image
Հրատապ լուրեր:

«Հոշոտված Հայաստան» գիրքն առաջին անգամ կվերահրատարակվի ծանոթագրություններով

«Հոշոտված Հայաստան» գիրքն առաջին անգամ կվերահրատարակվի ծանոթագրություններով

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝  Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքն առաջին անգամ վերահրատարակելու ծանոթագրություններով, տեղեկանում ենք թանգարան-ինստիտուտից:  Հայերեն եւ անգլերեն այս եզակի հրատարակությունը կլինի Թանգարան-ինստիտուտի կարեւորագույն նախագծերից մեկի՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշարի» խորհրդանշական մեկնարկը:


Գիրքը վերահրատարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչական նոր՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշար» նախագծով, որի շրջանակում լույս կտեսնեն Ցեղասպանությունը վերապրածների անտիպ հուշերը:

«Հոշոտված Հայաստան» գիրքը կվերահրատարակվի անգլերեն եւ հայերեն՝ 20 էջ ծանոթագրություններով: Անգլերենը լույս կտեսնի 2.000 օրինակով, իսկ հայերենը՝ 1.000:

«Ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի է անցել, եւ շատ եզրույթներ ու աշխարհագրական տեղանուններ ծանոթ չեն այսօրվա ընթերցողին, ուստի այս գրքի՝ ծանոթագրություններով հրատարակումը, անհրաժեշտություն էր: Իսկ «Ավրորայի» հետ համագործակցությունն այս համատեքստում, ինչ խոսք, շատ խորհրդանշական է: Ե՛վ Թանգարան-ինստիտուտի, ե՛ւ նախաձեռնության նպատակն ընդհանուր է՝ բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին հանրային իրազեկվածությունը, պայքարել ու կանխարգելել այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները եւ օգնության ձեռք մեկնել նման ողբերգությունների միջով անցնող ժողովուրդներին»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:



Լուսանկարում՝ Ավրորա Մարդիգանյանն իր՝ «Հոշոտված Հայաստան» գրքի շապիկին, որը գրվել է 1918 թվականին: