image

Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձանը՝ Երևանում. Երախտիքի հուշարձան Սիրիային

Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձանը՝ Երևանում. Երախտիքի հուշարձան Սիրիային

Երևանի բազմաթիվ հուշարձանների շարքում իր ուրույն տեղն ւոնի Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձանը, որ կոչվում է նաև Հայ-արաբական բարեկամության հուշարձան կամ Երաշխտիքի հուշարձան: Այն Հայաստանի մայրաքաղաքում 2012-ին դրվել է իբրև երախտիքի նշան Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբ ժողովրդին՝ Մեծ եղեռնից փրկվածներին օգնություն ցուցաբերելու համար: Հուշարձանը գտնվում է  Երևանյան լճի ափին: Անցնող օրերին, երբ Սիրիան ճանաչեց հայոց ցեղասպանությունը,  Երևանում բնակվող սիրիահայերը խորհրդանշական կերպով այցելում են հուշարձան՝ կրկին երախտագիտություն հայտնելով Սիրիայի հանրապետությանը: 

 


 

 

Հուշարձան կառուցելու նախաձեռնության հեղինակը Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարուժան Սալաթյանն է: Հուշարձանը արաբական երկրների հայ համայնքների և համայն հայության երախտագիտության արտահայտությունն է Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբական աշխարհին, որն օգնություն է ցուցաբերել Մեծ եղեռնից փրկվածներին: Հուշարձանի նախագծի համար 1998 թվականին մրցույթ է հայտարարվել, որին մասնակցելու թույլտվություն պետք է տրվեր միայն սփյուռքահայ և տարածաշրջանի արաբական երկրները ներկայացնող ճարտարապետներին: Հուշարձանի նախագիծն իրականացնելիս որոշ դժվարություններ են ծագել, մասնավորապես արձանի համար նախատեսված տարածքը մտնում էր ԱՄՆ-ի դեսպանատանը տրամադրվելիք տարածքի մեջ: Հուշարձանը կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը քիչ հեռու՝ Ծովակալ Իսակովի պողոտայի վրա Երևանյան լճի ափին մոտ 400 քմ չափով նոր տարածք տրամադրեց, որը Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ 2006 թվականի դեկտեմբերին անհատույց օգտագործման իրավունքով տրվել է Հայ առաքելական եկեղեցուն: Շինարարական աշխատանքները վերսկսվել են 2006 թվականին, ավարտվել 2009 թվականին: Պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել  2012 թվականի աշնանը:

Հուշարձանի կառուցմանն աջակցել են հայաստանաբնակ և սփյուռքահայ ավելի քան 200 բարերարներ Սիրիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: 



 

Հուշարձանը կառուցվել է Արմավիրի տուֆից: Մեկ ամբողջություն կազմող հուշարձանը բաղկացած է առանձին-առանձին երեք մասից` արծիվ, բուրգ և Սիրիայի տարածքի պատկերը: Արծիվը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժը, կամքն ու ոգու հզորությունը և հսկում նրա անցյալ, ներկա ու ապագա պատմությունը: Մյուս վեր ձգված ծավալը խորհրդանշում է Հայոց եղեռնից հետո հայ ժողովրդի վերածնունդը, երրորդ՝ Սիրիայի քարտեզի տեսք ունեցող ծավալը խորհրդանշում է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը:

 

 

Հայ-արաբական բարեկամության հուշարձանի հեղինակները Մկրտչյան եղբայրներն են՝ Սերգեյ Մկրտչյանը (մահացել է 2002 թվականին), քանդակագործ Սմբատ և Ռաֆիկ Մկրտչյաններն ու ճարտարապետ Լևոն Մկրտչյանը: Մկրտչյան եղբայրները Սիրիայում գործունեություն են ծավալել 1994 թվականից, երբ կերտել են Հալեպի «40 Մանուկ» եկեղեցու զարդաքանդակները: Նրանք Հալեպում կատարել են տարբեր աշխատանքներ, այդ թվում՝ եկեղեցիների պատերի հարթաքանդակներ, խաչքարերի և արձանների պատրաստում, մասնավորապես՝ երկրի նախագահի արձանի: