image
Հրատապ լուրեր:

Տաղանդավոր քանդակագործ Գագոյի ստեղծագործությունը Հռոմի Պապն իր հետ Վատիկան կտանի. լուսանկարներ

Տաղանդավոր քանդակագործ Գագոյի ստեղծագործությունը Հռոմի Պապն իր հետ Վատիկան կտանի. լուսանկարներ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երեկ Գյումրիում նվեր է ստացել տաղանդավոր քանդակագործ Գագոյի (Գագիկ Գևորգյանի) «Որբերը» անվանված  արվեստի գործը:  Ինչպես «Արևելքին» հայտնում են արձանը Հռոմի Պապին նվիրող Գյումրու Անարատ Հղության քույրերի միաբանությունից, Հռոմի Պապին հուզել է քանդակագործի՝ արձանի հիմքում դրած գաղափարը:

Քանդակագործ Գագոն «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ ստեղծագործության մեջ արտահայտված  որբության գաղափարի հետևում թաքնված է պայքարելու և ապրելու մեծ ուժ, որ երկու որբերը՝ քույր և եղբայր կրում են իրենց ներսում և սատար են կանգնում միմյանց՝  որբության խեղճությունից դուրս գալու, հաղթելու և ապրելու համար:  

«Երկու որբերի համար այնպիսի տարիք եմ ընտրել, որպեսզի նրանք փոքր չլինեն և հիշեն իրենց որբությունը, ինչը հետագայում նրանց հնարավորություն կտա պայքարելու և կյանքում իրենց տեղը գտնելու: Եղբոր հայացքում վրեժի և զրկվածության զգացում կա, սակայն նա քրոջ կողքին է, որին օգնում է միասին ապրելու»,-մեզ հետ զրույցում ասաց Գագոն: Բազմաթիվ քանդակների հեղինակ Գագոն վստահ է, որ ստեղծագործությունը գտել է իր տիրոջը՝ Հռոմի Պապին, որ միշտ որբերի և լքվածների կողքին է: 

 


Տաղանդավար հայ քանդակագործ Գագոյի գործերը գտնվում են տարբեր երկրների մի շարք պատկերասրահներում և նշանավոր մարդկանց հավաքածուներում: Քանդակագործը երկար տարիներ Լիբանանում ստեղծագործելուց հետո վերադարձել է Հայաստան: Վերջերս Երևանում բացվեց Գագոյի «Հոգի և մարմին» խորագրով ցուցահանդեսը, ուր նա ներկայացրեց իր բրոնզյա աշխատանքները՝ երկար տարիների լռությունից հետո հիացմունք պատճառելով արվեստասերներին:  

 

 

 

Գագոյի գործերից