image
Հրատապ լուրեր:

Հայաստանի Ազգային գրադարանը նոր տնօրեն ունի

Հայաստանի Ազգային գրադարանը նոր տնօրեն ունի

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար երկրորդ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում, «Արեւելքի» տեղեկություններով, հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի տնօրեն, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ, Հայաստանում համալսարանական գրադարանային աշխատանքների կազմակերպման մասնագետ, գրադարանային գործի կազմակերպիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Չուլյանը:

Նա վերջին տասնամյակում ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում թվային գրադարանների ստեղծման և հանրահռչակման շարժմանը` լինելով հայկական թվային գրադարան ստեղծելու գաղափարի ակունքում: Ավելի վաղ, մի առիթով «Արեւելքին» տված հարցազրույցում Աննա Չուլյանն ասել էր. 

«Ազգային գրադարանի  գործառույթներն ամրագրված են  ՀՀ գրադարանների և գրադարանային գործի մասին օրենքով, որտեղ հստակ գրած է, որ Ազգային գրադարանը հավաքագրում, դասակարգում, քարտագրում, արխիվացնում, սպասարկում  և հանրահռչակում է մշակութային արժեքները: Ազգային գրադարանը շատ ավելի լուրջ կառույց է, և վերաբերմունքը շատ ավելի լուրջ պետք է լինի: Մեր ռազմավարական խնդիրներից մեկն է, թե ո՞ր տեսանկյունից, ո՞ր դիտանկյունից ենք մենք նայում Ազգային գրադարանին, որպես ի՞նչ ենք մենք այն դիտարկում, ի՞նչ կառույց է, գիտակցո՞ւմ ենք նրա առաքելությունը, գիտելիքահենք հասարակության կողմից ազգային գրադարաններին առաջադրված մարտահրավերները և ըստ այդմ անվտանգության ի՞նչ նորմեր և ի՞նչ քայլեր ենք անում ռազմավարական այդ կառույցի անվտանգությունն ապահովելու համար»: 

Մինչ այս ընտրությունը Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար էր աշխատում գրող, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հրաչյա Սարիբեկյանը:
 
ԿԳՄՍ Նախարարությունից հայտնեցին, որ առաջիկա աշխատանքային  օրերին կլինի նախարարի համապատասխան հրամանը՝ նոր տնօրենի նշանակման վերաբերյալ, որով կհաստատվի մրցութային հանձնաժողովի որոշումը: 

Նշենք, որ Աննա Չուլյանը 1919 -ին հիմնված Ազգային գրադարանի երկրորդ կին տնօրենն է. գրադարանն իր պատմության ընթացքում ևս մեկ կին տնօրեն է ունեցել՝ Աղավնի Ստեփանյանը: 
Հայաստանի ազգային գրադարանը հայերեն գրականության` աշխարհի ամենախոշոր պահոցն է աշխարհում։