image
Հրատապ լուրեր:

«Հմայիչ Հայաստանը՝ Բիքֆայայում». Ամին Ժմայելին հյուրասիրել են հայկական կոնյակ ու չիր

«Հմայիչ Հայաստանը՝ Բիքֆայայում». Ամին Ժմայելին հյուրասիրել են հայկական կոնյակ ու չիր

Երեկ Լիբանանի հանրապետության Բիքֆայա քաղաքի Հանրային այգում բացվեց դեղձի միջազգային երկօրյա փառատոնը, որին մասնակցեց նաև Հայաստանը՝ ներկայացնելով ազգային ավանդույթներ:  Բիքֆայայի քաղաքապետարանը Հայաստանի մասնակցությունը խորագրած էր «Հմայիչ Հայաստանը Լիբանանում»:  Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանի Բիքֆայա քաղաք է մեկնել  Բիքֆայայի քաղաքային խորհրդի անդամ Վահե Քալինջյանի հրավերով և հովանավորությամբ:  Պատվիրակության կազմում են «Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամը՝ հայկական գորգերի ու կարպետների ցուցադրությամբ ու վարպետության դասերով, «Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամը»՝  բնական բրդից պատրաստված գորգերի, կարպետների, ինչպես նաև այլ ձեռագործ իրերի ու խաղալիքների ցուցահանդեսով ու վարպետության դասով, «ԱրմՌութ» ապրանքանիշը՝ հայկական ճարտարապետության ու ուրարտական արվեստի թեմատիկայով պատրաստված արծաթյա զարդերի ցուցադրությամբ, «Արփի Ավդալյան» ապրանքանիշը ասեղնագործ պաննոների ու համանուն զարդերի ցուցադրությամբ, «Մուրադիան» ապրանքանիշը՝ հայկական ասեղնագործությունից ներշնչված զարդերի ու հագուստի ցուցադրությամբ, ինչպես նաև խմբին կուղեկցեն երաժիշտներ Արփինե Տոռոզյանը՝ դուդուկի ու Սուսաննա Մանասերյանը քանոնի երաժշտական կատարումների նվագակցությամբ: Տեղ է ունեցել նաև հայկական ազգային ուտեսների պատրաստման վարպետության դաս, ինչպես նաև հյուրասիրություն հայկական կոնյակով, քաղցրավենիքով ու չրերով...

Ցուցահանդեսին ներկա են եղել Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելը, Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին, Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը, Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը, այլ պաշտոնյաներ: 

Հայկական տաղավարը Բիքֆայայում գործելու է նաև այսօր: 

 

Բիքֆայայի դեղձի փառատոնը Լիբանանի ամառային փառատոներից մեկն է, որի ընթացքում գյուղաքաղաքի և մերձակայքի այգեգործները ցուցադրում և վաճառում են Բիքֆայայում աճող մանուշակագույն, կարմիր և վարդագույն մանր դեղձը, որն ունի յուրահատուկ համ: 

 

Փառատոնը երիտասարդ է, բայց  Բիքֆայայի դեղձի ակունքները հասնում են մինչեւ 1940-ականներ, երբ Բիքֆայայում բնակվող Ժեմայել ընտանիքը (հետագայում՝ Լիբանանի նախագահական ընտանիք) ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ապրող հայտնի գենետիկ Էռնեստ Բաբքոքից Լիբանան ներմուծեց Բաբքոք դեղձատեսակն ու բազմացրեց Բիքֆայայում:  Մինչ այդ՝ 1930-ականներին Բիքֆայան հայտնի էր ծաղկի  միջազգային փառատոնով, սակայն դեղձի ներմուծումից հետո գյուղաքաղաքը հռչակվեց իր դեղձով: 

Լիբանանի գողտրիկ այդ բնակավայրում՝ Բիքֆայայում են գտնվում նաև ՀայկականԴպրեվանքն ու հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը: 


 

Անուշ Թրվանց

 

Լուսանկարում՝ Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելի որդուն՝ քաղաքական գործիչ Սամի Ժմայելին հայկական կոնյակ են հյուրասիրում