image
Հրատապ լուրեր:

Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող. Ռոբերտ Քոչարյան

Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող. Ռոբերտ Քոչարյան

Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նշենք, որ այս հանդիպումը եղել է ապրիլի 21-ին:

Նրա խոսքով, իրականում առաջին հերթին սահմանները պետք է պաշտպանի քո բանակը, քո զինված ուժերը,  ընդհանրապես, քո անվտանգության համակարգը:

«Հիմա իշխանությունները խոսում են այն մասին, որ ՌԴ-ն ունի պարտավորություն երկկողմ պայմանագրով որպես մեր  ռազմաքաղաքական դաշնակից, պաշտպանել մեզ: Այո, ունի, բայց ի՞նչ է նշանակում ռազմաքաղաքական դաշնակից: Դա  նշանակում է, որ դու ունես բանակ, ինքն ունի բանակ, դուք ունեք պայմանագիր, ստեղծում եք  ռազմական դաշինք, որին մասնակցում ես դու քո բանակով, Ռուսաստանն իր բանակով: ՀԱՊԿ-ի շրջանակում բոլոր անդամ երկրները մասնակցում են այդ դաշինքին ամեն մեկն իր բանակով: Եթե Հայաստանում մտածեն, որ կարող են լուծարել բանակը, 5 տարին մեկ 3 ամիս, ինչ-որ անհասկանալի հավաքներով բանակ ունենալ, չես կարող: Օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների մոտ պարտադիր նորմ է ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսել պաշտպանության հարցերի վրա: Ռազմաքաղաքական դաշինքը հենց սա է:

Եթե քո բանակը մարտունակ չի, եթե քո բանակի վիճակն այն է, ինչ այսօր ունենք, սա նշանակում է, որ մենք պետք է ասենք՝ մենք ի վիճակի չենք մեզ պահել, Ռուսաստանը պետք է պահի: Ուրեմն դու փոխիր քո կարգավիճակը, ասա՝ ես պրոտեկտորատ եմ խնդրում, այլ պայմանագիր ստորագրիր, ասա՝ բանակի կարիք չունեմ, կամ այդպիսի վտանգ չկա, կամ  ուժս չի պատում, արի ինձ պաշտպանի»,-հայտարարեց Քոչարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մենք չափազանց արագ տեմպերով պետք է վերականգնենք մեր հնարավորությունները, մեր բանակը. «Հակառակ դեպքում այդ ռազմաքաղաքական դաշինքը իմաստազուրկ է: Որովհետեւ մի կողմի բավարար չափով ներդրում չի անում այդ դաշինքին մասնակցելու համար: Անցել է 6 ամիս, դուք որեւէ քննարկում ԱԺ-ում լսե՞լ եք մեր անվտանգության հարցերի շուրջ: Որեւէ կառավարության որոշում տեսե՞լ եք, որ կվերաբերի մեր զինված ուժերին:

Խոսում են ինչ-որ անհասկանալի ռեֆորմների մասին»:

Քոչարյանը հիշեցրեց, որ 2020-ի գարնանը թե ամռանը ընդունվել է երկրի անվտանգության հայեցակարգը, որտեղ Արցախի Հանրապետություն բառը չկա. «Մի քանի ամիս հետո եղավ այս պատերազմը, որեւէ փոփոխություն այդ փաստաթղթի մեջ չի մտցվել: Այսօր անվտանգության հարցերում ոչինչ չի արվում:

Այո, ունենք Ռուսաստան, որը պարտավորություն ունի պայմանագրով, բայց եթե մենք մեր մասը պարտավորությունները չենք կատարում, ապա մեծ հարց է, թե մեր անվտանգությունը երաշխավորված է, թե ոչ: Դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահն այսպիսի հայտարարություններ է անում, որովհետեւ տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում, տեսնում էմեր վիճակը եւ ինչ ուզում ասում է, ոնց ուզում ոտնահարում է մեր արժանապատվությունը»: