image
Հրատապ լուրեր:

Ու՞ր էիր Աստված

Ու՞ր էիր Աստված

Մեր ժողովրդի համար տագնապալի այս օրերին շատ այժմեական է Արթուր Մեսչյանի «Ու՞ր էիր Աստված» հայտնի երգը, որ պատանի երաժիշտը գրել էր Հայոց ցեղասպանության 50 ամյակի առիթով: Հատկապես երգի հետևյալ տողերը արտացոլում են մեր ժողովրդի այսօրվա իրավիճակը.

Ու՞ր էիր Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ,
Ու՞ր էիր Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ,
Ու՞ր էիր Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր,
Ու՞ր էիր Աստված, երբ արդարության աչքերը կապվեց,
Ու՞ր էիր Աստված, երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր…

Վստահ եմ՝ շատ հայեր նույն մտքերով այսօր դժգոհում են Աստծուց: Սա շատ հասկանալի է: Վերջապես մենք Աստծուց ակնկալում ենք արդարություն և սեր, մանավանդ այն ազգի հանդեպ, որը պարծանք է համարում Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը ընդունելու փաստը:

Սակայն թույլ տվեք այս հարցին մյուս կողմից նայել:

Պատկերացնենք, որ Աստված շրջվում է դեպի հայ ժողովուրդը և հարցնում. «Իսկ դու ու՞ր էիր, երբ ես քեզ կանչում էի ապաշխարության և Աստվածահաճո կյանք ապրելու: Դու ինչու՞ չդարձար, երբ Ես քեզ հրավիրում էի արդարության, այն դեպքում, երբ դու մի պատառ հացը գողանում էիր որբի բերանից»:

Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կխլեն մարդիկ անվարան
Որբի բերանից պատառը հացի...

Դու ինչու՞ որբևայրիի իրավունքը խլեցիր:

Դու ինչու՞ չսիրեցիր քո եղբայր հային ու նրա իրավունքը խլեցիր:

Դու՝ խանութպա՛ն, ինչու՞ կշեռքի մեջ քո հաճախորդին խաբեցիր:

Դու՝ շարքային հայ, ինչու՞ առանց վարանելու ստում և քո մեղքը ուրիշի վրա ես գցում :

Դու ինչու՞ անարգեցիր, արհամարեցիր և վայր գցեցիր քո եղբայր հային, միայն այն պատճառով, որ քեզ նման չէր մտածում:

Դու՝ գործատե՛ր, ինչու՞ քո աղքատ աշխատողի իրավունքները ոտնահարելով՝ անարդար հարստություններ ես կուտակում և զեխ կյանքով ապրում:

Ինչու՞ կաշառք տվիր և կաշառք ուզեցիր տարեց ու անպաշտպան կնոջից, որպեսզի իր արդար գործը իբր կարգավորես:

Դու ինչու՞ թալանեցիր քո պետությունը և քո անձի շահը ավելի բարձր դասեցիր:

Դու ինչու՞ ինձ թողած, պաշտում և աստվածացնում էիր այս կամ այն առաջնորդին կամ ղեկավարին: Ո՞վ է քո Աստվածը:

Ողբալով Երուսաղեմի մեղքերը՝ Հիսուս իր սերը և նրանց պաշտպանելու խոր ցանկությունն արտահայտեց : Նա գիտակցեց, որ մեղքի ճանապարհը տանում է կործանման, իսկ Աստծո ներկայության մեջ կա անվտանգություն: Հիսուսի հետևյալ խոսքերը կարծեք այսօր ուղղված են մեզ.

«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում ես մարգարեներին, քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց դուք չցանկացաք։ Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի»։ Մատթ 23.37

Երուսաղեմը գործում էր ամենածանր մեղքերը: Նրանք քարկոծում էին մարգարեներին ու վերջում խաչեցին Հիսուսին: Մենք էլ տարիներ ի վեր գործում ենք տարբեր մեղքեր և չենք ենթարկվում Աստծուն:

Հիսուս այսօր մեզ կոչ է անում. «Սիրելի՛ հայ ժովովուրդ, ես միշտ այստեղ եմ եղել և քեզ հրավիրել մոտենալ ինձ, պաշտել, սիրել և հնազանդվել: Սակայն դու նախընտրեցիր մեղքը և չարությունը և ինձանից հեռու մնացիր, որպեսզի քո խավար գործերը չբացահայտվեն:

Ա.Մեսչյանի երգն ավարտում է հետևյալ խոսքերով.

Լույս տուր մեզ, Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
Հույս տուր մեզ, Աստված, որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից, ամեն:

Այո՛, երբ Աստծո լույսը մեր սրտերում լինի, մենք անպայման հույս կունենանք:

Աստվածաշնչում Աստված հետևյալ խոստումն է տալիս, որը վերաբերում է նաև հայ ազգին.

«…և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը»։
Բ Մնացորդաց 7.14

Այսօր մենք ապրում ենք շատ մեծ անորոշության մեջ, չգիտենք՝ մեր երկու հայրենիքների ապագան ինչ է լինելու: Բայց Աստված գիտի:

Եվ Նա ուզում մեզ բարգավաճող հայրենիքներ պարգևել: Մենք պարզապես պետք է դառնանք նրան, մեղքերից հրաժարվենք, վայելենք նրա օրհնությունները և ապրենք ազատ, անկախ ու անվտանգ հայրենիքներում:


Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ