image
Հրատապ լուրեր:

Հուսիկ Արան՝ Հայկ Նագգաշյանի անվան մրցանակի հաղթող

Հուսիկ Արան՝ Հայկ Նագգաշյանի անվան մրցանակի հաղթող

Սփյուռքահայ արձակագիր, հասարակական գործիչ Հայկ Նագգաշյանի անվան ամենամյա գրական մրցանակի հաղթողն այս տարի Ֆելիքս Եղիազարյանն է: Բանաստեղծ-լրագրողը գրական շրջանակում հայտնի է Հուսիկ Արա անվամբ: Առաջին տեղը գրողը զբաղեցրեց իր «Եվ սերը ասաց» բանաստեղծական գրքով:

 Երեւանում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ներկա «Արեւելքի» թղթակիցը տեղեկացնում է, որ գրական մրցույթը, որը հիմնադրել է  Հայկ Նագգաշյանի ընտանիքը, անց է կացվում արդեն 2-րդ տարին և, ինչպես տեղեկացանք, շարունակական է լինելու:  Գրողի այրին՝ Սոսի Նագգաշյանը, ողջույնի իր խոսքում շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, նշեց. «Դուք հայ գրականության մեջ Ձեր ներդումը կատարեցիք՝ այն ճոխացնելով: Տվեցիք Ձեր սրտից ու հոգուց: Մաղթում եմ բեղուն գրիչ, անսպառ ուժ և կարողություն՝ նորանոր հատորներ հրատարակելու համար: Շնորհակալություն եմ հայտնում գնահատիչ մարմնի անդամներին ևս, որ սիրով իրենց ժամանակն են տրամադրել ընթերցելու և արժևորելու մասնակից հեղինակների գրքերը»:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը, որ մրցույթային մարմնի անդամ է, հույս հայտնեց, որ մրցույթի շնորհիվ գրողները կքաջալերվեն և երիտասարդները կհամալրեն մեծերի շարքերը: «Բոլոր գործերն էլ արժեքավոր են և դժվար էր ընտրություն կատարելը: Մաղթում եմ, որ կյանքում մրցակցությունները լինեն միայն այսպիսին՝ գրական, գրքի, մտքի մրցակցություն,  Հոգու արտահայտության կամ ինքնարտահայտության մրցակցություն»,- հավելեց Բագրատ Սրբազանը:

Մրցույթն առաջին տարին միջազգային մասշտաբներով էր. մասնակիցների թվում կային նաև արտասահմանցի հեղինակներ: Իսկ հաղթող էր ճանաչվել երիտասարդ բանաստեղծուհի Անի Ամսեյանը:

«Մրցանակի արժանացած բանաստեղծությունների ժողովածուն իմ առաջին գիրքն էր: Պատահական իմացա մրցույթի մասին և լսելով սրտիս կանչին, դիմեցի: Իհարկե, մրցանակի համար չենք ստեղծագործում, բայց երբ արժևորվում է աշխատանքը, բոլորս էլ շոյվում, ուրախանում ենք դրանից: Ուրախ եմ, որ հնարավորություն ստացա ծանոթանալ Նագաշյան ընտանիքի գործունեությանը»,- ասաց Անի Ամսեյանը:

Այս տարի մասնակից գրողներն ավելի քիչ էին և միայն՝ Հայաստանից: Յոթ հեղինակ ներկայացրել էին իրենց՝ ամենատարբեր ժանրերի ստեղծագործությունները՝ բանաստեղծությունների, պատմվածքների ժողովածուներից մինչև վեպեր:

«Յուրաքանչյուր գրական մրցույթ մի դաշտ է, որտեղ տարբեր ստեղծագործողներ փորձում են ներկայացնել իրենց մտքերը: Հայկ Նագաշյանի անվան մրցանակն ակնհայտորեն ձգողական ուժ ունի և մասնակիցներն այստեղ գալիս են ոչ գումարի համար: Երբեմն կատակով ասում են, որ մրցանակներն ավելի շատ են, քան գրողները, սակայն ես այդպես չեմ կարծում: Յուրաքանչյուր մրցանակ հնարավորություն է հեղինակի և ընթերցողի համար՝ ծանոթանալու միմյանց»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

 

 


 

 

Նագգաշյանները սերում են Սեբաստիայից. «Մենք պատկանում ենք նախշ անողների ընտանիքին, այդ պատճառով էլ կոչվեցինք Նագգաշյան: Հայրս և Հայկ Նագգաշյանը երկու եղբայրների որդիներ են: Մեր ընտանիքը ունի երեք հիմնական մասնագիտություն՝ գորգագործություն-նկարչություն, ուսուցչություն և երրորդը՝ գրող-բանաստեղծներ: Հայկ Նագշյանի  հայրը՝ Վահան Նագշյանը, Լիբանանում հիմնել է հայկական առաջին վարժարանը՝ փայտյա խարխուլ սենյակի մեջ, սակայն՝ հայի և Նագաշյանի ոգիով: Այսպիսին ենք հայերս. որտեղ գնում ենք, դպրոց ենք հիմնում, միություն ենք ստեղծում: Շատ ուրախ եմ, որ այս մրցանակը հիմնվեց, Հայկ Նագաշյանը որպես գրող և ազգային գործիչ, արժանի է, որ իր անունը հավերժ հնչի»,- ասաց սաղիմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը:  

 

Գրական մրցանակի այս տարվա յոթ հավակնորդներն ու նրանց գործերն էին.

Անուշ Ասլիբեկյան -«Թռիչք քաղաքի վրայով», Հերմինե Ավագյան -«Պատերազմ, աչքեր, ծաղիկներ», Արտյոմ Գրիգորյան -Գնացք դեպի Արևմուտք», Հովհաննես Երանյան – «Մահացու հյուրախաղեր», Հուսիկ Արա – «Եվ սերը ասաց», Լևոն Շահնուր – «Ցավեր բռնողը», Նորայր Սարգսյան – «Չինական պատ»:

Մրցանակի հավակնորդ գրողներից մի քանիսը ներկայացրին իրենց ստեղծագործությունները: Արտյոմ Գրիգորյանի գիրքն, օրինակ, միստիկ-թրիլլեր ժանրում է: «Գնացք դեպի Արևմուտք»-ը գրողի 2-րդ գիրքն է: «Միշտ մտածել եմ, որ գրողի համար հեշտ է իր գործը ներկայացնելը, բայց հիմա հասկանում եմ, որ շատ բարդ գործ է: Գրքիս աշխատանքները սկսել եմ դեռևս 2008-2009 թթ-ին և առաջին տառից մինչև վերջին վերջակետը հավատարիմ մնացի ընտրածս ժանրին: Ունեմ հստակ երեք գիծ՝ կլանիչ մեկնարկ, դինամիկ սյուժե և անսպասելի վերջաբան»,-ասաց գրողը: 

Հովհաննես Երանյանի ստեղծագործությունը պատմում է մի թատերախմբի մասին, որը մեկնում է հյուրախաղերի ու պատահաբար հայտնվում պատերազմի դաշտում և հենց այդ մեկ իրադարձությամբ էլ փոխվում է բոլորի կյանքը՝ կա՛մ հաղթում են կա՛մ՝ պարտվում:

Լևոն Շահնուրի «Ցավեր բռնող» պատմվածքների ժողովածունն էլ ներառում է 14 ստեղծագործություն, գրողն այն հեղինակել է շուրջ երկու տարվա ընթացքում...

 

                                                                    Իրինա Հախունց