հետ ես հանդիպել ու զրուցել եմ, հայ լինելը ինքնստինքեան ենթադրում է քրիստոնեայ լինել: Շատերն այդ երկու եզրերը նոյն իմաստով են օգտագործում: Այն հարցին, թէ «նա մուսուլմա՞ն է», ոմանք պատասխանում էին՝ «ոչ, նա հայ է»: Այն հարցին, թէ ի՞նչ կրօնի են պատկանում, ուրիշներ պատասխանում էին՝ «ես հայ եմ»: Ոմանք, բայց քչերը, նոյնիսկ չվարանեցին հայկականութիւնը դասել կրօնի շարքին, իսկ շատ ուրիշներ, որոնք կարծում էին, թէ այն պէտք է դասել ազգային կամ էթնիկական կատեգորիային (ցեղային դասակարգին-Խմբ.), այնուամենայնիւ յայտնեցին, որ «մեր դէպքում դժուար է եւ նոյնիսկ սխալ է տարանջատել այդ երկու հասկացութիւնները»: Ժամանակի սղութեան պատճառով չենք կարող մանրամասն անդրադառնալ հայկականութեան ու քրիստոնէութեան փոխյարաբերութեան հիմքում ընկած պատմական, մշակութային եւ սոցիալական պատճառներին, ինչը տարբեր չափերով գոյութիւն ունի աշխարհի մի շարք հայ համայնքներում: Սակայն թուրքահայերի պարագայում մենք կարող ենք նշել, որ հանրապետական շրջանում յաւելեալ գործօններ մի քայլ առաջ տարան ազգի եւ կրօնի միատեղումը, այն հասցնելով մի կէտի, որտեղ այդ երկու հասկացութիւնները գրեթէ միաձուլւում են: Լօզանի պայմանագրի համաձայն՝ Թուրքիայի Հանրապետութիւնը երկրի ներսում ճանաչում է միայն կրօնական եւ ոչ թէ էթնիկ կամ ազգային փոքրամասնութիւնների, հայերը պաշտօնապէս ընկալւում էին նաեւ որպէս կրօնական համայնք, որը սահմանափակւում է հայկական եկեղեցու անդամ լինելով: Այսպիսով, բացի այն բանից, որ մինչեւ որոշակի շրջան հայերի ինքնութիւնը հաստատող փաստաթղթի կրօնի բաժնում  «Ermeni» (հայ) բառն էր նշւում, աւելի գործնական առումով՝ եկեղեցին եւս դարձել էր հայկականութեան երաշխաւորը: Այն դարձել էր մի կազմակերպութիւն, որի հովանու ներքոյ հնարաւոր էր կազմակերպել մշակութային եւ հասարակական միջոցառումներ: Ընդհանուր վախի եւ զգուշաւորութեան մթնոլորտում՝ եկեղեցին, ինչպէս բացատրում էր մեր զրուցակիցը, «այն վայրն է, ուր հայերը կարող են անվտանգ հանդիպել եւ խօսել միմեանց հետ»: Այս ամէնը բերում է նրան, որ եկեղեցին ընկալւում է որպէս տուն եւ հայկականութեան  բնական միջավայր: Հետեւաբար, այսօր, երբ առօրեայ կեանքում հայերը խօսում են թուրքերէն, երբեմն երեխաներից պահանջում են եկեղեցում հայերէն խօսել, ինչպէս ես ականատես եղայ. «Հոս եկեղեցի է աղջիկս, եկեղեցիին մէջ հայերէն պիտի խօսիս»: Միւս կողմից, Ստամբուլում հայկական դպրոցները յստակօրէն համակուած են քրիստոնէութեամբ, յատկապէս այն պատճառով, որ այն պաշտօնապէս ներառուած է ուսումնական ծրագրերում: Այդ դպրոցներում, ինչպէս 25ամեայ տեղացի ընկերս՝ Արմէնն էր բացատրում, «Հայ-Քրիստոնեայ» գաղափարն է փոխանցւում երեխաներին. «Վարդանանց պատերազմի ուսմունքը բաւարար է  (դրա համար): Մեզ սովորեցնում են, որ «մենք քրիստոնէութեան համար զոհուած ազգ ենք…»: Թոյլ տուէք սահմանափակուել մէկ այլ ազգագրական  օրինակով.

Վերեւի լուսանկարում դուք տեսնում էք պոլսահայ քրիստոնեայ մի մօր գրութիւնը՝ ուղղուած իր զաւակներին: Թէեւ գրութիւնը թուրքերէն է, սակայն կրօնական «եկեղեցի», «Ծաղկազարդ» «Յիսուս» բառերը հայերէն են օգտագործուած: Սա, կարծում եմ, շատ լաւ ցոյց է տալիս, թէ հայկականութիւնը եւ քրիստոնէութիւնը ինչքան են փոխկապակցուած Թուրքիայի քրիստոնեայ հայերի գիտակցութեան մէջ:

 

ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ

 

1991թ. Հայաստանի անկախացումից յետոյ հայերը շարունակաբար, տնտեսական պատճառներով գաղթել են Թուրքիա, նրանցից շատերն այստեղ ապօրինի են ապրում եւ աշխատում: Նրանց հայկական ինքնութիւնն ամէն ինչից առաջ խարսխուած է իրենց հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութեան վրայ, նիւթական, էմոցիոնալ (զգացական-Խմբ.) եւ գաղափարական կապերով հանդերձ: Այդ իրողութիւնն ընկալելու համար բաւական է տեսնել միգրանտների (գաղթողներու-Խմբ.) երեխաներին ընդունող ոչ պաշտօնական դպրոցը կամ նոյնիսկ դրա ֆէյսբուքեան էջը: Դպրոցում աշակերտները կրթութիւն են ստանում ըստ Հայաստանի պաշտօնական կրթական ծրագրին, որովհետեւ նրանց ծնողներն ուզում են, որ նրանք յետագային կարողանան շարունակել ուսումը Հայաստանում: Հայկական ազգային դրօշը զարդարում է դպրոցի պատերը, իսկ Հայաստանի Անկախութեան օրը եւ Հայոց բանակի օրը նշւում են թատերական ներկայացումներով:

Ուսուցիչները յետեւում են հայաստանեան լուրերին, դասամիջոցներին խօսում են հայկական քաղաքականութիւնից, կամ պարզապէս այնտեղ սպասուող եղանակի մասին: Ադրբեջանի եւ դէ ֆակտօ (իրողապէս գոյութիւն ունեցող-Խմբ.) անկախ Լեռնային Ղարաբաղի հայկական պետութեան միջեւ 2016թ. տեղի ունեցած ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին հայկական հայրենասիրական երգեր էին նուագում դպրոցում, ուսուցիչներն էլ իրենց մտահոգութիւնն էին յայտնում իրավիճակի վերաբերեալ: Այդ օրերին մէկ այլ ծանօթ ասաց, որ այլեւս չէր կարող Թուրքիայում ապրել, որովհետեւ արդէն զգում էր, որ պէտք է գնայ Հայաստան եւ իր հարազատների, ընկերների եւ հայրենակիցների հետ լինի: Իմ հանդիպած միգրանտերից շատերը յայտնեցին, որ պատրաստ են հայրենիք վերադառնալ, եթէ բաւարար ֆինանսական միջոցներ ունենան:

Հայ միգրանտների համար հայ լինելու երկրորդ կարեւոր հանգամանքը աւանդական արժէքների եւ բարոյական նորմերի մի միասնութիւն է, որը «լաւ» ու «իսկական» հային՝ «կարգին հային» է ստեղծում: Իմ զրուցակիցներից շատերը հայկական աւանդոյթներ ասելով նկատի ունեն, որ ի թիւս այլ բաների, հայերը կարեւորութիւն են տալիս ընտանիքին, յարգում են մեծերին, որ հայ տղամարդիկ պէտք է համարձակ եւ անզիջում լինեն, պէտք է վերահսկեն հայ կանանց, իսկ կանայք յարգեն իրենց ամուսիններին եւ նրանց հետ վարուեն «այնպէս, ինչպէս պէտք է»: Օրինակ՝ երիտասարդ միգրանտ Հենրիկը նշում էր, որ թէեւ հայրենիքից հեռու է, բայց իր հայկականութիւնից չի հրաժարուել, փաստարկելով, թէ «օրինակ, եթէ ինչ որ բան է տեղի ունենում փողոցում կամ ինչ որ մէկը ինձ վիրաւորում է, ես կռւում եմ, նրան ցոյց եմ տալիս իր տեղը…»:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

 

Մինչ որոշ հետազօտողներ, լրագրողներ կամ քաղաքական գործիչներ խօսում են հարիւր հազարաւոր կամ միլիոնաւոր մահմեդական հայերի մասին, ես նախընտրում եմ նման թուեր չնշել, մտածելով, որ «իսլամացած հայերի ժառանգներ»ի եւ «մահմեդական հայեր»ի միջեւ էական տարբերութիւն կայ: Երբ ես խօսում եմ մահմեդական հայերի մասին, նկատի չունեմ բոլոր իսլամացած հայերի ժառանգներին, այլ աւելի շուտ, միայն նրանց, ովքեր իրենց հայ են ներկայացնում, միայն նրանց, ովքեր գիտակցաբար եւ սոցիալապէս (ընկերային պայմաններով-Խմբ.) հայ են: Իմ հանդիպած մահմեդական հայերը տարբեր պատմական եւ սոցիալ-մշակութային միջավայրերից են գալիս. ոմանք սուննի միջավայրից են գալիս, ուրիշներ մեծացել եւ ապրել են ալեւիական միջավայրում, օրինակ՝ Դերսիմից եկողները, որոնք սովորաբար իսլամի հետ ոչ մի կապ չունեն բացի դրանից, որ իրենց անձնագրերում նշուած է մահմեդական լինելու մասին, ոմանք քրդական, ոմանք թուրքական մշակոյթներում են մեծացել, ոմանց նախնիները մահմեդականութիւն են ընդունել 1915թ. Ցեղասպանութեան ընթացքում, ուրիշների նախնիները կրօնափոխուել են աւելի վաղ՝ ինչպէս համշեէնցիները: Ժամանակի սղութեան պատճառով ես այսօր չեմ անդրադառնայ այս ենթախմբերից իւրաքանչիւրի առանձնայատկութիւններին: Ի տարբերութիւն վերոյիշեալ միւս երկու խմբերին, մահմեդական հայերը իրենց հայ են զգում, չնայած որ հայ ինքնութիւնը սահմանող ու ձեւաւորող պետական կամ կրօնական համակարգերի անմիջական ազդեցութեան տակ չեն գտնւում: Ինստիտուցիոնալ (հաս-տատութիւններու ամբողջու-թեան-Խմբ.) կառոյցների բացակայութեան պայմաններում, ինչպիսիք են հայ եկեղեցին կամ հայկական պետութիւնը, այս խմբի համար հայ լինելը յետահայեաց՝ դէպի անցեալ գործընթաց է: Սա նշանակում է, որ նախ պէտք է որպէս իրողութիւն ընդունել, որ մէկը կարող է հայ լինել պարզապէս, որովհետեւ նրա նախնիները հայ են եղել, եւ որ նա փորձում է յետ բերել բնաջնջման եւ ուծացման շարունակական քաղաքականութեան արդիւնքում կորցրած ինքնութիւնը: Քրիստոնեայ հայերն ու միգրանտները ինստիտուցիոնալ մարմիններ ունեն, որոնք նրանց համար ստեղծում են որպէս հայ ապրելու եւ մտածելու գործնական ու խորհրդանշական-գաղափարախօսական միջոցներ, մինչդեռ Թուրքիայի այս ոչ-քրիստոնեայ հայերը միայն կորցրած անցեալ ունեն, որի վրայ ուզում են հիմնել ու կառուցել իրենց հայկականութիւնը: Օրինակ՝ երբ Մեհմեդի ընկերուհին փորձում էր ինքն իրեն մխիթարել եւ նրան համոզել, որ նա քուրդ է՝ այն պատճառով, որ նա մեծացել է քրդական միջավայրում եւ մահմեդական է, Մեհմեդի պատասխանը հետեւեալն է լինում. «Ոչ, ես հայ եմ: Պապիկիս անունը Մկրտիչ էր, իսկ նրա հօր անունը՝ Գէորգ: Գուցէ մենք փոխել ենք մեր կրօնը, բայց քանի դեռ անցեալի այս անունները չեն փոխւում, ես էլ կը շարունակեմ հայ մնալ: Ազգութիւնս հայ է»: Մէկ այլ զրուցակից հետեւեալ խօսքերով բացատրեց կորցրածը հետ բերելու իր շահագրգռուածութիւնը. «Նրանք գողացան իմ ընտանիքի ինքնութիւնը՝ Տէր Կարապետեան անունը անհետացաւ: Հէնց որ գործերս վերջացնեմ, այդ անունը հետ եմ վերցնելու, քանի որ ցանկանում եմ, որ դա ընդմիշտ շարունակուի…»: Այսպիսով, այս մարդկանց գոնէ մի մասի համար հայ ինքնութեամբ հանդէս գալը դիմադրութեան մի ձեւ է ընդդէմ մէկդարեայ ուծացման եւ խտրականութեան քաղաքականութեան:

ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՄԻՄԵԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

 

Ի՞նչ են մտածում տարբեր տեսակի հայերը միմեանց մասին: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մէկը բախւում է այլ հայերի գոյութեան հետ, որոնք չեն տեղաւորւում հայկականութեան մասին իր ունեցած նախապաշարմունքների եւ համոզմունքների մէջ: Եկէք նախապէս նշեմ, որ իւրաքանչիւր խմբի բոլոր անդամները չէ, որ կիսում են առաջիկայ պարբերութիւններում նկարագրուած կարծիքները: Այստեղ կը ներկայացուեն միայն առաւել տարածուած դիրքորոշումները:

Թուրքիայի քրիստոնեայ հայ համայնքի  համար դժուար է ընդունել մահմեդական  հայերի գոյութիւնը: Ոմանք դեռ չեն էլ լսել նրանց գոյութեան մասին: «Ի՞նչ է նշանակում մահմեդական հայ, ինչպէ՞ս է դա տեղի ունենում»: Մահմեդական հայը դիտւում է որպէս կասկածելի կատեգորիա (ստորոգութիւն, դասակարգ-Խմբ.): Սա հեշտ է հասկանալ, երբ մտքում ունենք հայկականութեան նոյնականացումը քրիստոնէական հայկական եկեղեցուն անդամակցութեան եւ նուիրուածութեան հետ, ինչը ներկայացրել եմ զեկոյցիս սկզբին: Եթէ հայ լինելը պայմանաւորուած է հայ եկեղեցու մաս կազմելով եւ միջոցառումերին մասնակցելով, ապա ինչպէ՞ս կարող է մէկը հայ լինել, երբ նա ոչ մի կապ չունի այդ աշխարհի հետ: 50 տարեկան մի մարդ խիստ ու կտրուկ ասաց. «Ինչ որ մէկը հայ է, բայց գնում է մզկիթ աղօթելու… հնարաւո՞ր է նման բան պատկերացնել, դո՛ւ ասա»: Ուրիշներ ըմբոստացան. «Երբ պէտք է՝ կ՛ասեն, որ հայ են, բայց միաժամանակ մահմեդական կը մնան: Սա ի՞նչ կեղծաւորութիւն է:  Թող ընտրութիւն կատարեն»: Նմանատիպ մտքերը յանգեցնում են այն բանին, որ որոշ քրիստոնեայ հայեր նոյնիսկ մերժում են մահմեդական հայերին որպէս հայ ընդունել. «Թող վերադառնան իրենց պապենական կրօնին եւ մկրտուեն, միայն դրանից յետոյ կարող եմ նրանց ընդունել որպէս հայեր»: Իսկ մահմեդական հայերը քրիստոնեայ հայերի հայկականութեան մասին դատողութիւններ չեն անում: Նրանք պնդում են, որ հայ լինելը ցեղի կամ ազգութեան, ժառանգութեան եւ կամ սուբյեկտիւ (անհատական-Խմբ.) պահանջի հարց է, քան թէ կրօնի, եւ բողոքում են քրիստոնեայ հայերի կողմից մարգինալացման (լուսանցքի մէջ տեղաւորելու-Խմբ.) դէմ:

Քրիստոնեայ հայերը իրենց հերթին քննադատւում են միգրանտ հայերի կողմից, որոնք հարցականի տակ են դնում նրանց հայկականութիւնը: Բազմաթիւ միգրանտներից լսել եմ, որ տեղացի քրիստոնեայ հայերը հայկական արժէքները կորցրել եւ «թուրքացել» են: Գլխաւորաբար երկու փաստարկ են բերում դրա համար: Առաջինն այն է, որ Թուրքիայի հայերը Հայաստանի մասին շատ չեն մտածում եւ հոգ չեն տանում, եւ աւելի շատ Թուրքիան են որպէս հայրենիք տեսնում: 40ամեայ հայ միգրանտ Կարէնը նշում է. «Տեղացիներից ոմանց կարծիքով մենք մեր հայրենիքը թողել ու եկել ենք իրենց հայրենիք: Մի՛ վայրկեան, այդ երբուանի՞ց է, որ իմ հայրենիքը քո հայրենիքը չէ, երբուանի՞ց է սա քո հայրենիքը: Այս դէպքում ո՞րն է նրանց եւ թուրքերի միջեւ տարբերութիւնը, ես ինչպէ՞ս կարող եմ նրանց հայ համարել»: Այս մօտեցումը հեշտ է հասկանալ, նկատի ունենալով միգրանտների հայկականութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան զբաղեցրած կարեւոր տեղը: Լաւ եւ ճիշդ հայ լինելու երկրորդ կարեւոր նախապայմանը միգրանտների համար՝ աւանդական արժէքներին հաւատարիմ մնալն է: Սա միգրանտների համար եւս մի հնարաւորութիւն է հարցականի տակ դնելու տեղացի քրիստոնեայ հայերի հայկականութիւնը. «Տեղացիները սկսել են աւելի շատ թուրքերին նմանուել… նրանք հայկական աւանդական արժէքներից հրաժարուել են… նայէ՛ք, նրանք նոյնիսկ հոգ չեն տանում իրենց տարեց ծնողներին, նախընտրում են նրանց ուղարկել ծերանոցներ…»: Տեղացի քրիստոնեայ հայերը եւս նախապաշարուած են միգրանտների հանդէպ եւ գանգատներ ունեն: Քանի որ միգրանտների ճնշող մեծամասնութիւնը աշխատաւոր դասակարգից է, եւ նրանցից շատերը, հիմնականում կանայք, տնայնագործ աշխատանք են կատարում տեղացի քրիստոնեայ հայերի ընտանիքներում, վերջիններս նրանց վերեւից են նայում: Միգրանտները գանգատւում են, որ տեղացիները նրանց համարում են անկիրթ, անգրագէտ, «գիւղացի» եւ կոպիտ մարդիկ: Աւելին՝ պոլսահայ համայնքում անվստահութեան մթնոլորտ կայ միգրանտների նկատմամբ: Սա պայմանաւորուած է այն տխուր փաստով, որ որոշ աշխատանքային միգրանտներ կողոպտել են տեղացի հայերի, որոնց համար նրանք աշխատել են: Այն, որ որոշ թուով երիտասարդ միգրանտ կանայք Ստամբուլի փողոցներում մարմնավաճառութեամբ են զբաղւում նոյնպէս զայրացնում է տեղի հայերին, որոնք գանգատւում են, որ միգրանտները փոխել են հայի կերպարը քաղաքում. «Մինչեւ նրանց գալը՝ հայերը ընկալւում էին որպէս արհեստաւորներ, արուեստագէտներ, ազնիւ մարդիկ, բայց հիմա մենք ընկալւում ենք նաեւ որպէս մարմնավաճառներ, գողեր եւ այլն»: Ի վերջոյ, երբ որոշ միգրանտներ տեղացի հայերին համարում են «թրքացած», մի շարք տեղացիներից լսել եմ, որ միգրանտները «ռուսացել» կամ «սովետականացել» են եւ դրանով մասամբ կորցրել են իրենց «հայկականութիւնն» ու «հայկական արժէքները»:

Եւ վերջապէս՝ քանի որ մահմեդական հայերի եւ միգրանտների միջեւ գրեթէ ոչ մի փոխյարաբերութիւն չկայ, նրանք հիմնականում իրար մասին ասելու շատ բան չունեն: Թէեւ միգրանտներն էլ (որոնք նոյնպէս քրիստոնեայ են) մահմեդական հայերի երեւոյթը կասկածելի եւ երբեմն նաեւ անընդունելի են համարում, սակայն ոչ այնքան ծայրայեղօրէն, ինչքան տեղացի քրիստոնեայ հայերը:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

 

Ընթացքի մէջ գտնուող այս հետազօտութիւնում հաւաքագրուած տուեալները ցոյց են տալիս, որ հայկական ինքնութիւնը տարատեսակ տեղական մեկնաբանութիւններ ունի, որոնք տարբերւում են ըստ սոցիալական եւ պատմական իւրայատկութիւնների: Ընդ որում՝ այս բազմազանութիւնը երբեմն կարող է ներքին բախումների ու փոխադարձ մերժման յանգեցնել: Կարելի է պատկերացնել այլ հնարաւոր տեղական մեկնաբանութիւններ ու սահմանումներ այս աշխարհի տարբեր անկիւններում եւ նշել, որ անհրաժեշտ է այս ուղղութեամբ յետագայ հետազօտութիւններ կատարել՝ նպատակ ունենալով աւելի համապարփակ պատկերացում կազմել ժամանակակից հայ ինքնութեան մասին:

Միգուցէ հեգնական հնչի այսպէս աւարտել, բայց հայերի այս երեք խմբերը թերեւս իրար ամենամօտն են այն ժամանակ, երբ որ օտար մի չորրորդ կողմ կայ՝ թուրքական ազգայնականութիւնը: Իհարկէ, վերջինիս համար հայկականութիւնը բոլորովին այլ՝ ազգային թշնամու իմաստ ունի, անկախ դրանից, որ այն քրիստոնեայ է թէ ոչ, Թուրքիայի քաղաքացի է թէ ոչ: Այս երեք տիպի հայերի միջեւ առաւել ակնյայտ ընդհանրութիւնը Թուրքիայում ապրող հայ լինելն է: Փաստօրէն, այս երեք խմբերի ներկայացուցիչներից ոմանք ինձ պատմել են այնպիսի դէպքերի մասին, երբ նրանց վիրաւորել կամ սպառնացել են իրենց հայկական ինքնութեան համար: Ի վերջոյ, պատահական չէ, որ այս երեք խմբերը ժամանակի եւ տարածութեան մէջ ֆիզիկապէս միաւորւում են միայն այն պահերին, երբ «հայը», որն այլապէս տարբեր սահմանումներ ունի, յարձակման տակ է. օրինակ՝ Հրանդ Դինքի  սպանութեան տարելիցին նուիրուած ամէնամեայ արարողութիւնները, Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումները եւ «Քամփ Արմէն»ի համար վերջերս մղուած պայքարը:

 

Այս զեկոյցը ներկայացուել է «Հրանտ Դինք» հիմնադրամի եւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան ջանքերով, 2016թ. Հոկտեմբերի 7-8ին, Ստամբուլում կազմակերպուած «Հայկական ինքնութեան քննական մօտեցումները 21րդ դարում. խոցելիութիւն, առաձգականութիւն, փոխակերպութիւն» խորագրով գիտաժողովի ընթացքում:

 

 ՀՐԱԿ ՓԱՓԱԶԵԱՆ՝ Մարդաբանական գիտութիւնների թեկնածու, Օքսֆորդի համալսարան