image

«Հալեպի բժիշկների հայրը». Արամ-Ասատուր Ալթունյանի անմահ գործը

«Հալեպի բժիշկների հայրը».  Արամ-Ասատուր Ալթունյանի անմահ գործը

Հալեպ քաղաքի բժշկության բնագավառում հայերն ունեցել և այսօր էլ ունեն նշանակալի ներդրում: Քաղաքը տվել է նշանավոր հայ բժիշկներ, իսկ նրանցից ամենանշանավորը «Հալեպի բժիշկների հայր» պատվանունը կրող Արամ-Ասատուր Ալթունյանն է: Մեծ է եղել վերջինիս  դերը՝ Սիրիայի առողջապահական ոլորտում:  Արամ-Ասատուր Ալթունյանը ծնվել է 1857 թվականի մարտի 21-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: 1881 թվականին ավարտել է Թուրքիայի Այնթապի եռամյա բժշկական քոլեջը:


 

«Յուշամատեան» ժառանգության հարթակում լույս տեսած այս լուսանկարում Արամ-Ասատուր Ալթունյանը (կանգնածների վերջին շարքում ձախից երկրորդը) քոլեջի նախագահի, ​շրջանավարտների, ուսուցիչներ​ի հետ լուսանկարվել է քոլեջի հիմնադրության 25-ամյակի առթիվ՝ 1901-ին:  

Նա քոլեջն ավարտել է 1881-ին: 

 

1884 թվականին սովորել է Նյու Յորքի Կոլումբիայի քոլեջում: Աշխատել է Հայդելբերգի (Գերմանիա) հայտնի բժշկական կենտրոններում: 6 ամիս աշխատել է Բեռլինի Կոխի մանրէաբանական լաբորատորիայում: 1887 թվականին անցել է Կոստանդնուպոլիս, ստացել Թուրքիայում գործելու արտոնագիր և աշխատել Այնթապի բժշկական դպրոցում: 1888 թվականին եղել է Վիեննայի և Լոնդոնի կլինիկաներում, 1889 թվականին հաստատվել է Հալեպում, որտեղ 1896 թվականին իր կնոջ՝ իռլանդացի Հարրիեթ Ռիդելի հետ բացել է Մերձավոր Արևելքում առաջին ռենտգենյան կաբինետը և կատարել ընդերադիտական հետազոտություններ: Այս հիվանդանոցում հետազոտություններ են անցել Հալեպով այդ տարիներին անցած հայտնի մարդիկ, ինչպես՝ գրող Ագաթա Քրիստին իր հնագետ ամուսնու հետ, իսկ  բրիտանացի հնեաբան, զինվորական և գրող  Թոմաս Էդվարդ Լոուրենսը՝ Լոուրենս Արաբացին, այստեղ բուժվել է տուբերկլյոզից: Վերջինս եղել է Ալթունյան ընտանիքի սերտ ընկերներից մեկը:  

 

Արամ-Ասատուր Ալթունյանը 1911 թվականին հիմնադրել է Ալթունյանի հիվանդանոցը (գործել է մինչև 1962 թվականը): 1927 թվականին բացել է բուժքույրերի դպրոց: Մեծ վաստակ ունի Սիրիայի, հատկապես Հալեպի առողջապահության զարգացման գործում:

 


Հիվանդանոցը, 1927 թ.

 


Խմբանկար՝ բուժքույրերի դպրոցից

 

Անձնական միջոցներով Հալեպում բացել է առաջին հայկական դպրոցը՝ հանրահայտ Հայկական վարժարանը: Կրել է «Հալեպի բժիշկների հայր» պատվանունը: 1937 թվականից եղել է Հալեպի բժիշկների միության պատվո նախագահ:

 



Արամ-Ասատուր Ալթունյանը մահացել է 1950 թվականի հունվարի 4-ին: Թաղված է Հալեպի Հայ ավետարանական Էմանուել եկեղեցու բակում:

Ստացել է  Իտալական գահի ասպետ (1914), Սիրիական արքունյաց Բ (1931), Ա (1939) աստիճանի շքանշան, Նյու Յորքի վիրաբույժների միջազգային քոլեջի ոսկե մեդալ (1939), Սիրիական արքունյաց Ա աստիճանի շքանշան (1939), Սիրիական արքունյաց Գերագույն աստիճանի շքանշան (1950):


Լուսանկարում` նշանավոր բժշկի հիմնած հիվանդանոցը, 1920, դեկտեմբեր

 

Բժիկ է եղել նաև Ալթունյանի որդին՝ Էռնեստ-Հայկ Ալթունյանը: Նա նույնպես Եվրոպայում է կրթություն ստացել, որոշ ժամանակ աշխատել է Հալեպի իր հոր հիվանդանոցում, հետո փոխադրվել է արտասահման, աշխատել եւրոպական քաղաքներում, մահացել է 1962 թ.-ին՝ Մեծ Բրիտանիայում: 

 


Բժիշկ Էռնեստ Հայկ-Ալթունյանը

 

 


Բժիշկ Էռնեստ-Հայկ Ալթունյանը՝ իր դստեր հարսանիքին, 1954  թ. Հալեպ

 

Էռնեստ-Հայկ Ալթունյանի որդին՝ Ռոջեր Ալթունյանը, նույնպես ճանաչված բժիշկ է եղել:



Ռոջեր Ալթունյան (1922–1987)