image

Երուանդ Լալայեան. Հիւանդութիւն եւ բժշկութիւն

Երուանդ Լալայեան. Հիւանդութիւն եւ բժշկութիւն

Վարանդան իւր լեռնային մաքուր օդով, բարեխառն կլիմայով, բազմաթիւ յստակ աղբիւրներով եւ օդը մաքրող անտառներով բաւական առողջարար երկիր է: Սակայն ժողովուրդի տգիտութեան եւ բժշկական միջոցների բացակայութեան պատճառով` մահացութիւնը հասնում է 11%:
Հիւանդութիւնների գլխաւոր պատճառն է կեղտոտութիւնը: Թէեւ այստեղի գիւղերը` գոմերը գիւղից մի փոքր ինչ հեռու, առանձին տեղ լինելու պատճառով աւելի մաքուր են, քան թէ Ախալքալաքի, Ախալցխայի եւ Աղէքսանդրապօլի գիւղերը, սակայն եւ այնպէս` շատ հեռու են մաքուր կոչուելուց: Տեղի սղութեան պատճառով տները միմեանց կից շինուած լինելով, մինի կտուրը ծառայում է միւսին որպէս  բակ եւ աղբանոց, իսկ վերջինիս ծուխը առատութեամբ լցնում է երկրորդի տունը` եթէ միայն դուռը բաց է լինում: Ղարադամների սարսափելի ծուխը, լույսի սաստիկ պակասութիւնը, խոնաւութիւնը եւ կեղտոտութիւնը քայքայում են վարանդացու երկաթի առողջութիւնը: Բարեբաղդաբար այժմ այլ եւս չեն շինում այդպիսի բնակարաններ եւ գիւղերը կամաց կամաց ունենում են երկյարկանի, պատուհաններով տներ, որ տաքանում են թիթեղէ վառարաններով:
Հիւանդութիւնների տարածուելու մի ուրիշ պատճառն էլ այն է, որ սուրբ պարտականութիւն է համարւում անշուշտ այցելել հիւանդին, այնպէս որ անհնարին է լինում նրան առանձնացնել, որի պատճառով ե՛ւ տարափոխիկ հիւանդութիւնները սաստկութեամբ տարածւում են:
Քանի որ քաղաքը զուրկ է հիւանդանոցից, ի՞նչ կարող ենք ասել գաւառի մասին: Միայն կէս տարի առաջ Աղդամում նշանակուեց մի գիւղական բժիշկ եւ բացուեց գիւղական դեղատուն ու մի ապաստարան: Սակայն այս օգնութիւնը գլխաւորապէս տարածւում է Աղդամի շրջակայ թուրք ազգաբնակութեան վրայ, իսկ Վարանդայի հայը դարձեալ մնում է առանց բժշկի եւ ստիպուած դիմում է սափրիչներին , «սնղչիներին» (хирургъ), տատմայրերին, կին «հեքիմներին»եւ մանաւանդ սուրբ աղբիւրներին, ծառերին, քարերին եւ «գիր անող» կախարդներին:
Վարանդացու ամենագործածական դեղը «խնոթունն» է, -սրբի մօտից վերցրած հողը եւ կամ սուրբ ծառի փթած փոշին, որ ջրի մէջ խառնելով ընդունում եւ կամ քսում է ցաւած տեղը:
Հիւանդութիւնների վերաբերեալ ոչ մի հաւաստի թւեր չլինելով` կարելի է միայն ասել, որ երեխաների մէջ առաւելապէս տարածուած է ծաղիկ եւ կարմրուկ հիւանդութիւնը: Ժողովուրդը դեռ եւս լաւ չէ ըմբռնում ծաղիկ կտրելու նշանակութիւնը եւ թէեւ տարին մի քանի անգամ ծաղկահատներ շրջում են գիւղերը, սակայն եւ այնպէս` շատ երեխաներ մնում են առանց ծաղիկը կտրելու եւ զոհ են գնում ծնողների տգիտութեան, որոնք, սակայն, նրանց առողջացնելու նպատակով ամենայն երեկոյ մոմեր են վառում, կիրակի պահում (անգործ նստում), միմեանցից հեռու մնում, միս ներս չբերում եւ այլն:
Երիտասարդութիւնն էլ վարակուած է վեներական ախտերով, բացի Նոր-Շէն, Հացի եւ Կաղարծի գիւղերից, ինչպէս վկայում է գաւառական բժիշկը:
Չափահասների եւ մանաւանդ հնձուորների մէջ տարածուած է տենդ եւ ջրգողութիւն հիւանդութիւնները:
Քաղաքում կան մի քաղաքի, մի գաւառի, մի զինուորական եւ երկու մասնաւոր բժիշկներ:


(Յատուած)