image

Հույսի սպառումը

Հույսի սպառումը

Եվ այսպես, ինչպես սպասվում էր, մահացավ ցմահ ազատազրկյալ` վերջերս ազատ արձակված Սողոմոն Քոչարյանը։

 

Նրանք, որոնք ավելի մոտիկից ծանոթ են Սողոմոնին, գիտեն, որ նա իր իսկ կամքով սկսեր էր մահանալ իր դստեր մահից հետո։ Սողոմոնը մորից բացի բոլորի հետ իր կապերը խզել էր, ամբողջ օրն անցկացնում էր փակ աչքերով` անխոս պառկած իր անկողնում և սպասում, թե ե՞րբ է իր շփոթալի տանջանքը վերջ գտնելու։

 

Ընդհանրապես ընդունված է ուրիշների նկատմամբ վստահության առկայությունը հիմք համարել հույսի։ Նրանք, որոնք չեն վստահում և ոչ մեկին, չեն խոսում հույսի մասին։ Իսկ հույսի մասին չխոսել կամ չմտածելը նշանակում է չփորձել իմաստ տալ այլապես անըմբռնելի կյանքին։

 

Հանցագործության համար բազմիցս դատապարտվածների մոտ որպես կանոն նկատվում է ցինիզմ. ցինիզմը այլոց ու սեփական անձից բացի ամեն ինչի հանդեպ կասկածող ու բացասական դիրքորոշումն է։ Մարդիկ չարամիտ են, եթե առիթ տաս, անպայման կշահագործեն քեզ, աշխարհն արդար չէ, ոչ ոք քո լավը չի ցանկանում, նրանք, որոնք հասնում են հաջողության անպայման այս կամ այն բարոյապես ոչ ընդունելի մեխանիզմներից են օգտվում… Ցինիզմը մարդկության և որևէ տիպի փոխհոգատարություն ենթադրող միջանձնային կամ այլ կապի հանդեպ անվստահությունն է։

 

Սողոմոնը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մահապատժի ենթարկվելուց հետո (այդպես է, քանի որ նրա նկատմամբ արձակված դատավճռով սահմանված պատիժը քաղաքական խորք ուներ), նույնիսկ կնոջ մահից հետո շարունակում էր հավատալ բարուն։ Ու դա այլ կերպ չէր էլ կարող լինել։ Սողոմոնը մասնակցել էր Արցախի ազատագրական պայքարին. բարին ժխտելը կնշանակեր իմաստազրկել հայրենասիրական պայքարին իր մասնակցությունը։

 

Ցինիզմն ու հայրենասիրությունը իրար հակասող երևույթներ են։

 

Հայրենասիրությունն ունի «սեր» արմատը, իսկ դա մի հասկացություն է, որը չի կարող դրսևորվել, եթե գոյություն չունի ապագայի հանդեպ հույսը, այս օրինակում՝ հայրենիքի ապագայի։ Եթե ինքդ քեզ համարում ես հայրենասեր, չես կարող բացառել հույսը։ Երբ մահամերձի ձեռքն ես բռնում և հոգատար սիրով փորձում թեթևացնել նրա տանջանքը, դու միաժամանակ զգում ես թե՛ քո անզորությունը, թե՛ քո ներսի հույսը։ Նման պահերի մասին մտածելիս՝ հասկանում ես, որ այդ հույսը ոչ այդքան մահամերձին է վերաբերում, ինչքան համայն մարդկությանը։ Սողոմոնի ազատման համար պայքարողները սա լա՛վ զգում էին։

 

Հայտնի է, որ հայրենասիրության զգացումին առհասարակ զուգորդված է լինում անզորությունը զգացումը։ Հավանաբար դա է պատճառը, որ հայրենասերները չեն պայքարում հանուն սեփական բարօրության, այլ այլոց՝ հայրենակիցների և բոլորի բարօրության և իրավունքերի համար, մի խոսքով՝ հույսի պահպանման ու դրա միջոցով փոխվստահության վերականգնման համար։ Իսկ փոխվստահությունը ներազգային ամենակարևոր շաղախն է։

 

Իր դստեր մահից հետո Սողոմոնն ուներ երկու ճանապարհ՝ բացասականացում կամ մահ։ Եթե նա լցվեր վրեժով, անգթությամբ, չարամտությամբ և ատելությամբ, հավանաբար կարողանար ավելի երկար ապրել։ Բայց այդ ապրողը Սողոմոնը՛ չէր լինի։ Իսկ մահ՝ սեփական կամքով մահ, դա հայերիս համար անըմբռնելի է։ Մենք ճապոնացի չենք, և մեր անզորությունը չենք ընկալում որպես սեփական ձախողանք կամ արատ։ Յուրաքանչյուր հայի անզորությունը մենք տվյալ անձի հանդեպ ամբողջ ազգի վերաբերմունքին ենք վերագրում. Սողոմոնն իր շուրջը չէր զգում այն մարդկանց, որոնք ժամանակին իր հետ դրախտ-հայրենիքի երազով մասնակցել էին Ազատամարտին և որոնք պիտի հոգատար լինեին իր նկատմամբ, հոգատար վերաբերմունքով շունչ տային իրեն, նվազեցնեին իր անզորության զգացումը։

 

Սողոմոնը ոչ թե կորցրել էր հույսը, այլ սպառել էր այն. դա հույսի ժխտո՛ւմ չէր, այլ հուզական սպառվածություն։ Անզորությունը ոչ մեկ քայլ կատարելու ունակ չլինելն է, և դա այդքան խորն է ապրվում ցմահականի կողմից, որ վերջինիս համար ներգործական լինելն ու միջավայրի վրա դրական ազդեցություն ունենալը ոչ միայն անհնարին, այլև անիմաստ են դառնում։ Անիմաստ, քանի որ միջավայրը, Սողոմոնի պարգայում՝ հայրենիքը, անճանաչելի էր դարձել. Սողոմոնի հայրենիքը դադարել էր գոյություն ունենալուց, քանի որ ինչպե՞ս կարող էր այդ հայրենիքում ազատամարտիկի դուստրը ինքնասպան լինել։ Չէր կարող։ Հետևաբար, հույսը ինչի՞ն վերաբերեր. մի հայրենիքի, որ գոյություն չունե՞ր, թե՞ մի հայրենիքի, որը ցմահականը որպես իրականություն ըմբռնել չէր կարող՝ օրենքի կարգադրությամբ դրանից օտարված լինելով։

 

Գլխավոր պատժողը և գլխավոր հոգատարը պետությունն է։

 

Դատաիրավական համակարգի դերը պատժելն է։ Դրանից չենք կարող օրինախախտի հանդեպ հոգատարություն ակնկալել, քանի որ իրավունքի վերականգնումը որպես հասկացություն ինքնին տուժողի և հավաքականության նկատմամբ հոգատարություն է։ Քանի որ իրավական համակարգը օրենսդիր և գործադիր համակարգերից անկախ է, դատապարտյալները, ընկնելով դատաիրավական համակարգի տիրույթ, կորցնում են հոգատարություն վայելելու իրավունքը. իսկ հոգատարություն ցուցաբերելը, որպես գործառույթի, կարծես թե հստակ չէ, թե պետական ո՞ր գերատեսչության պատասխանատվություններին է մաս կազմում։ Մինչդեռ դատապարտյալի հանդեպ հոգատարությունը, մաս կազմելով պատժի կիրառումին, վերջինիս համար պատասխանատու համակարգին պիտի որ պատկանի, այսինքն՝ գործադիր համակարգին։

 

Պատժի իրականացումը, որն այժմ «ուղղում» է կոչվում, ինքնին հոգատարության միջոց է։ Այս ուղղումը նման է այն պատժին, որ ծնողը սահմանում է զավակի համար, որ նա ավելի լավը դառնա։ Ոչ մի ծնող պատժելու անվան տակ իր զավակին չի ոչնչացնում։

 

Երբ պատիժի նպատակը ավելի լավը դարձնելը չէ, նշանակում է, որ խոսքը ոչ թե ուղղման մասին է, այլ սոցիալական վերահսկման։

 

Իսկ երբ պատիժը դառնում է ոչնչացնող երևույթ, արդեն մահապատիժ է ազատազրկման ճամփով՝ ավելի դաժան պատիժ, քան մահապատժի անմիջական ի կատար ածվելը։

 

Սողոմոն Քոչարյանի նկատմամբ 1995-ից մինչև 2015 թիվը իրականացվեց մահապատիժ։

 

Երբ մարդկանց արգելում ենք իմաստավորել կամ վերաիմաստավորել իրենց կյանքը, նրանք կամ բացասական են դառնում, կամ սպառվում ու մահանում՝ թեկուզ ոչ ֆիզիկապես։ Սա հավասարապես վերաբերում է ազատազրկվածներին և ազատության մեջ գտնվողներին։

 

Սողոմոն Քոչարյանը ընտանիքի հայր էր, ազատամարտիկ էր, որը հանգամանքների բերումով դատապարտվել էր մեկ անձի սպանության համար։ Հայտնվել էր անազատության մեջ, տարիների ընթացքում կորցրել կնոջը, կորցրել դստերը, կորել էին ընկերները, բայց չէր սպառվել նրա հույսը (ապացույց՝ փախուստի դիմելու իր երկու անհաջող փորձերը)։ Հակառակ ամեն ինչի, նա չտրվեց բացասականանալու ճանապարհին։ Նա ընտրել էր հայրենիքի հանդեպ հույսի ճանապարհը։

 

Պետք է ամեն գնով և առանց բացասականանալու պահպանենք ավելի լավ հայրենիքի հույսը. սա է Սողոմոնի կյանքի ու նրա վախճանի իմաստը։ Դժվար է, որովհետև դրա նախապայմանը փոխադարձ վստահությունն է, և մահացու կարող է լինել, որովհետև վստահվածները կարող են լքել որևէ պահի, իսկ դու չբացասականանալով` կարող ես սպառվել ու մեռնել։ Բայց դա է գինը հույսի։

 

Լավն այն է, որ Սողոմոնն այսօր դրախտում է, այսինքն այն հայրենիքում, որի համար նա արյուն է թափել և որտեղ ոչ կին է կորցրել, ոչ դուստր, ոչ էլ զգում, որ ընկերներն իրեն ու ազգին լքել են։

 

Արսեն  Արծրունի

«ՀԵՏՔ»