image

Մարգարիտա Մանուկյան. Հին Արևելքի գրադարաններ

Մարգարիտա Մանուկյան. Հին Արևելքի գրադարաններ

Մարգարիտա Մանուկյան

Մատենագետ, տեղեկատվական գիտությունների մասնագետ

 


               ԱՌԱՋԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ                                             ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
 

 
                                   
                             Հին Արևելքի գրադարաններ

(Շումեր, Ասորեստան-Բաբելոն, Խեթական պետություն, Եգիպտոս)


           
             Գրադարանը և «նախագիտական գիտությունը»

Շումերական բարձրաքանդակ Լագաշից

Գրադարանների գոյության վերաբերյալ առաջին տեղեկությունները վերաբերում են Միջագետքի ժողովուրդների մշակույթի ծաղկման ժամանակաշրջանին` մասնավորապես Շումերական պետությանը: Մեզ հասած հնագույն տեքստերը թվագրվում են մ.թ.ա. 3000-2900 թվականներին և իրենցից ներկայացնում են մնեմոնիկ և պատկերային գրեր, այլ կերպ ասած՝ ժայռապատկերներ:

Քաղաքակրթության օրրան հանդիսացող հնագույն քաղաք-պետություների և այդ պետություններում ձևավորված առաջին գրադարանների ծագման մասին տեղեկությունները և դրանց մասին պատկերացումները մեզ են հասել տարբեր գիտական արշավախմբերի հնագիտական պեղումների շնորհիվ:
Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Տիգրիս և Եփրատ գետերի ափերին, հին քաղաքակրթության կենտրոններից էր Միջագետքը: Մեզանից տասնյակ հազարավոր տարիներ առաջ աշխարհագրական և կլիմայական լավագույն պայմաններն այս տարածքում նպաստավոր պայմաններ են ստեղծել մարդու կյանքի և զարգացման համար: Մի քանի տասնյակ փոքր քաղաք-պետություններ են կառուցվում բլուրների վրա և շրջապատվում պատերով: Հին Լագոսը, Ուրը, Նիպուրը և ուրիշներ դառնում են շումերական քաղաքակրթության հիմնական կենտրոնները: Բայց նրանցից ամենաերիտասարդը և առավել հայտնին ՝ Բաբելոնը, այնքան արագ է զարգանում, որ մ.թ.ա. առաջին հազարամյակում հույները սկսել են Միջագետքը կոչել նրա անունով Բաբիլոնիա:
Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսին շումերները հայտնագործում են սեպագիր գրության եղանակը, որը, համապատասխանաբար ձևափոխելով, հետագայում օգտագործվել է Աքքադում, Ասորեստանում, Փյունիկիայում, Ուրարտուում և այլ պետություններում: Առաջին սեպագիր դասագրքերը կազմվել են մ.թ.ա. 18-րդ դարում, որոնք ավելի քան հազար տարի պատճենահանվել են գրեթե անփոփոխ, և գտնվել են Ասորական Նինվե մայրաքաղաքի պեղումների ժամանակ՝ Աշուրբանիպալի գրադարանում:
Սակայն, միայն 600 տարի անց` մոտ մ.թ.ա. 2400-ական թվականներին, գիրը առանձին պատկերներ հիշեցնող ձևերից ձեռք է բերում դասակարգված և համակարգված տեսք և ստեղծվում են գրի ձևերն ու կրիչները: Մ.թ.ա. 2500-ական թվականներին Շումերը վերածվում է հզոր կենտրոնացված բռնապետական միապետության: Այս պահից ի վեր մեզ են հասել գրականության բազմաթիվ հուշարձաններ: Ամենահարուստ արխիվները հայտնաբերված են Լագաշի, Լարսի, Ուրի, Ումի, Շուրուպպակի, Նիպպուրի ավերակներում:
Առաջանում է հաղորդակցման մեկ այլ ձև՝ կանոնակարգված գրավոր խոսքը, որը հնարավոր է դարձնում բանավոր խոսքի փոխանցումը տարածության և ժամանակի մեջ՝ նյութական կրիչի վրա ֆիքսված պատկերի միջոցով:
Մեզ հասած հնագույն գրավոր տեքստերը՝ կավե սալիկների վրա արված սեպագիր արձանագրությունները, շումերենով են,  թվագրվում են մ.թ.ա. 2900-2500 թթ. և հայտնաբերվել են Միջագետքի տարածքում: Նրանց շարքում է այսպես կոչված «Արքայական ցուցակը»՝ Շումերի կառավարիչների ցուցակը, որում հիշատակված է Գիլգամեշի անունը, ում անվան շուրջ հետագայում էպոսներ և մի շարք հերոսական երգեր են հյուսվել, որոնք պահպանվել են մինչ մեր օրերը: Մի հետաքրքիր փաստ նշենք, որ գիտական շրջանակներում ցնցող տպավորություն է թողնում այն հանգամանքը, որ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային ջրհեղեղի պատմությունը գրեթե համընկնում էր Աստվածաշնչում ներկայացվող տարբերակին: Լագաշում հայտնաբերվել են ավելի քան 20.000 կավե սալիկների, Նիպպուրում, որը երկրի կրոնական կենտրոնն էր, հնագետները հայտնաբերել են մի քանի հազարի հասնող կավե սալիկներ: Այս սեպագիր արձանագրությունների մեծ մասը պահպանվել է հատուկ նախատեսված 62 տարբեր շինություններում: Գտնված սալիկների բովանդակության վերծանումը հնարավորություն է տալիս ենթադրել, որ դեռևս այն ժամանակ գոյություն է ունեցել գրականության դասակարգման հստակ տարրեր:



«Գիլգամեշ» էպոսից հատված ներկայացնող սալիկ



Շումերական քաղաքներում կային դպիրների դպրոցներ՝ դրանց մեծ մասը հիմնականում տաճարներում, որոնք կոչվում էին «սալիկների տուն»: Աշակերտ ​​տղաները կամ «սալիկների տան որդիները» տիրապետում էին շումերական և աքքադական լեզուներին, գրելու բարդ համակարգին, տեքստերի պատճենահանման արվեստին, սովորում էին աստվածաբանություն, մաթեմատիկա, աշխարհագրություն և բժշկություն: Ուրուկի և Շուրուպպակի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են սալիկներ ուսանելու համար նախատեսված բառերով, որոնք էլ համարվում են առաջին դասագրքերը, դպրոցական տեքստերը և դպրոցական կյանքի մասին ուսուցողական նյութերը՝ «Դպրոցականի օր», «Դպիրը և նրա անկարգ որդին»:
Այս ժամանակի առավել խոշոր և նշանակալից գրադարանները՝ այսպես ասած պալատական գրադարանները՝ պետության կառավարիչների գրադարաններն են:
Հնագույն շրջանի մեզ հասած հարուստ հավաքածու ունեցող հնագույն գրադարաններից է Խեթական պետության թագավոր Խաթուսիլիս Երրորդի պալատական գրադարանը (մ.թ.ա.1283-1260 թթ.): Գրադարանը տեղակայված է եղել Խեթական պետության մայրաքաղաք Խաթուսասում՝ արքայական պալատում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մոտ 11.000 կավե սալիկներ, որոնցում պետական և պաշտոնական փաստաթղթեր՝ արքայական հրամաններ և կոչեր, նաև տարեգրություններ, տնտեսական, առևտրային, կրոնական և գյուղատնտեսական կյանքը կարգավորող ըստ բովանդակության դասակարգված սալիկներ: Ի տարբերություն շումերական սալիկների, խեթական «գրքերում» նշվում է հեղինակի անունը, նրա հասցեն և տիտղոսը, նաև գրագրի անունը: Անգամ հիմքեր կան ենթադրելու, որ գոյություն են ունեցել հեղինակների անվամբ կազմված գրացուցակներ: Խեթական պետությունը պահպանել է իր գոյությունը Մ.թ.ա. II հազարամյակում ՝ 7 դարերի ընթացքում:

Հին Արևելքի մեկ այլ առավել խոշոր գրադարան է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեում գտնվող ասորական թագավոր Աշուրբանիպալի հիմնած արքայական գրադարանը, որը մեզ հասած բաբելոնյան գրականության հարուստ հավաքածուներից է: Գրադարանի ֆոնդը բաղկացած է եղել 7-10.000 կավե սալիկներից: Աշուրբանիպալի գրադարանը համընդհանուր բնույթ է ունեցել փաստաթղթերի բովանդակության առումով, այնտեղ հավաքվել են արքայական հրամանները, հղումները, այլ երկրների անվանումների ու կառավարիչների ցուցակները, հնագույն քարտեզագրումներ, բնակավայրերի, գետերի և և լեռների ցուցակագրված անվանումները, մաթեմատիկայի, աստղագիտության, բժշկության վերաբերյալ նյութեր, բառարաններ և ուղղագրական, լեզվաբանական նյութեր: Կրոնական-ծիսակարգային տեքստերով սալիկները պահպանվել են առանձնացված շինություններում: Հենց այս գրադարանում է պահպանվել հայտնի շումերական առաջնորդ Գիլգամեշի մասին առասպելի առավել լիարժեք տեքստի բնօրինակը , որն աքքադերենով է: Առասպելը միաժամանակ համարում են նաև արևելասեմիթական և բաբելոնա-ասուրական: Կան տեղեկություններ գրադարանների ֆոնդերի և կառուցվածքի բացահայտման մասին: Հատուկ սալիկների վրա նշվել են ստեղծագործության անվանումը, սենյակը և դարակի համարը, որում այն գտնվել է: Յուրաքանչյուր գրքի վրա զետեղված է եղել է կնիքանման գրություն՝ «Աշուրբանիպալի արքունիք, արքաների արքա, Աշուր երկրի արքա, ում աստվածները տվել են սուր աչք և միտք…. և այլն», գիրքը վնասել կամ գրադարանից դուրս տանել չի թույլատրվել, օգտվելու իրավունք ունեցել են բացառիկ նեղ շրջանի մարդիկ:

Եգիպտոսում գրադարաններն անվանում էին «Գրքի տներ» կամ «Գրքի աստվածային տուն» և «Կյանքի տուն»: «Կյանքի տուն» հասկացությունը իր նշանակությամբ ենթադրում էր գիտական հաստատություն, որտեղ ամենայն հավանականությամբ զբաղվում էին բժշկությամբ, ապա այստեղ ստացած գիտելիքները գրի էին առնում ամբողջական շարադրությամբ և պահպանում այդ ամենը: Գրադարանի կառավարչի դերը պետական կարևորագույն պաշտոն էր և վստահվում էր միայն արքունական բարձրաստիճան դիրք ունեցող անձանց, փոխանցվում էր ժառանգաբար: Այն կարող էր զբաղեցնել միայն պալատական ծագում ունեցող «բարձրագույն գիտելիքի» տիրապետող անձը: Գրադարանում պահվող փաստաթղթերից օգտվել կարող էին միայն կառավարիչներն ու քրմերը: Մ.թ.ա. 14-րդ դարից սկսած պետությունն ու եկեղեցին միավորվում են և ծագում է թեոկրատիկ՝ աստվածաբանական կառավարման եղանակը, որտեղ քաղաքական կառավարման կարևորագույն դերը ստանձնում է գլխավոր քուրմը: Այս շրջանում զարգացում են ապրում տաճարների գրադարանները: Տաճարային գրադարաններից առավել հայտնի է եղել Ռամեսսեում տաճարի գրադարանը՝ հիմնված մ.թ.ա. 1300 թ. Ռամսես երկրորդ փարավոնի կողմից, որի մուտքի մոտ «Դեղատուն հոգու համար» փորագրությունն էր արված: Եգիպտոսում նամակագրության համար սկսում են գործածել պապիրուսը, որը պահպանվում է խողովականման պատյաններում՝ փաթեթանման վիճակում: Սակայն պապիրուսի վրա արված փաստաթղթեր շատ չեն պահպանվել, քանի որ պապիրուսը այնքան էլ դիմացկուն չէր կավի համեմատ, և հետևաբար հարմար չէր երկարատև օգտագործման: Շատ քիչ պահպանված տեղեկություններ կան եգիպտական գրադարանների վերաբերյալ, այդ բացառիկներից է Էդֆու քաղաքի գրադարանը, որի ճակատային մասում պահպանվել է գրացուցակի փորագրությունը:

Ռամզեսի տաճար


Ընդհանուր առմամբ հին Արևելքում գրադարանը և նրա ստեղծման և զարգացման առաջին փուլը կարելի է դիտարկել որպես հաստատություն, որն իրականացրել է գրադարանի երկու հիմնարար և առաջնային գործառույթներից միայն մեկը: Գրադարանի հիմնարար գործառույթներն երկուսն են՝ ֆոնդագոյացում և սպասարկում: Ստացվում է, որ աշխարհի առաջին գրադարաններում առավել առաջնային և հիմնական է եղել ֆոնդագոյացման՝ փաստաթղթերի հավաքման և պահպանման ֆունկցիան: Գրադարանում ակնհայտ են դասակարգման և գրացուցակավորման համակարգված որոշակի տարրերը: Սակայն, միաժամանակ պիտի նկատել, որ այս շրջանի գրադարանները դեռևս սպասարկում չէին իրականացնում, և ավելի շատ արխիվային բնույթ էին կրում՝ այսինքն հավաքում և պահպանում էին փաստաթղթերը, որոնք հաճախ մեկ օրինակով էին պահվում: Հետագայում գրադարաններում դեռևս նոր պիտի ստեղծվեին գրագրության և փաստաթղթերի կրկնօրինակման կենտրոններ:

Պետք է նշել, որ այս շրջանի գրադարանը չէր կարող ծառայել գիտությանը և նրա զարգացմանը, քանի որ գիտությունը որպես այդպիսին դեռ ձևավորված և համակարգված չէր, այլ ծառայում էր «նախագիտությանը» որի հիմքի վրա էլ հետագայում սկսեց ձևավորվել գիտությունը:

Այսպիսով, խոսելով հնագույն գրադարանների մասին, կարելի է նշել, որ առաջին գրադարանները իրենց բովանդակային առումով հիմնականում պարունակել են կրոնական-ծիսակարգային, պետական և տնտեսական տարատեսակ փաստաթղթերի հավաքածուներ, որոնք տեղեկություններ են պարունակել տվյալ ժամանակաշրջանի կյանքի տարատեսակ ոլորտների վերաբերյալ՝ քրմապետական, պալատական կառավարիչների, ծառայողների , նրանց դերերի և պարտականություների, տարածքների և գույքի, ունեցվածքի հաշվառման, մարդահամարի վերաբերյալ:
Այսինքն, ըստ էության , գրադարանները ներառել են այնպիսի փաստաթղթերի հավաքածուներ, որոնք միաժամանակ կարելի է համարել թե՛ գրադարաններ, և թե՛ արխիվներ:
Այսպիսի հաստատության առաջացումն ու գոյությունը պայմանավորված էր մարդու մտահորիզոնի զարգացման հետ, նաև նրանով, որ շումերական մշակույթը հասել էր զարգացման այնպիսի մի աստիճանի, որտեղ մարդը սկսում է ինքնաճանաչման անհրաժեշտություն զգալ, փորձել վերլուծել ինքն իրեն և իր կապը երկրի և իրեն շրջապատող աշխարհի հետ: Մարդու ձգտումները անհրաժեշտություն են առաջացնում գրի ստեղծման և գրավոր տեսքով ասելիքի փոխանցման համար պատկերագրության և հիերոգլիֆների միջոցով: Մարդը սկսում է հոգ տանել այդ գրավոր տեղեկությունը ստեղծելու և այն պարունակող կրիչի պահպանման համար:
Կատարված իրադարձությունների մասին վկայող և տեղեկացնող գրավոր հուշարձանների ստեղծման ահրաժեշտություն է առաջանում: Դա դեռևս չի կարելի անվանել «հիշողություն ժամանակի մասին»  կամ «ժամանակային հիշողություն» և առավել ևս ոչ էլ վերաբերմունք՝  աշխարհի նկատմամբ պատմական դիտանկյունից: Այդ ամենը դեռևս պիտի առաջ գա հունա-հռոմեական դարաշրջանում՝ մ.թ.ա. 5-րդ դարում՝ երբ անտիկ աշխարհում ի հայտ է գալիս պատմությունը որպես առանձին գիտություն:



Օգտագործված գրականության ցանկ

1. Володин Б. Ф. Всемирная история библиотек. / Б. Ф. Володин. — СПб.: Профессия, 2002. — 352 с, 32 с. цв. вкл, ил. — (Серия: Библиотека).

2. Талалакина О.И. История библиотечного дела за рубежом . — Москва: Книга, 1982. — 272 с. ил.

3. Крамер С.Н. История начинается в Шумере / Под ред. и с предисл. В.В. Струве; Пер. Ф.Л. Мендельсона. М.: Наука, 1965.