image

Dilijan Art Initiative նախագիծը Դիլիջանը կդարձնի 21-րդ դարի Ալեքսանդրիա

Dilijan Art Initiative նախագիծը Դիլիջանը կդարձնի 21-րդ դարի Ալեքսանդրիա

2016-ին մեկնարկող Dilijan Art initiative նախագիծը մշակվել է որպես Դիլիջան քաղաքի մշակութային զարգացման նոր փուլի հիմք: Նախագծի նպատակը Դիլիջանը համաշխարհային մակարդակի մշակութային կենտրոն դարձնելն է, տարբեր երկրներից գիտնականների եւ հասարակական գործիչների միջեւ երկխոսության եւ արվեստի միջոցով միջազգային փոխըմբռնմանը նպաստելը:
Առավելապես կենտրոնացած լինելով ժամանակակից արվեստի վրա՝ նախագիծը նաեւ ավելի գլոբալ նպատակներ է հետապնդում, այն է՝ փոխել մարդկանց կյանքը դեպի դրականը եւ ընդլայնել Հայաստանի ու հայերի մասին աշխարհի պատկերացումները: 
Dilijan Art initiative-ի գործունեությունը չորս հիմնական ծրագրեր է ներառելու:
Նախագծի առանցքը կդառնա նոր տիպի մշակութային հաստատությունը՝ Դիլիջանի գրադարանը, որտեղ կանցկացվեն ցուցահանդեսներ ու կներկայացվեն կրթական ծրագրեր: 21-րդ դարի գրադարան ստեղծելու գաղափարի հեղինակները ոգեշնչվել են անցյալի հայտնի գրքերի հավաքածուների օրինակներով: Գրադարանը կլինի ստեղծագործությունների, գիտական հետազոտությունների քննարկման ու գաղափարների փոխանակման հարթակ, ինչպես նաեւ միջազգային առաջադեմ փորձի ներմուծման վայր:
Dilijan Art initiative-ը կստեղծի նաեւ փոխգործակցության սեփական հարթակը՝ Դիլիջանյան կոնվիվիումը. երկու տարին մեկ կանցկացվի արվեստագետների, նորարարների ու սոցիալական ձեռներեցների գագաթնաժողով: Կոնվիվիումի հիմնական գաղափարը Արեւելքի եւ Արեւմուտքի միջմշակութային երկխոսությանն աջակցել է: 
Dilijan Art initiative-ի մյուս՝ Դիլիջանյան այգու ստեղծման ծրագիրն անմիջականորեն կապված է Գրադարանի ու Կոնվիվիումի հետ: Նպատակը քաղաքի՝ իբրեւ կենդանի շփման միջավայրի դերի, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի կարեւորության ընդգծումն է: Դիլիջանյան այգին՝ ջերմոցով, բուսաբանական ու թվային այգով, էքսպոզիցիոն միջավայրով եւ կոնֆերանսների ու ֆորումների սրահներով կդառնա միաժամանակ ե՛ւ հետաքրքիր հանդիպումների, ե՛ւ ներքին կենտրոնացմանը նպաստող անկյուն: 
Եվ վերջապես, Dilijan Art initiative-ի չորրորդ բաղադրիչը կդառնա Մշակութային առողջարանային (սպա) կենտրոնը, որի հայեցակարգը հիմնված է Դիլիջանի՝ որպես ստեղծագործական վերնախավի հանգստի ու առողջության վերականգնման վայրի պատմական ժառանգության վրա: Առողջարանային կենտրոնը կծառայի որպես գեղարվեստական ու հետազոտական մշտական նախագիծ, ինչպես նաեւ կդառնա բուժման, հոգեկան ու ստեղծագործական ուժերի վերականգնման վայր: 
Վերոնշյալ ծրագրերը կօգնեն Dilijan Art initiative-ին դառնալ համաշխարհային նշանակության մշակութային եզակի նախագիծ, որի ակունք է առնում Հայաստանից՝ մեկտեղելով երկրի, Կովկասյան տարածաշրջանի ու հետխորհրդային տարածքի լավագույն ավանդույթները: Նախագիծը Դիլիջանը կդարձնի 21-րդ դարի Ալեքսանդրիա. այստեղ կգան նշանավոր գիտնականներ, նկարիչներ, գրողներ, ստեղծագործողներ, հետազոտողներ ու ուսանողներ:
Dilijan Art Initiative-ի հիմքում այն վստահությունն է , որ մշակույթն օժտված է եզակի կապող ուժով՝ միավորելով մշակույթները, գիտությունն ու սերունդներին, հաղթահարելով տարածության ու ժամանակի արգելքները: Մշակույթը հանդես է գալիս որպես ունիվերսալ հակաթույն՝ ընդդեմ սահմանափակ գաղափարների, որոնք հանուն փոքրամասնությունների շահերի բաժանում են մեծամասնությանը: Dilijan Art initiative-ը արժանին է մատուցում հայ նշանավոր մտածողներին՝ Մեսրոպ Մաշտոցին, Գրիգոր Նարեկացուն եւ Գրիգոր Տաթեւացուն, որոնք գիտեին ու ճանաչում էին այն, ինչը միավորում է բոլորին ու ենթակա չէ ժամանակին:

 Dilijan Art Initiative նախագիծը 2015 թվականին հովանավորել է Վենետիկի բիենալեի «Հայություն» (Armenity) հայկական ազգային տաղավարը, որն արժանացել էր բիենալեի գլխավոր՝ «Ոսկե առյուծ» մրցանակին, ինչպես նաեւ եղել է Ստամբուլի 14-րդ բիենալեում Հայկական ծրագրի (ծրագրի մասին հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ) հիմնական հովանավորը:

 Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ ստեղծվել է Ֆրանսիս Ալիսի «Անիի լռությունը» ֆիլմը:

 

 

www.idea.am