image

Հայաստանում է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Հայաստանում է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: 

 

 

Ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահն այցելել է  մի շարք տեսարժան վայրեր եւ մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան: Նախատեսված է այց՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայաստանի ազգային պատկերասրահ եւ պատմության թանգարան: Հյուրը կծանոթանա մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը։ Կքննարկվի նաեւ հանրահայտ Ալ-Սաբահ հավաքածուի նմուշները Երեւանում ցուցադրելու հնարավորությունը։

Ալ-Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական եւ մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ: Հավաքածուի ավելի քան 30 հազար նմուշները ներկայացնում են տարբեր երկրների մշակույթն ու արվեստը եւ աշխարհագրական ու ժամանակագրական տարբեր շրջանների են պատկանում։

Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համալսարաններում ու մշակութային ինստիտուտներում պարբերաբար հանդես է գալիս դասախոսություններով՝ նվիրված իսլամական մշակույթին եւ արվեստին: Նա ակտիվորեն ներգրավված է ճարտարապետական կոթողների պահպանության գործում, մասնավորապես, աշխատանքներ է իրականացնում Բահրեյնի, Սիրիայի եւ Եգիպտոսի պատմական շինությունները պահպանելու եւ վերականգնելու ուղղությամբ: